Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Էրդողանը հայ լինելը վիրավորանք համարեց ու ներողություն խնդրեց

Օգոստոս 11,2014 15:52

Թուրքագետ Արտակ Շաքարյանի բնորոշմամբ, Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրված նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայերի համար «չարյաց փոքրագույնն է»:

Նրա խոսքով, Էրդողանի օգտին քվեարկած ընտրողների 52%-ը կողմ է հայ-թուրքական հարաբերությունները նույն մակարդակով շարունակելու քաղաքականությանը:

Թուրքագետը նաեւ ասաց, որ Թուրքիայում ապրող հայերն ու ազգային փոքրամասնության այլ խմբեր՝ ընտրողների 12%-ը, քվեարկել են ազգությամբ քուրդ Սելահադդին Դեմիրթաշիի օգտին, որը հայտարարել էր` կընդունի Հայոց ցեղասպանությունը. «Նրան ձայն է տվել 4 միլիոն մարդ, այսինքն՝ հենց այսքան մարդ Թուրքիայում դեմ չէ, որ վերանայվի հայկական հարցը»:

Մեզ հետ զրույցում թուրքագետն ասաց, որ Էրդողանը փոփոխություններ չի բերի հայ-թուրքական հարաբերություններում. «Ոչ առաջընթաց, ոչ էլ՝ հետընթաց: Ոնց եղել է, այնպես էլ կշարունակվի»:

Անդրադառնալով Էրդողանի՝ ավելի վաղ կատարած հայտարարությանը, թե հայ լինելը կեղտոտ բան է, թուրքագետը արտառոց ոչինչ չտեսավ, ասաց. «Դրանից հետո բացահայտ ներողություն է խնդրել ասածների համար»:

Մեր հարցին, ինչո՞ւ կատարեց մի հայտարարություն, որից հետո պետք է ներողություն խնդրեր, թուրքագետը դժվարացավ պատասխանել:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանին, թե հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե Էրդողանը հայ լիներ, պարոն Շաքարյանն ասաց. «Չեմ կարծում, որ Էրդողանը դա տեսած լինի, հաշվի առնի»:

Թուրքագետը նաեւ նկատեց, որ Էրդողանը լեգիտիմ նախագահ է՝ հաշվի առնելով, որ ի տարբերություն մարտին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների, նախագահական ընտրությունների ընթացքում ընտրակեղծիքների մասին տեղեկություն գրեթե չի եղել. «Բայց ներկայումս Էրդողանի համար ամենակարևոր ընտրությունը դեռ առջևում է: Նա պետք է հաղթանակ տանի գարնանը կայանալիք խորհրդարական ընտրություններում, որպեսզի կարողանա սահմանադրական այն փոփոխությունը մտցնել, որով երկրի ամենաուժեղ դեմքը կդառնա նախագահը: Այս հարցում պարտվելը կնշանակի, որ Էրդողանը զիջել է երկրի ուժեղագույն՝ վարչապետի պաշտոնը: էրդողանը ցանկանում է դառնալ տոտալիտար վերահսկողություն ունեցող նախագահ, ինչպես Պուտինը: Հիմա նա պետք է որոշի, թե ում բերի վարչապետի պաշտոնում, որ վերահսկողությունից դուրս չգա իրավիճակը»:

Նրա խոսքով, վարչապետի թեկնածուներից ամենաշատը շրջանառվում է ԱԳ նախարար Դավութօղլու անունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031