Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Կույումջյան. «Մանկական մահացության դեպքերը նվազել են» (Տեսանյութ)

Օգոստոս 11,2014 15:28

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր «Հայացք» մամուլի ակումբում ներկայացրեց, որ հուլիսի 30-ին ազգային վիճակագրական ծառայությունը ամփոփել է տարվա առաջին կիսամյակի ժողովրդագրական իրավիճակի նախնական արդյունքները: Այդ տվյալների համաձայն` երկրում մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը հուլիսի մեկի դրությամբ կազմում է 3 մլն 9800, տարեսկզբի համեմատ նվազելով 7300-ով, իսկ անցյալ տարվա համեմատ` 2100-ով:

Ներկայացված տվյալների համաձայն` 2014 թվականի առաջին կիսամյակում կենդանի ծնունդների թվաքանակը կազմել է 19 հազար 401` անցյալ տարվա համեմատ աճելով 3.2 տոկոսով: Մահվան դեպքերն այս տարվա սկզբին կազմել են 14 հազար 929` անցյալ տարվա համեմատ աճելով 4.3 տոկոսով:

Բանախոսի փոխանցմամբ` հուլիսը, օգոստոսը, սեպտեմբերը ամենածննդառատ ամիսներն են, իսկ մահվան դեպքերը ավելի շատ արձանագրվում են տարվա առաջին երեք ամիսների ընթացքում. «Նվազել են մանկական մահացության դեպքերը: Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների` նվազել է նաեւ ինքնասպանությունների քանակը, այս տարվա սկզբին գրանցվել է 85 դեպք` նախորդ տարվա 107-ի փոխարեն»:

Մանրամասն` տեսանյութում

Բանախոսը տեղեկացրեց, որ Երեւան քաղաքում, Արագածոտնի մարզում, Կոտայքի մարզում միջին ծնելիության բարձր ցուցանիշ է արձանագրվել, իսկ մահվան դեպքերի միջին հանրապետական ցուցանիշները գերազանցում են Լոռու մարզում եւ Շիրակի մարզում: Նա նկատեց, որ տարվա առաջին կիսամյակում Գեղարքունիքի մարզում եւ’ ամենացածր ծնելիության ցուցանիշն է արձանագրվել , ե’ւ ամենացածր մահացության ցուցանիշը:

Մահացության աճը հիմնականում պայմանավորված է արյան շրջանառության համակարգի հիվանդություններով, մարսողական օրգանների հիվանդություններով, շնչառական օրգանների հիվանդություններով եւ նորագոյացություններով:

2014 թվականի առաջին կիսամյակում 8.4 տոկոսով ամուսնության դեպքերի աճ է արձանագրվել` կազմելով 9566 գրանցված ակտ` նախորդ տարվա 8822 ակտի համեմատ: Սակայն, տիկին Կույումջանը նշեց, որ ամուսնության դեպքերի հետ մեկտեղ նաեւ աճել են ամուսնալուծության դեպքերը` 2468 ակտ է արձանագրվել այս տարի, նախորդ տարվա 1822-ի համեմատ` աճելով 35.5 տոկոսով: «Մարզային կտրվածքով ամուսնության եւ ամուսնալուծության ամենաբարձր ցուցանիշը Լոռու մարզում է»:

Տիկին Կույումջյանը ներկայացրեց, որ բնակչության թվաքանակի նվազումը հիմնականում արձանագրվել է արտագաղթի բացասական ցուցանիշի բնական հավելաճի գերազանցող թվաքանակի մասով. «Եթե առաջին կիսամյակում բնական հավելաճը կազմել է շուրջ 4500, այսինքն ծնունդների մահերի տարբերությունն է, ապա գնահատված միգրացիայի ցուցանիշի բացասական մնացորդը կազմել է 11800»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031