Օգոստոսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի հետ Նոյեմբերյանի տարածաշրջան կատարած իր անակնկալ այցի ժամանակ գյուղապետերի հետ հանդիպմանը վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքելով համայնքապետերից մեկի մտահոգությանը՝ ասել էր, որ կառավարությունում քննարկվում է սահմանապահ գյուղերի բնակչության էլեկտրաէներգիայի, գազի և այլ վարձավճարների փոխհատուցման հնարավորությունը:
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանից, ով վերջին տասնօրյակում հենց Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերում է եղել, «Առավոտը» հետաքրքրվեց՝ տեղի բնակիչներին ոգեւորե՞լ է կառավարության ուշացած նախաձեռնությունը: Մեր զրուցակիցը նախ համաձայնեց, որ նախաձեռնությունն իսկապես ուշացած է. «Դեռ անցած խորհրդարանում, կարծում եմ՝ նաեւ դրանից էլ առաջ՝ բոլոր գումարման խորհրդարաններում, բազմաթիվ անգամներ խոսվել է այն մասին, որ առանց այն էլ սահմանամերձ շրջանների բնակիչներն ուղղակի կենդանի թիրախ են: Նրանց առօրյա հոգսերը էապես պիտի թեթեւացած լինեն: Մարդը չի կարող դիմակայել արտաքին թշնամուն՝ միաժամանակ առօրյա, կենցաղային բեռի տակ լինել»:
Բայց վարչապետի՝ թեկուզ ուշացած հայտարարությանը Ստեփան Սաֆարյանը որեւէ գնահատական տալ չի շտապում, քանի դեռ այդ ամենը վերջնական տեսք չի ընդունել, եւ արդյունքները տեսանելի չեն սահմանամերձ գյուղերի բնակիչների համար: «Ես շատ շատերին տեսա, ովքեր չափազանց համեստ, խնայողական ռեժիմում էին ապրում:
Կարդացեք նաև
Ցավալի է տեսնել, երբ մարդը գնում է թոշակ ստանալու, իր ամբողջ թոշակը թողնում է փոստային բաժանմունքում՝ կոմունալ վճարների դիմաց, եւ ձեռնունայն տուն է գալիս: Մինչդեռ այդ մարդիկ տուն, ընտանիք, երեխաներ եւ թոռներ ունեն, որոնց համար ինչ-որ մի բան պիտի գնեն, ինչ-որ մի բան պիտի անեն, որ իրենց մարդ զգան, լավ զգան: Մարդիկ ուղղակի գոյատեւում են, մինչդեռ սահմանամերձ գյուղերում կյանքը պիտի ավելի լավը լինի, քան գոյատեւումը»:
Հովիկ Աբրահամյանը նաեւ հայտարարել էր, որ կառավարությունը մտադիր է հարկերից ազատել սահմանապահ գյուղերում բիզնես սկսող անձանց՝ հնարավորություն ստեղծելով նոր աշխատատեղեր բացելու եւ համայնքների գործարար կյանքը ակտիվացնելու: Հարցին՝ մարդկանց ոգեւորե՞լ է գոնե այդ հայտարարությունը, Ստեփան Սաֆարյանն ասաց, որ մեր երկրում խոսքերին քիչ են հավատում եւ ոգեւորություն կլինի, թե ոչ՝ կերեւա այն ժամանակ, երբ հայտարարությունները իրականություն դառնան: «Որեւէ լուրջ քննարկում, որեւէ ոգեւորություն այս առումով չեմ նկատել: Բայց մարդկանց մոտ լքվածության զգացողությունը կար. կառավարության բացակայությունը, կառավարության անտարբերությունն այդ բոլոր խնդիրների նկատմամբ: Հետեւաբար, ես կարծում եմ, եթե որեւէ փոքրիկ բան անգամ տեսնեն, մարդիկ շնորհակալ կլինեն»,- ասաց մեր զրուցակիցը:
Հարցին էլ՝ իսկ սահմանամերձ բնակավայրերում մնացե՞լ են գործարարությամբ զբաղվելու ջիղ ու ցանկություն ունեցող մարդիկ, եթե անգամ կառավարությունը հիմա արտոնություններ տաք, կգտնվե՞ն մարդիկ, ովքեր կիրացնեն այդ հնարավորությունները, Ստեփան Սաֆարյանն արձագանքեց. «Ես կասկածում եմ, որ այնտեղ լուրջ բիզնես-հնարավորություններ կան: Բիզնեսի համար պետք է շուկա լինի: Բիզնեսը երբեք չեն դնում կրակոցների տակ: Իմ պատկերացումներն այդ շրջանների ապագայի վերաբերյալ մի փոքր այլ են: Հայաստանի կառավարության տրամադրած արտոնությունները, բիզնես-առումներով, շատ էական չեն կարող լինել՝ ցանկացած պարագայում: Դրանք դրախտային եւ չափազանց գայթակղիչ չեն կարող լինել որեւէ փող ունեցողի համար: Բացի այդ, կա նաեւ մարդկանց գնողունակության խնդիրը: Որեւէ գործարար բիզնես չի սկսի մի տարածաշրջանում, որտեղ առեւտուր են անում նիսյայով: Ցանկացած խանութ որ մտնում ես՝ պարտքերի հաստափոր տետրեր են: Դժվար է պատկերացնել, որ այդ բնակավայրերում որեւէ լուրջ բիզնես դրվի: Այլ բան է, եթե պետությունն ինքը այդ ռիսկերը կիսի եւ աշխատատեղեր ստեղծի: Փոքրիկ գործարաններ պիտի կառուցեն, ինչը մասնավորը երբեք չի անի: Չեմ կարծում, որ խանութների, կրպակների բիզնեսն այդտեղ կարող է աշխատել, նման բիզնես գյուղերում կա, դրանք պահանջարկը բավարարում են, եւ այնպես չէ, որ արտոնություններ պետք է տան առեւտուրը զարգացնելու համար: Արտադրություն պետք է լինի, իսկ դրա համար էլ պետությունը պիտի մաս կազմի այդ ամենին, թեկուզ մասնավորի հետ համագործակցված»:
Մեր զրուցակցի համոզմամբ՝ սահմանների պաշտպանության շրջանակներում կարեւոր է նաեւ, որ կառավարությունը լուրջ ուշադրություն դարձնի պրոֆեսիոնալ բանակի զինծառայողների թիվն ավելացնելուն. «Ես վստահ եմ, որ նորմալ, բարձր աշխատավարձերի պարագայում, երբ պայմանագրային զինծառայողը կկարողանա այդ գումարով իր ընտանիքը պահել, բազմաթիվ տղաներ կխուսափեն Ռուսաստան մեկնել աշխատելուց: Եթե իրենք իմանան, որ ասենք՝ 1000 ԱՄՆ դոլար իրենք կստանան իրենց գյուղում, մարդիկ այնտեղ կապրեն, կզբաղվեն գյուղատնտեսությամբ, հավելյալ արժեք կստեղծեն եւ կպահպանեն սահմանը: Դրան տեղացիները եւ պատրաստ են, եւ կարող են անել»:
Ստեփան Սաֆարյանը, սակայն, թերահավատ է, որ վարչապետը կհաջողի գործարար-օլիգարխների հետ «լեզու գտնել» եւ սահմանամերձ շրջաններում արտադրություն հիմնել. «Նրանք մեկ օր անգամ չեն մնա այդտեղ, իրենց կապիտալը մեկ օր անգամ չեն պահի այդտեղ: Եթե անեին, հիմա արդեն արած կլինեին: Եթե այդ գյուղերում ինչ-որ բան էլ կա արված, ապա տեղի տղաներն են անում, ովքեր ՌԴ-ում եւ այլուր հաջողում են իրենց բիզնեսներում եւ ինչ-որ մի բան էլ իրենց գյուղերի համար են անում»: Միակ բիզնեսը, որն անցած տարիների ընթացքում հիմնադրվել է, մասնավորաբար՝ Նոյեմբերյանի տարածաշրջանում, ծխախոտագործության հետ կապված «Մասիս տոբակոյի» նախաձեռնությունն է, այն էլ, ըստ մեր զրուցակցի՝ չարքաշ եւ անօգուտ աշխատանք է. «Ես ընկերներ ունեմ, որոնց ընտանիքները նախորդ տարիներին ծխախոտագործությամբ են զբաղվել, այս վերջին տարիներին դադարեցրին. եկամտաբեր եւ իրենց համար նպաստավոր չէ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.08.2014