Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Մարգարյան. «Պուտինը կարողացավ «խաղաղ կարգավորումը» պոկել Ալիևի բերանից»

Օգոստոս 11,2014 12:06

«Ինֆորմացիան ամբողջական չէ, բայց Սոչիի հանդիպումը ինքնին շատ կարևոր է, որովհետև այն իրավիճակը, որ մենք հիմա ունենք, չենք ունեցել սկսած 1994-ից: Կարևոր էր, որ կողմերը, մանավանդ, Ադրբեջանի նախագահը շեշտեց, որ կարևորում է խաղաղ կարգավորումը»,-Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին այսօր այսպիսի կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը:

Ըստ նրա՝ Ռուսաստանի նախագահը կարողացավ «խաղաղ կարգավորումը» պոկել Ալիևի բերանից: Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ սուր վիճակը, որ կա, չի շարունակվի:

Սակայն այս հանդիպումից պարոն Մարգարյանի համար որոշ անհասկանալի կետեր են մնացել. «Անհասկանալի էր, որ Պուտինն ասաց, որ, ինչպես ասել է ՀՀ նախագահը, Հայաստանը Եվրասիական տնտեսական միություն կգնա առանց Ղարաբաղի, այս ինֆորմացիան պիտի մարսվի: Ինչո՞ւ բարձրաձայնվեց այդ հարցը, կարող էին չխոսել, չգրել: Բայց երբ հատուկ բարձրաձայնվում, շեշտ է դրվում դրա վրա: Ինչու մենք չկարողացանք սա իմանալ ու կանխարգելել: Շատ կարևոր է անդրադառնալ, թե ինչու ստեղծվեց այս իրավիճակը: Մեր ո՞ր գործողությունները դրդեցին Ալիևին գնալ այս գործողությունների»:

Ըստ Ստեփան Մարգարյանի՝ դրա պատճառը Հայաստանի՝ վերջին ժամանակաշրջանում արտաքին աշխարհում հեղինակության անկումն էր, որը Ալիևին հույս տվեց մտածելու, որ Հայաստանը թուլացել է, և նա կարող է իր ուզածն անել»:

Այնուհետև պարոն Մարգարյանը մանրամասնեց. «Ասենք` Եվրամիություն, հետո կտրուկ Մաքսային միություն գնալու տարբերակը: Սա կարող էր Ադրբեջանի մոտ իմիտացիա առաջացնել, թե Հայաստանը թուլացել է և մի քանի հարձակումը պոստերին նրան հաղթանակ կբերի: Փառք ու պատիվ մեր բանակին, որ Ալիևի ծրագրավորածը չիրականացավ: Բայց մեր ներքին վիճակը շատ լավ հայտնի է Բաքվին, նրանք հույս ունեին, որ Հայաստանը քանդվում է: Ալիևի արածը իրականում ավանտյուրա էր: Բանակը լավ է կատարում իր առաջ դրած խնդիրները: Բայց աշխարհում որևէ բանակ առանց դիվանագիտական լուրջ արդյունքի թիկունքից չի կարող առաջ գնալ»:

Ստեփան Մարգարյանի կարծիքով՝ մենք պիտի լուրջ աշխատենք աշխարհի հետ, որ հասկանանք` ումից ինչ սպասել: Պարոն Մարգարյանն ասաց. «Կուզեի, որ Պուտինը մեծ ջանքեր դրած լիներ: Ռուսաստանը շատ կարևոր խաղացող է այս տարածաշրջանում, և երբ տեսավ իրավիճակը շատ սրվել է, գնաց դա կազմակերպելուն: Առաջին հերթին մեր զինվորը դա ասաց, իրականում մերոնք բավականին լուրջ են դիմադրել: Ալիևի լեգիտիմության թուլացում տեղի ունեցավ, որովհետև ինքը տարիներ շարունակ հասարակությանը կերակրում էր այն մտքով, թե իրենք անպարտելի են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031