«Մենք էլ ենք գերի վերցրել, բայց այդպես որևէ մեկի հետ չենք վարվել»,-անդրադառնալով Ադրբեջանում հայտնված չինարեցի Կարեն Պետրոսյանի մահվան փաստին, այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Այնուհետև իր մտահոգությունը հայտնեց ու շեշտեց. «Եթե գերի է ընկել, թեկուզ դիվերսանտ էլ լիներ, ծեծելով ու խոշտանգելով չեն սպանում: Ուստի պիտի դիմենք բոլոր միջազգային կազմակերպություններին կամ շահագրգիռ օղակներին: «Կարմիր խաչից» սկսած, միջազգային կազմակերպություններով ավարտած՝ մերոնք պիտի բոլոր տեղերում աշխատեն, ուղղակի հիմա երևի Սոչիի հանդիպումով էին զբաղված: Եթե այդ ամենը չարվի, ես ինքս առաջարկություններով հանդես կգամ»:
Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի համար զարմանալի է, որ երբ Կարեն Պետրոսյանի հարցով դիմել են ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակին, նա նշել է, թե այդ հարցով իրենց չպետք է դիմել, այլ ոստիկանություն և քաղաքային իշխանություններին:
Շարունակելով՝ պարոն Իշխանյանը նշեց. «Ինձ համար բավականին զարմանալի էր, որ Կարեն Պետրոսյանն անցավ սահմանից այն կողմ: Ես սգում եմ այդ ողբերգության համար, բայց պատկերացնում եք՝ այդ նույն տեղով մտներ ադրբեջանցի դիվերսանտների խումբը: Սա նշանակում է սահմանների բառադիություն, որ Կարենն ազատ անցել է Ադրբեջանի սահմանը: Ես առաջին հերթին մեղադրում եմ մեզ, մնացածն, իհարկե, վայրենություն է: Հիշեք անցյալ տարվա հովիվի դեպքը, վերջապես Ռամիլ Սաֆարովի պատմությունը: Այստեղ մեր արտաքին քաղաքականության բացթողումն է: Դեսպանի նշանակման տպավորությունն այն է, որ ոչ թե մեզ մոտ դիվանագիտության համար են դեսպան նշանակում, այլ լավություն անելու համար: Այս ամենը ցույց է տալիս այն, որ ԱԳՆ-ն կարելի է ուղղակի փակել»:
Կարդացեք նաև
Լևոն Շիրինյանն էլ է համակարծիք, որ «եթե ԱԳՆ-ն իր ողջ կառուցվածքով կրճատես, ոչ մի վնաս չի լինի: ԱԳՆ-ն պիտի խոստանա, որ ինքը քափուքրտինք մտած՝ այս գործը առաջ պիտի տանի, ինչպես եվրոպաներ դեսպան գնալու համար են անում: ԱԳՆ-ն պիտի պատասխան տա հայ ժողովրդին՝ ինչ է արել: ԱԳՆ-ն պետք է խոստանա, թե ինչ է անելու և լայն թափով լծվի այդ գործին»:
Aravot. am-ի դիտարկմանը, թե Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Իլհամ Ալիևի առաջ բարձրացրել է Ադրբեջանում սպանված Կարեն Պետրոսյանի հարցը, նա պատասխանել է. «Մենք չենք սպանել… դե, կարող է՝ վախեցել է, մահացել է», պարոն Շիրինյանն արձագանքեց. «Հայի հարց, թուրքի պատասխան»:
Ավետիք Իշխանյանն ասաց. «Մեծ քաղաքականության մեջ սխալների մասին խոսելը թուլություն է: Եթե սպասում էիք, որ Ադրբեջանի նախագահը պիտի ասեր, թե ցավակցում է, ողբերգություն է, սխալվում եք, մանավանդ այս պատերազմական իրավիճակում: Մինչդեռ, եթե Գուրգեն Մարգարյանի, Սարիբեկյանի հարցով ՀՀ իշխանությունները հստակ քաղաքականություն տանեին միջազգային ատյաններում, և միջազգային մակարդակով Ադրբեջանն այդ դեպքերի հարցով դատապարտվեր, սա գուցե չէր լինի»:
Ըստ Ավետիք Իշխանյանի՝ Սերժ Սարգսյանը Սոչիի հանդիպման հրապարակային մասում պետք է նշեր, թե «ինձ համար շատ դժվար է, որ հատկապես Կարեն Պետրոսյանի՝ գազանաբար սպանվելուց հետո հանդիպելը, բայց, այնուամենայնիվ, հանդիպում եմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ