Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշարձաններին վերաբերող նոր փաթեթ կներկայացվի հանրությանը, ապա՝ կառավարությանը

Օգոստոս 11,2014 16:53

Սեպտեմբերին հանրային քննարկման կդրվի ՀՀ մշակույթի նախարարության կողմից մշակված մի փաթեթ, որով մի շարք փոփոխություններ են նախատեսվում պատմամշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման մասին օրենքում: Այս մասին երեկ՝ օգոստոսի 10-ին, Ծաղկաձորի քաղաքային գրադարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Օրենսդրական փոփոխություններից բացի, նախատեսվում է նաև ընդլայնել Հայաստանի պատմամշակութային հուշարձանների ցանկը, այսինքն՝ եղածներին կավելացվեն վերջին տարիներին բացահայտված հուշարձանները. «Սեպտեմբերին կանցկացնենք հանրային լսումներ, որովհետև շատ կարևոր է, որ փոփոխությունների այս փաթեթում բացթողումներ չլինեն և հետագայում դրանց անդրադառնալու հարկ չլինի:

Մեր փաթեթն արդեն պատրաստ է, տարբեր իրավաբաններ ու հասարակական կազմակերպությունների անդամներ քննարկում են այն, և սեպտեմբերին մենք դա կդնենք հանրային քննարկման, որից հետո կտեսնենք՝ ինչ ծավալի աշխատանք կա անելու, իսկ հաջորդ քայլն արդեն կլինի այն կառավարություն ներկայացնելը»,- մանրամասնեց Հ. Պողոսյանը:

Տիկին Պողոսյանն ասում է, որ մշակույթի նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում հուշարձաններին, որոնց հարցն ամենից շատն է մտահոգում հասարակությանը, և, թերևս, ամենաքննարկվող ու քննադատվող հարցերից մեկն է. «Օրենսդրական փոփոխություններ ենք նախատեսում պատմամշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման մասին օրենքում, որովհետև այդտեղ չկան հուշարձաններին վերաբերող հիմնական հասկացությունները, չկան հուշարձանների հիմնական դասակարգումները՝ ըստ ժամանակաշրջանի, տեսակի և այլն: Իսկ դրանք խնդիրներ են, որովհետև երբ պետք է լինում անդրադառնալ չափորոշիչներին, չունենալով դասակարգումը՝ մենք չենք կարողանում չափորոշիչներ մշակել: Եվ մինչև հիմա ցանկերը, ըստ էության, կազմված են այն պատմական արժեքների ուսումնասիրության հիման վրա, որոնք որ գոյություն ունեն»,- ասում է մշակույթի նախարարը:

Նրա տեղեկացմամբ՝ հաջորդ փոփոխությունը վերաբերում է հուշարձանների օգտագործման, վերանորոգման ընթացակարգերին, մասնագետների հավատարմագրման գործընթացին, որովհետև, ինչպես նկատեց նախարարը, վերականգնող մասնագետները, ըստ էության, հավատարմագրման գործընթաց չեն անցնում, ինչը, նրա խոսքով, շատ լուրջ խնդիր է և պետք է այդ գործընթացի անցկացումն օրենքով սահմանել:

Նոր փաթեթում փոփոխություններ են նախատեսված նաև հուշարձանների տեղափոխման հետ կապված, օրինակ՝ թե ինչ պայմաններում և որ դեպքերում կարող է իրականացվել հուշարձանի տեղափոխություն:

Հ. Պողոսյանն ասում է, որ գործող օրենքով գրեթե կարգավորված չէ նաև պեղումների հարցը, օրինակ՝ թե ինչպես է տրվում թույլտվությունը, ում պետք է հանձնվեն գտածոները, ով է որոշում դրանց հետագա ճակատագիրը և այլն: Այս հարցերին ևս անդրադարձել են նոր մշակված փաթեթում:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031