Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրդողանը չարյաց փոքրագույնն է»

Օգոստոս 11,2014 14:00

Քաղաքագետ Արտակ Շաքարյանն այսօր «Հայացք» մամուլի ակումբում, հիշելով Թուրքիայի վարչապետ, այժմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն խոսքերը, թե, իբր, նա վիրավորվել է, երբ իրեն հայ են անվանել, նշեց, որ ընտրություններից առաջ նա երկու անգամ փորձել է ուղղել իր այս արտահայտությունը. «Առաջին անգամ այն էր, երբ նա հայտարարել էր, թե ազգային փոքրամասնությունը` հույն լինի, հայ լինի, ասորի լինի, բոլորը այս երկրի հավասար քաղաքացիներն են:

Սա իր Քրոնիայի ելույթն էր, որով նա հայերին փորձում էր իր խոսքը ուղղել: Երկրորդ անգամ նա ասել էր, որ հայ լինելուց, քուրդ լինելուց, սունի լինելուց առաջ մենք բոլորս թուրքիացի ենք: Այս կերպ Էրդողանը նոր եզրույթ է փորձում հորինել: Նախ եւ առաջ ոչ թե թուրք ենք բոլորս, այլ Թուրքիայի քաղաքացի, սրանով փորձելով գոնե իր ելույթում համերաշխություն բերել»:

Նրա վստահեցմամբ`Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Հանրապետական ժողովրդական եւ «Ազգային շարժում» կուսակցության կողմից առաջադրված Էքմելլեդին Իհսանօղլուի ընտրողները բացասական մոտեցում ունեն հայկական հարցի վերաբերյալ. «Այսինքն՝ Թուրքիայի 90 տոկոսը համաձայն չէ Հայաստանի հետ որեւէ կերպ զիջումների գնալուն»:

Թուրքագետը վստահեցնում է, որ եթե ընտրվեր Էքմելլեդին Իհսանօղլուն, ապա շատ ավելի վատ էր լինելու, քան Էրդողանի դեպքում. «Այս երկուսի համեմատության մեջ Էրդողանը չարյաց փոքրագույնն է, քանի որ ազգայնականները այն ֆաշիզմն էին վերադարձնելու, երբ ցեղասպանություն բառն անգամ արտասանելը քրեորեն պատժելի էր, հայերի եկեղեցապատկան հողերի մասին խոսելը քրեական պատասխանատվություն էր: Մենք շատ ավելի մեծ խնդիրներ էինք ունենալու: Եվ քանի որ Թուրքիան դեմ է հայկական շահերին, ապա Էրդողանը նույնպես դեմ է հայկական հարցի լուծմանը»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031