«Մեջքները շտկելու են, նորից թրքավարի ստորություն են անելու, քանի որ նրանք ստորություն ունեն, ընկնելուց կոշիկ են լիզում, հետո սպանում»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նա առանձնապես մեծ հույսեր չի կապում, որ այս հանդիպումից հետո իրավիճակը մեծապես կփոխվի ու նշում. «Եթե մենք մեր հայրենիքի արևելյան սահմանների հարցում ժողովրդի տեղահանության, գնդակահարությունների կանխման հարց չենք լուծում, ապա էլ արդյունքը ո՞րն է»:
Ըստ պարոն Շիրինյանի, եթե ՀՀ նախագահը Սոչիում կարողացել է այս հարցերը բարձրացնել, ապա ռեալիզացրել է բանակի գործողությունները, ուրեմն լավ, եթե ոչ՝ ուրեմն ամեն ինչ շարունակվելու է, այդ թվում՝ նաև արտագաղթը: Քաղաքագետի կարծիքով՝ կոնֆլիկտը տաքացվեց թուրքի ձգտումով, Ռուսաստանը զինեց, տվեց հույս, ամերիկացիներն անընդհատ ասացին, որ մադրիդյան սկզբունքները պիտի իրականացվեն և ասացին, որ ստատուս քվոն հնարավոր չէ այլևս պահպանել:
Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը կարծում է, որ այս հանդիպումը կարողացավ ինչ-որ չափով լարվածությունը թուլացնել, մեղմել: Ըստ նրա՝ ամենից շատ շահեց Պուտինը ու շարունակեց. «Ուկրաինայի մեջ խրված լինելու հարցում ինքը ցույց տվեց, որ ինքը գերտերություն է և կարող է հանդիպեցնել երկու երկրներին: Այս դեպքում գուցե սրո՞ւմն էլ էր դրա հետ կապված, որ հետո ցույց տար, որ խաղաղություն է ապահովում»:
Պարոն Շիրինյանը մտահոգված է, թե հնարավոր է Ալիևը չուզենա էլ, բայց այս իրավիճակը կարող է հանգեցնել էսկալյացիայի և լայնածավալ պատերազմի:
Aravot.am-ի հարցին՝ այդ դեպքում նպատակ ունե՞ր, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում՝ «առանց նազ ծախելու» մեկնել Սոչի, այն դեպքում, երբ Ալիև-Սարգսյան հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ Պուտինից առաջ Օլանդը, Քերին էլ էին հանդես եկել, պարոն Իշխանյանը պատասխանեց. «Համարում եմ, որ ճիշտ էր Սոչի մեկնելը, բայց Սերժ Սարգսյանի պահվածքը մի քիչ ավելի խիստ պիտի լիներ, օրինակ՝ նա պիտի Ադրբեջանում սպանված Կարեն Պետրոսյանի հարցը հրապարակային մասում ասեր:
Կարդացեք նաև
Օրինակ՝ ասեր, թե ինձ համար շատ դժվար է հիմա հանդիպել, մանավանդ՝ Կարենի մահից հետո: Դա պիտի հնչեցվեր, նաև շեշտվեր զենքի վաճառքի պահը, մանավանդ, որ այդ բանակցություններին զուգահեռ կարդացի, որ նոր խմբաքանակի զենք է ՌԴ-ից Ադրբեջան առաքվում: Ես կարծում եմ, այստեղ հստակ պայման պիտի դրվեր, որ Մաքսային միություն և Եվրասիական միություն չենք մտնում, եթե դուք զենք եք առաքում Ադրբեջանին: Հենց չոր ձևով պիտի այդ հարցը դրվեր»:
Սոչիի հանդիպումից հետո Ավետիք Իշխանյանը մտահոգված է, թե արդյոք այս ամենը նշանակում է, որ իրոք մաքսակետե՞ր են դրվելու Արցախի և Հայաստանի սահմանին և «չի բացառվում, որ սա մի փորձ էր մեզ պատժելու»:
Լևոն Շիրինյանը կարծում է, որ լարվածության անկումը սահմանին Սոչիի հետ չէ կապված. սա հայկական զինված ուժերի արդյունքն է: Այս առիթով նա նշեց. «Երբ բանակը խաղաքարտերը խառնեց, անգամ Ուորլիքը հիշեց»:
Անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավորների՝ խրամատ մեկնելու փաստին, պարոն Շիրինյանն ասաց. «Իրենք էկրաններով խրամատից հայ մայրերին ու քույրերին շնորհակալություն են հայտնում նման զինվոր մեծացնելու համար: Ես ասում եմ՝ գա մի օր այդ զինվորի մայրը շնորհակալություն հայտնի պատգամավորներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքականության համար»:
Պարոն Շիրինյանը նկատում է, որ պատգամավորները խրամատ են մեկնել «պատերազմի հետո, ոչ թե առաջ, գնացել են նկարվելու: Հանդիսավորության հարց է, հիմա Պուտինը, պատգամավորները հերոս են դառնում, բայց հերոսությունը մեր զինվորն ու սպան են արել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դա նախագահի ամենա կարևոր հատկությունն է ԽՍՏՈՒԹՅՈՒՆ միջազգային բեմերում, եթե չկա դրա համար պուտինի ու ալիևի նման դիկտատորները և մունաթով են վերաբերվում և որպես դիտվում է պարտություն․․․