Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատեկցիների խնձորն այնքան մանր է, որ ամաչում են շուկա տանել

Օգոստոս 11,2014 15:01

Ջրի բացակայության պատճառով գյուղացիներն իրենց խնձորը 30 դրամով վերամշակող գործարաններին են հանձնում

Կարկտահարությունից, ցրտահարությունից առավել այսօր գյուղացու համար խնդիր է ոռոգման ջրի հարցը: «Առավոտը» պարբերաբար բողոքներ է ստանում Արմավիրի, Ապարանի, Եղվարդի, Արարատի, Արտաշատի, Վայոց ձորի եւ այլ համայնքների բնակիչներից, որոնց բերքը փչանում է ոչ այնքան բնական աղետներից, որքան ջրի բացակայությունից: Այսօր մի շարք համայնքների՝ Վերին Գետաշենի, Ներքին Գետաշենի, Մադինայի, Արագածի, Շատինի, Մարց գյուղի, Գետահովիտի, Ենոքավանի, Օգրովի, Գետափի ու Եղեգիսի հարակից տարածքներում կառուցված Փոքր ՀԷԿ-երն իսկական չարիք են դարձել գյուղացիների համար: Գետից ջուր վերցնելու էկոլոգիական թողքը խախտելու հետեւանքով փոքր հիդրոէլեկտրակայանները ոչ միայն ոչնչացնում են գետերի ու շրջակա էկոհամակարգը, այլեւ գյուղացուն զրկում ոռոգման ջրից:

Օրերս էլ տեղեկացանք, որ Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղում ոռոգման ջրի խողովակներ են ապամոնտաժվում, ինչը հարուցել էր այս գյուղի բնակիչների զայրույթը: Բնակիչների դժգոհություններին ի պատասխան՝ այս տարածաշրջանի ջրօգտագործման միավորումից պատասխանել են՝ խողովակները մեր սեփականությունն են, ինչպես հարմար գտնենք՝ այնպես էլ կօգտագործենք: Գյուղը, ճիշտ է, այլընտրանքային ջրագիծ ունի, սակայն ազատեկցին, միեւնույն է, ջրի երես գրեթե չի տեսնում: Ազատեկի բնակիչները պատմում են, որ ապամոնտաժված խողովակներն օգտագործման համար միանգամայն պիտանի են, եւ դրանք այլ տեղ տեղափոխելու փոխարեն ջրամատակարար ընկերությունը կարող էր գյուղի ոռոգման կամ խմելու ջրի ներքին ցանցը բարելավել, ասենք՝ ջուրը ավելի շատ մոտեցնել հողատարածքներին, որպեսզի գյուղացին շատ չտանջվի:

«Առավոտի» հետ զրույցում գյուղացիներից մեկը վկայեց, որ սակավաջրության պատճառով այգին չորանալու եզրին է. խնձորի բերքն այս տարի այնքան մանր է ստացվել, որ գյուղացիներն ամաչում են շուկա տանել եւ ստիպված 30 դրամով Արարատում մթերման են հանձնել: Գյուղացիների խոսքերով՝ ամիսներ են անցել, բայց բերքը մթերած ընկերությունը ապրանքի դիմաց դեռ չի վճարել: Գյուղացիների բողոքներին արձագանքել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, որը խոստացել է 10 օրվա ընթացքում հարցը լուծել, սակայն այդ խոստումից ի վեր մի քանի տասնյակ 10 օրեր են անցել, բայց ազատեկցին 30 դրամով հանձնած խնձորի գումարն այդպես էլ չի ստացել:

«Որ մեր հանձնած բերքի դիմաց ոչ մի լումա չենք ստացել՝ ջրի, հողի եւ մնացած հարկերը ո՞նց մուծենք: Ասում են՝ ջրի պարտք ունեք: Բայց ջուր ունենո՞ւմ ենք, որ մի հատ էլ պարտք մնանք: Ամբողջ տարին հույսներս կապում ենք սպասվող բերքի հետ, տարվա մեջ երկու անգամ ենք այգին ջրում, որ մի 4-5 անգամ արդեն պետք է ջրած լինեինք: Այդքան քիչ ջրելով բերք չի ստացվի, այգիները կորցրել են իրենց փարթամությունը, հենց այնպես ծառեր ենք պահում: Եթե այսպես շարունակվի, էդ ծառերն էլ չեն դիմանա, կչորանան»,- նեղսրտած ասում են ազատեկցիները:

Այժմ Ազատեկի ոռոգման ջուրը նոր խողովակաշարով ինքնահոս է մղվում: Ազատեկցին գիտի, որ այնքան ժամանակ ջուր չի ունենա, մինչեւ
խողովակաշարի սկզբնակետում կառուցված ՀԷԿ-ը դադարի գործունեությունը: Այն այս գյուղի համար էլ գլխացավանք է դարձել:

Գյուղացիների խոսքերով՝ կառավարության որոշմամբ ՀԷԿ-ը պետք է հստակ ժամանակացույցով աշխատեր եւ ոռոգման սեզոնին գետից ջուր չվերցներ, որպեսզի գյուղացիներն անջուր չմնային ու կարողանային իրենց այգիները ոռոգել: Սակայն, ինչպես ազատեկցիներն են փաստում, ՀԷԿ-ը խախտել է պայմանավորվածությունը եւ լավ էլ աշխատել է. դրա վառ ապացույցն այսօր ազատեկցիների՝ արեւից վառված, անջուր ու անպտուղ այգիներն են:

Ազատեկը մոտ 120 տնտեսություն ունի: Գյուղի ցանկացած բնակիչ էլ ջրի խնդիր ունի: Գյուղացիների պատմելով՝ ջրի հարցը լուծելու համար մարզպետի գլխավորությամբ հավաքվել, գյուղում ժողով են արել՝ նախատեսվել է աշնանը ջրամատակարարման ձեւի փոփոխություններ կատարել:

«Գյուղին հարակից տարածքում մի ջրավազան կա, բայց ինչ-որ խնդիր կա, որ ճնշումը նորմալ չի ապահովում»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղի մեկ այլ բնակիչ, որի այգին նույնպես ոչնչացման եզրին է:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ

09.08.2014 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031