Լրահոս
Օրվա լրահոսը

Կամո Հովհաննիսյան. «Ադրբեջանի նոր ՊՆ-ն իր բախտն է փորձում»

Օգոստոս 11,2014 14:06

«Հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանների տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները հիմնականում կապված են առաջին հերթին Ադրբեջանում նոր պաշտպանության նախարար ունենալու հանգամանքի հետ»,-Aravot.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնում Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) Լոռու մարզային խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում սահմանային լարվածությանը` Կամո Հովհաննիսյանը նկատում է, որ նոր ՊՆ-ն հավանաբար խոստումներ է տվել իր ղեկավարությանը, որ կփորձի որոշակի ճնշվածության մեջ գոնե պահել Հայաստանի դիրքերը, հնարավորության դեպքում նաեւ առաջընթաց արձանագրել:

«Եթե 30-40 հոգով գալիս են մի դիրքի վրա, նրանք չեն գալիս ընդամենը դիվերսիոն գործողություն կատարելու, այլ գալիս են վերցնեն, նստեն, չի բացառվում նաեւ լրացուցիչ ուժեր ուզեն, որպեսզի կարողանան այդ դիրքը իրենք իրենց մոտ պահեն, ամրացնեն»,-ասում է Կամո Հովհաննիսյանը:

Ըստ ԵԿՄ Լոռու մարզային խորհրդի նախագահի` բացի այն, որ Ադրբեջանի նոր ՊՆ-ն իր բախտն է փորձում, կան նաեւ մի շարք այլ գործոններ, որ նպաստում են սահմանային լարվածությանը:

«Ադրբեջանի նոր ՊՆ-ն իր բախտն է փորձում: Բացի այդ` եթե հաշվի առնենք, որ այսօր նրանց բանակը 125 հազար է, թվաքանակով շատ է, նաեւ գնել են մեծ քանակի զինտեխնիկա Ռուսաստանից, Ուկրաինայից, նույնիսկ արդեն Իսրայելից, այդ զենքերը փորձում են գործողության մեջ դնել: Ավելին, երբ որ ուշադիր նայենք նրանց զոհվածներին, կտեսնենք, որ պարտադիր ծառայության զինվորներ չեն, այսինքն` մասնագիտորեն պատրաստված պայմանագրային զինծառայողներ են, ովքեր հատուկ պատրաստվել են սահմանների վրա հարձակվելու համար եւ փորձում են ինչ-որ բան փոխել:

Բացի այդ` այս պահին, երբ աշխարհը խառն է, Ադրբեջանն էլ փորձում է իր խնդիրները լուծել, երեւի թե իրենք փորձում են դիրքային որոշակի առավելություն ունենալ, ինչը կարող են վաղը-մյուս օրը օգտագործել ավելի լուրջ նպատակների համար: Չնայած դրան` այսօր մեր բանակը ի վիճակի է պատասխանելու ցանկացած ոտնձգության, եւ գտնում եմ, որ համարժեք քայլեր կատարվում են»,-եզրափակում է ԵԿՄ Լոռու մարզային խորհրդի նախագահը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031