Ղարաբաղա-ադրբեջանական, կամ ինչպես մեզանում հաճախ ասում են՝ Արցախյան պատերազմի ժամանակ կնոջս եղբայրը՝ Սամվելը Բերդաձորի (Շուշիի շրջան) կամավորներից է եղել։ Այդ տարիներին ազերիները խորհրդային ռուս զինվորների օժանդակությամբ խուժել են Բերդաձորի ենթաշրջան, զավթել բնակիչների ունեցվածքը, տերերին դարձրել փախստական… Սակայն այդ մասին չէ խոսքը։
Ռազմական գործողությունների ժամանակ ծանր վիրավորվել էր Սամվելը։ Մեր տղաների դիակները հողին հանձնելու ժամանակ նկատել են, որ մեկի ձեռքը թեթև շարժվեց։ Առանձնացրել են վերջինիս ու պարզել, որ կարծես թե դեռ կենդանի է։ Գլուխն արյան մեջ էր, ինքն էլ մի քանի տեղից վիրավոր։ Այդ տղան Սամվելն էր… Երևանում մի կերպ փրկել են երիտասարդի մազից կախված կյանքը։ Գանգոսկրի ճակատային հատվածը փշրված էր։ Ծանր վիրահատությունից հետո ստիպված են եղել ոսկորը փոխարինել պլաստմասայով… Փշրված էին նաև արմունկի ոսկորները…
Իսկ բեկորների մի մասն առայսօր մնացել է մարմնում՝ վտանգավոր է, հնարավոր չէր հանել… Առաջին կարգի հաշմանդամի նպաստ էր ստանում։ Տարիներ հետո Արցախյան պատերազմի հաշմանդամ տղաներից շատերի հաշմանդամության կարգն իջեցրին, որովհետև հաշմանդամության նպաստ էին ստանում մի շարք եղջերավորների զավակներ, ովքեր երբեք բանակում չեն եղել և խոշորացույցով կամ մանրադիտակով անգամ հնարավոր չէր նրանց մարմնի վրա հիվանդ մի տեղ հայտնաբերել. բայց դե դրանց «պահել» էր պետք։ Իջեցրին նաև Սամվելի հաշմանդամության կարգը… Սակայն այդ մասին չէ խոսքը։
Երեկ զանգեցի Բերդաձոր՝ բարեկամներիս որպիսությունն իմանալու։ Ասացին՝ օրեր առաջ Սամվելն ընկերների հետ կամավոր մեկնել է Մարտակերտի շրջան՝ դիրքեր։ Տանն ասել է, որ գնում է աշխատավարձը թե թոշակը ստանալու, և մի քանի ժամից հետո զանգել ու ասել, որ չանհանգստանան՝ արդեն Մարտակերտի շրջանում է…
Կարդացեք նաև
Այսօր բերդաձորցի տղաները վերադարձան գյուղ։ Սամվելի ասելով՝ ամեն ինչ նորմալ է…
Բայց այլ բան եմ ուզում ասել. այսօր բարձրաստիճան հայ պաշտոնյաներից քանիսի՞ զավակն է ծառայում Հայոց բանակում և գտնվում դիրքերում։ Նաև՝ նրանց զավակներից գոնե մեկը կամավոր մեկնե՞լ է դիրքեր՝ ոգևորելու, հավատ ներշնչելու հայ-ադրբեջանական սահմանն ու երկրի խաղաղությունը պաշտպանող 18-19 տարեկան ջահելներին…
Մի վերջին հարց էլ։ Ավելի ճիշտ՝ բոլորիս հուզող մի հարցի մասին ևս։ Արդեն քանի՜ տարի է մեզանում քննարկում են՝ պատերազմ լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Եվ այդ հարցին զուգահեռ երբեմն այսօրինակ զավեշտական կարծիքներ են հնչում՝ չի՛ լինելու, որովհետև մենք խաղաղություն ենք ուզում, մենք խաղաղասեր ազգ ենք… Հարգելիներս, բավական է գուշակություններով, ենթադրություններով, միամիտ-տխմար վերլուծություններով ժամանակ վատնեք՝ խաբելով ինքներդ ձեզ և մյուսներին, ձեռի հետ էլ զվարճացնելով նախադպրոցականի ձեր «երկաթե» տրամաբանությամբ։ Պատերազմ լինել-չլինելը ձեզնից չէ կախված, բայց մի որոշ չափով կախված է նաև ձեզնից, ձեր երկրից։ Պատերազմ սկսում է այն դեպքում, երբ դրանում շահագրգիռ կողմը, պատերազմով խնդիր լուծել ձգտող կողմը զգում, հասկանում, համոզված է լինում, որ ինքն ավելի ուժեղ է։
Ադրբեջանը միայն մեր «ռազմավարական դաշնակցից» 5 միլիարդ դոլարի գերհզոր զենք է գնել ու դեռ շարունակում է գնել։ Կարծեմ Չեխովն է ասել. «Եթե ներկայացման սկզբում պատից հրացան է կախված, ուրեմն այն պետք է կրակի»։ Եթե մենք ուժեղ ու հզոր լինենք, ապա պատերազմ սկսվելու հավանականությունը շատ փոքր է դառնում և, ընդհակառակը, եթե ուղտի ականջում քնած շարունակելու ենք ինքներս մեզ հեքիաթներ պատմել «տարածաշրջանի ամենաուժեղ բանակի» մասին, ապա ցանկացած րոպե կարող է պատերազմ սկսվել՝ անշուշտ ոչ դիվերսիոն-հետախուզական ավանտյուրաների մակարդակի։ Հիմա հարցրեք ինքներդ ձեզ՝ մենք ուժե՞ղ ենք, մեր երկիրը հզո՞ր է։
Այդ հարցի պատասխանը կլինի նաև ձեզ հուզող հարցի պատասխանը։ Չէր խանգարի, եթե միաժամանակ հիշեք նաև արևելյան հայտնի ասացվածքը՝ Առյուծի գլխավորությամբ ոչխարների բանակի և Ոչխարի գլխավորությամբ առյուծների բանակի մասին…
Իր պատմական Հայրենիքի 300 հազար քառ. կմ-ից ավելի տարածքի հազիվ 10 տոկոսին տեր դարձած, մեկ դար առաջ միանգամից մեկուկես միլիոն զոհ տված և Երկիր կորցրած, աշխարհով մեկ ցիրուցան եղած, 20 տարի առաջ թշնամուն ծնկի բերած, բայց իր հաղթանակը ներսում և դրսում մսխած երկրի ժողովուրդն այլևս իրավունք չունի խաբվելու միամիտ-անմիտ երազներով։
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
Ստեփանակերտ