Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի վերարտադրվելուն զուգահեռ. «Մեծ Ալիևը մինչև չմահացավ, փոքրին պաշտոն չտվեց»

Օգոստոս 11,2014 16:18

«Այս լարված պայմաններում գնալ, իբր թե սահմանադրական քննարկումներ անել, դա համարում եմ ծիծաղելի ու վտանգավոր, նույնիսկ հակապետական»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը քննադատեց Գագիկ Հարությունյանի՝ սահմանադրական բարեփոխումներին նվիրված մարզային այցելությունների անցկացումը ու շարունակեց. «Ուզում են իմիտացիա անել, թե մարզերում սահմանադրական քննարկումներ են ընթանում, և մենք գնում ենք Սահմանադրությունը, կառավարման համակարգը փոխելու ճանապարհով: Այս պարագայում ոչ միայն ընդդիմությունը պիտի քննադատի, այլև կոշտ դիմադրություն է պետք ցույց տալ գործող Սահմանադրությունը պաշտպանելու առումով»:

ԲՀԿ-ական պատգամավորը վրդովվեց. «Գագիկ Հարությունյանը ո՞ւմ հետ է մարզերում Սահմանադրություն քննարկում. այն տղաների, ովքեր սահմաններում զոհվո՞ւմ են, ովքեր սահմանին կանգնա՞ծ են, սոցիալական հոգսի տակ կքած այն գյուղացու՞, ով չգիտի՝ ինչպես աճեցնել, աճեցրածն ինչպես իրացնել: Պարզապես ծիծաղելի է»:

Այս առիթով պարոն Մարգարյանն իր ուսանողական տարիներից մի դրվագ հիշեց, երբ կոմունիստական կուսակցության պատմություն էին անցնում, դասախոսներից մեկը հարցրել է, թե ինչո՞վ եք առարկան պարապում ու երբ իմացել է «կարմիր գրքով» ասել է՝ «դա կոլխոզնիկների համար է գրված հո ձեզ համար չէ՞»:

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ Գագիկ Հարությունյանի՝ մարզային այցելությունների ժամանակ իր աչքի առաջ եկավ այն կոլխոզնիկը, որը երեկոյան գերանդին ուսին գալիս է տուն, դնում է դռանը, վերցնում է կուսակցական պատմության գիրքը և կարդում, քանի որ դա իր համար է գրված. «Այսօրվա սահմանադրական քննարկումները մեր մարզերում ինձ հիշեցնում են այն պատմությունը, որ գյուղացին եկավ, գերանդին դրեց ու սկսեց լսել Գագիկ Հարությունյանին ու մյուսներին»:

Այնուհետև ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարեց. «Մենք շատ կոշտ ենք դիմադրելու դրան: Իշխանության հետ համատեղ ստորագրել ենք հայտարարություն, որ մենք մեր սահմանային անվտանգության հարցում իրար կողքի ենք: Բայց ներքին համաձայնությունը կկայանա միայն այն դեպքում, երբ դադարեցնեն սահմանային փոփոխությունների շուրջ իրենց քննարկումները»:

Մեր հարցին՝ ի՞նչ է նշանակում կոշտ արձագանք, պարոն Մարգարյանը պատասխանեց. «Իրենք գնում են քննարկման, մենք էլ կգնանք քննարկման մարզերում, հետո ժողովրդին կհավաքենք, կասենք՝ ժողովուրդ արդյոք ձեզ պակասում է սահմանադրությո՞ւնը ձեր երեխաներին հաց տալու համար»:

Մեր դիտարկմանը, թե կհասցնե՞ն մարզային քննարկումներ կազմակերպել, քանի որ արդեն հոկտեմբերին հայեցակարգը ներկայացվելու է ՀՀ նախագահին և արդյոք սահմանադրական բարեփոխումներով Սերժ Սարգսյանի վերարտադրման խնդիրը չի լուծվում, պարոն Մարգարյանը պատասխանեց. «Անշուշտ սրանով վերարտադրման խնդիր է լուծվում: Սերժ Սարգսյանը գնացող նախագահ է, բոլորս դա գիտենք: Ալիևը ևս ինչ-որ խնդիր է փորձում լուծել, բայց Ադրբեջանը խանական երկիր է, մեզ մոտ այդպես չէ»:

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը որդի չունի, ի տարբերություն Ալիևի, որ իշխանություն փոխանցի, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Տղային ոչ ոք չի տալիս իշխանություն: Մեծ Ալիևը մինչև չմահացավ, փոքրին իշխանություն չտվեց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031