Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Բեքարյան. «Ադրբեջանին ուղղված իր շոյանքներում Արեւմուտքը չափն անցավ»

Օգոստոս 11,2014 12:56

Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում խոսելով հայ-ադրբեջանական եւ ղարաբաղաադրբեջանական սահմանային վերջին զարգացումների արտաքին ազդակների մասին, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը նկատեց, որ ուկրաինական զարգացումների ֆոնին կիրառվելիք պատժամիջոցների արդյունքում Ադրբեջանն Արեւմուտքի համար սկսեց դիտարկվել որպես այլընտրանք: Իսկ սա բերեց նրան, որ Ադրբեջանը ավելի ցինիկ կեցվածք ընդունեց, սկսեց իրեն զգալ գլուխը շոյվող երեխայի դերում, ում ամեն ինչ կարելի է:

Քաղաքագետի խոսքով`Ադրբեջանի ղեկավարությանը սկսեց թվալ, որ նա նոր հնարավորություն է ձեռք բերել, որը սակայն երկարատև չի լինի և նա շատ լավ դա գիտակցում է:

«Ես կարծում եմ, որ ուժային կենտրոնները` ՌԴ, ԱՄՆ, Իրան վերջին սրացման համատեքստում յուրաքանչյուրն իր պատասխանատվության չափաբաժինն ունեն, քանի որ չկարողացան կանխել Ադրբեջանի այս ցինիկ պահվածքը: Ադրբեջանը փորձեց սահմանին իրավիճակն աննախադեպ սրելով այնպիսի դիրքի գալ, որ ավելի պահանջատեր լինի բանակցություններում: Սա շանտաժ էր, փորձ` մարդկանց կյանքի հաշվին ամրացնել սեփական իշխանությունը և կարծում եմ, որ որոշակի դեր խաղաց նաև Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացը»,- նշեց բանախոսը`ավելացնելով, որ հակահարվածը առավել քան հուժկու էր և ի հաշիվ մեր զինվորների, մեր բանակի այդ բոլոր փորձերը ի չիք դարձան:

Միևնույն ժամանակ՝ քաղաքագետը նշեց, որ այս ամենից չի բխում, որ Ադրբեջանը նման փորձեր այլևս չի անի և ամեն բան կհանդարտվի: Բայց արդեն իսկ կարևոր է, որ Ադրբեջանն իր առջև դրված ոչ քաղաքական, ոչ ռազմական պլանները չկարողացավ իրականացնել. «Առավել քան վստահ եմ, որ այսուհետ Ադրբեջանը միջազգային հանրությանը չի կարողանա հրամցնել այն թեզը, թե իր կողմից ամենամեծ զիջումը պատերազմ չսկսելն է: Ինձ թվում է, որ այս ամենը մեծագույն ազդակ պետք է հանդիսանա մեր միջազգային գործընկերների համար»:

Անկախ ամեն ինչից, անկախ ամերիկացի համանախագահի տարբեր հայտարարություններից, բանախոսը մնում է այն համոզման, Արեւմուտքին Հարավային Կովկասում պատերազմ պետք չէ: Հիշեցնենք, որ ԱՄՆ համանախագահ Ուորլիքի վերջին հայտարարությունն այն էր, որ ղարաբաղյան հակամարտությունն այլեւս սառեցված չէ: Բեքարյանը կարծում է, որ Արեւմուտքը պարզապես «շոյում է Ադրբեջանի գլուխը», որպեսզի վերջինս չթեքվի ՌԴ-ի կողմը, բայց իրենց շոյանքներում Արեւմուտքը «չափն անցավ», ինչն էլ բերեց այս իրավիճակին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031