Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հովհաննիսյան. ելույթ Մատենադարանի հարթակից

Օգոստոս 11,2014 11:43

Հինգ ամիս Ձեզ հետ, Ձեր կողքին, Ձեր շարքերում լինելուց հետո իրավունք վերապահեցի բարձրանալ հարթակ: Խոսքս ուղղում եմ գրչակից ընկերներիս: Նրանցից շատերը հիմա ցածում են, ունկնդիր են խոսքիս և կկամենայի ասելիքս նրանց ականջին վերամբարձ, պաթետիկ չհնչեր:

Իսկապես պատմական, ճակատագրական օրեր է ապրում մեր ժողովուրդը: Եվ այսօր, այս վճռական ժամին նրա հետ, նրա կողքին չլինել, նշանակում է կազմալուծել Արցախյան հզոր շարժումը, որ փորձում է անել կուսակցական-ադմինիստրատիվ ողջ վերնախավը: Ցավալի է, որ խրամատի այն կողմում են նաև մամուլն ու հեռուստատեսությունը, ռադիոն: Շա՜տ է ցավալի: Ով՝ ով, ժուռնալիստներս, հո գիտե՞նք, իշխանությունն ինչու է այս ճգնաժամային պահին Արցախ աշխարհի, հայության շահը ստորադասում իր նեղ, անձնական նկրտումներին, դիմում սադրանքների: Գիտենք, այդուհանդերձ, ապշած ենք – այդքա՜ն էլ նեղմտություն, աթոռասիրություն, փարիսեցիություն:

Մի հարց միայն նմաններին՝ նրանց, ովքեր համոզված են, թե գործադուլը սխալ ճանապարհ է, միջոց. այդ ինչպե՞ս եղավ, որ Կենտկոմի գլխավոր քարտուղարի, Հայաստանի կոմունիստների նորանշանակ առաջին քարտուղարի բերանով քննադատված բոլոր այդ կուսակցական աշխատողները, տասնյակ տարիներ կտրված լինելով ժողովրդից, թաղված լինելով կաշառակերության ու կաշառատվության ճահճում, իսկ վերջին հինգ ամիսներին հանդես բերելով «անձեռնհասություն ու գործելու անկարողություն» /նրանց բառերն են/, հանկարծ բոլորը, բացառապես բոլորը դարձան պայծառատեսներ:

Իրենք ճիշտ են, ժողովուրդը՝ սխալ, իրենք հանճարեղ են, ժողովուրդը՝ տգետ, իրենք գիտակ են, ժողովուրդը՝ անգետ: Մինչդեռ ճշմարիտը մի՛շտ, շարունա՛կ ժողովուրդն է, և միայն ժողովուրդը, նրա հավաքական գիտակցությունը: Իսկ մենք՝ ժուռնալիստներս, նրանց կողքին, նրանց հետ, նրանց շարքերում լինելու փոխարեն, կառավարողների կողմն ենք, սպասավորություն ենք անում՝ լաքեյություն:

Ժողովրդին նեցուկ լինելու, նրա բազկին մեր խոսքի զորությունը հաղորդելու, փոխանցելու փոխարեն, որպեսզի նա Մեծ Մհերի պես կարողանա ճղատել Առյուծին, Դավթի պես կտրուկ իջեցնի սուրը քառասուն գազ խորությունում թաքնված Հրեշի գլխին, հետևողականորեն ջլատում ենք շարքերը, նրա կողը դաշույն խրում, այն էլ ինչպիսի՜: Եթե հաջողվի այդ հարվածը, հետո ուշքի կգա՞ նա: Ե՞րբ: Հարյուր տարի հետո՞: Ուշ չի՞ լինի արդյոք:

Հավատացեք, եկել է պատմական ժամը, Ցորենը դարձել է մասուրի չափ, Գարին՝ ընկույզի, բացվել է Ագռավու քարը, Քուռկիկ Ջալալին վրնջում է, նրա խրխինջը հասել է աշխարհի բոլոր ծագերը, հասել բոլոր հայերին:

Ու նորից ցավագին հարց՝ այդ ինչպե՞ս է, որ իմ լրագրող ընկերները խլացել, չեն լսում մարտակոչը, չեն լսում շեփորի կանչը և ճշտիվ նմանվել են «Երկիր Նաիրիում» Չարենցի նկարագրած այն «քամի կուլ տվողներին» /բանաստեղծի բառերն են/, ովքեր Ոսոխի, Հազարամյա Ոսոխի Կարս մտնելու պահին անգամ զորքի, ժողովրդի մեջ դասալքության կոչ, քարոզ էին տանում: Ամո՜թ, երիցս ամոթ…

Ավարտելուց առաջ խոսքս ժողովրդին եմ ուղղում – հույսը Դուք եք: Ինչպես բոլոր դարերում, բոլոր ժամանակներում, հույսը Դուք եք: Այս Փառաց տաճարի խրոխտ պատերը՝ Ձեզ թիկունք, Ձեզ հովանի, Ձեզ զորավիգ, երանելի Մեսրոպի աջը՝ Ձեզ պահապան:

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

12. 08. 1988

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031