Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր «Հայացք» մամուլի ակումբում, անդրադառնալով երեկ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, նշեց, որ, ինչպես եւ կանխատեսվել էր, նախագահ է ընտրվել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մոտ 52 տոկոս ձայնով։
Նշենք, որ երեկ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում 12-րդ նախագահ է ընտրվել «Արդարացում եւ զարգացում» կուսակցության առաջնորդ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ 51.98 տոկոս ձայնով, Հանրապետական ժողովրդական եւ «Ազգային շարժում» կուսակցության կողմից միասնաբար առաջադրված էքմելլեդին Իհսանօղլուն հավաքել է 38.39 տոկոս ձայն, իսկ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթթին Դեմիթաշը՝ 12 տոկոս ձայն։
Թուրքագետը տեղեկացրեց, որ ընտրությունների ընթացքում գրանցված խախտումների վերաբերյալ գրեթե ոչ մի տեղեկություն չկա, այսինքն՝ ընտրությունները եղել են համեմատաբար արդար եւ թափանցիկ։ Թուրքագետը սա պայմանավորում է այն հանգամանքով, որ ընդդիմությունը ասելիք չուներ, մինչդեռ Էրդողանը գովազդի միջոցով փոխանցում էր իր ասելիքը։ «Ընդդիմությունը հիմնականում զբաղված էր էրդողանին քննադատելով եւ ժամանակ չուներ։ Էրդողանը ամեն օր տարբեր քաղաքներում հանդիպում էր իր ընտրողներին, մինչդեռ Իհսանօղլուն հրաժարվել էր հանդիպել իր ժողովրդի հետ»:
Նրա խոսքով՝ Էրդողանի ռազմավարությունը պարզապես նախագահ ընտրվելը չէ. «Էրդողանը ցանկանում է դառնալ Պուտինի նման լիարժեք ավտորիտար վերահսկողություն ունեցող նախագահ։ Թուրքիան այսօր դեռ խորհրդարանական երկիր է, որտեղ վարչապետը ավելի կարեւոր է, քան նախագահը, սակայն երեկ նա իր հաղթական ելույթում ասաց, որ նպատակ կա փոխել սահմանադրությունը եւ երկիրը դարձնել նախագահական»:
Կարդացեք նաև
Թուրքագետի դիտարկմամբ` Էրդողանը, հրաժարվելով վարչապետի պաշտոնից, այսօր հայտնվել է նախագահի՝ ավելի թույլ պաշտոնում եւ եթե մնա նախագահի թույլ աթոռին, ապա դա կլինի պարտություն. «Նախագահի պլանն է հաղթել 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում, ունենալ ձայների բացարձակ մեծամասնություն եւ խորհրդարանի միջոցով փոխել սահմանադրությունը: Սակայն հիմա Էրդողանը դեռ պիտի տանջվի»։
Թուրքագետը ենթադրում է, որ վարչապետի պաշտոնի մի քանի հավակնորդ կա Թուրքիայում. դրանց մեջ է ներկայիս նախագահ Աբդուլա Գյուլը եւ արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն. «Իրենց պետք է մի մարդ, որը չունենա ներքաղաքական ախորժակ, բայց լինի իր կամակատարը»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ