Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «Հայ զինվորը հօդս ցնդեցրեց Ադրբեջանի՝ անպարտելի բանակ ունենալու առասպելը»

Օգոստոս 11,2014 15:57

«Սահմանային միջադեպերն ունեն երեք հարթություն՝ ներադրբեջանական, հայ-ադրբեջանական եւ միջազգային»,- այսօր՝ օգոստոսի 11-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Անդրադառնալով ներադրբեջանական հարթությանը՝ նա նշեց, որ պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանի ներսում ծանր կացություն է տիրում, պետությունը վերածվել է բանտի եւ ցանկացած այլակարծություն կարող է լինել պատժելի՝ ամենածանր հոդվածներով.
«Ցանկացած խոսակցություն խաղաղության անհրաժեշտության մասին, կարող է գնահատվել որպես լրտեսություն հօգուտ Հայաստանի: Բազմաթիվ անվանի իրավապաշտպաններ, հասարակական գործիչներ ներկայումս գտնվում են բանտերում, եւ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հաշվվում է տասնյակներով: Այսպիսի պայմաններում, հաշվի առնելով էկզոտիկ մակարդակի կոռուպցիան, որը տիրում է Ադրբեջանում, բնականաբար, Ալիեւը պետք է պատասխանի հանրությանը, թե ո՞րն է դրա դրական կողմը»:

Պարոն Մեհրաբյանը, խոսելով հայ-ադրբեջանական հարթության մասին, նշեց, որ հաշվի առնելով Ուկրաինայում եւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցածը, Ադրբեջանը, ներկայանալով որպես պահանջատեր, փորձեց հիշեցնել աշխարհին, որ կա նաեւ ղարաբաղյան չլուծված հարց: Նա նկատեց, որ Ադրբեջանը, միլիարդավոր դոլարի զենքեր գնելով, ստեղծել էր մի առասպել, որ ունի անպարտելի բանակ եւ կարող է անել այն, ինչ ուզում է.

«Մենք տեսանք, որ այս միջադեպերի արդյունքում այդ առասպելն ուղղակի հօդս ցնդեց: Սա ուղղակի ավանտյուրա էր Ադրբեջանի կողմից, փառք ու պատիվ հայ զինվորին, որը փաստորեն հօդս ցնդեցրեց այդ մտահղացումները»:

Իսկ միջազգային հարթությունը, ըստ Ռուբեն Մեհրաբյանի, շատ ավելի բարդ է: Նա համարում է, որ իրավիճակի սրման մեջ շահագրգռված է Ռուսաստանը, եւ ադրբեջանցիները պարզապես հաշվարկել են, որ դա կլինի Մոսկվայի սրտով.

«Մենք տեսանք, որ սա փոխանցում էր Ադրբեջանից Ռուսաստանին, եւ Ռուսաստանը օգտվեց դրանից, ժամեր անց հայտարարվեց երկու նախագահների հանդիպման մասին: Սա Ռուսաստանի կողմից փորձ էր Արեւմուտքին ցույց տալու, թե կովկասյան անտառում, տերը մնում է արջը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031