Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են երաժշտական և արվեստի դպրոցների հիմնանորոգման աշխատանքները դանդաղ ընթանում

Օգոստոս 11,2014 12:48

«Կոտայքի մարզի 13 համայնքներում գործող երաժշտական և արվեստի 21 դպրոցներից միայն 8-ն են բավարար վիճակում»,- ասում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Տիկին Պողոսյանը երեկ՝ օգոստոսի 10-ին, Կոտայքի մարզ շրջայցի շրջանակներում եղավ Զ. Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում (ք. Աբովյան), որտեղ հանդիպում-քննարկում ունեցավ մարզի՝ գեղարվեստական կրթություն իրականացնող դպրոցների տնօրենների հետ:

Մշակույթի նախարարը բացատրեց, թե ինչու է այդ դպրոցների մեծ մասը ոչ բավարար վիճակում. «Քանի որ առաջնայինը հանրակրթական դպրոցների վերանորոգման խնդիրն է, շատ ավելի դանդաղ են իրականացվում երաժշտական և արվեստի դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Սակայն ես կարծում եմ, որ մենք կկարողանանք հասնել նրան, որ այս դպրոցների հիմնանորոգումն առանձին տողով մտնի բյուջե, և տարվա կտրվածքով մենք կունենանք պարտավորությունների որոշակի քանակ, որը կկարողանանք իրականացնել»,- նշեց Հ. Պողոսյանը:

Հանդիպում-քննարկումը ցույց տվեց, որ այս դպրոցների հիմնական խնդիրները նույնն են՝ նյութատեխնիկական բազա և աշխատավարձ:

Hasmik Poghosyan Aram Harutyunyan

Հ. Պողոսյանը համաձայնեց, որ թեև գնալով ավելանում է երաժշտական և արվեստի դպրոցների սաների թիվը, բայց ուսուցիչների աշխատավարձը նույնն է մնում՝ ցածր: Ըստ մշակույթի նախարարի՝ սա էլ իր հիմնավորումն ունի. «Ըստ կրթության մասին օրենքի՝ երաժշտական և արվեստի դպրոցներն արտադպրոցական կրթական հաստատությունների ցանկում են: Այդ դպրոցների պետական կարգավորումը դեռևս վերջնական տեսքի բերված չէ, և այդ պատճառով էլ խնդիրներ են ծագում մանկավարժների աշխատավարձերի բարձրացման և այլնի հետ կապված»,- ասաց նախարարը և վստահեցրեց, որ թեև դանդաղ քայլերով, բայց, այնուամենայնիվ, միջոցներ ձեռնարկվում են այս դպրոցների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ. «Մենք Կրթության և գիտության նախարարության հետ աշխատում ենք մի փաթեթի վրա, որով ուզում ենք փոփոխություն մտցնել օրենքում, որպեսզի այս դպրոցներն ունենան համապատասխան կարգավիճակ և ըստ այդմ էլ՝ համապատասխան ֆինանսավորում»,- նշեց Հ. Պողոսյանը:

Տիկին Պողոսյանը նկատեց նաև, որ որոշ երաժշտական գործիքների, ինչպես օրինակ՝ սազի, սրնգի, բլուլի ներմուծումը կրթական համակարգ շատ ցանկալի կլիներ, և վստահեցրեց, որ ներմուծման դեպքում մշակույթի նախարարությունը պետպատվերի շրջանակներում առանձնահատուկ աջակցություն կցուցաբերի այս գործիքներին տիրապետող ուսուցիչներին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031