Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեր փողոցների անունները – 2

Օգոստոս 11,2014 10:53

Մենք շարունակ գլուխ ենք գովում, որ աշխարհում առաջինն ենք Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել, և առիթից առիթ նաև հպարտանում ենք, որ Նարեկացու պես հանճարեղ բանաստեղծ ունենք, որին նույնիսկ Դանթեից ենք բարձր դասում: Եթե մենք մեր ասածին գոնե փոքր-ինչ հավատում ենք, և եթե իսկապես հավատավոր ենք, մեր մայրաքաղաքի ամենաերևելի փողոցներից մեկը պիտի Նարեկացու անունը կրեր, իսկ Նարեկացու արձանը պիտի մեր մայրաքաղաքի ամենաերևելի տեղում դրվեր, մանավանդ որ` մենք մեր փողոցների անուններին ու մեր արձաններին շատ մեծ կարևորություն ու նշանակություն ենք տալիս:

Մենք, Քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետական կրոն դարձրած լինելով, մեր մայրաքաղաքի կենտրոնում` սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առաջ կարող էինք Նարեկացու արձանը դնել, կամ, ասենք, Գրիգոր Լուսավորչի արձանը, բայց վերջինիս արձանը դրեցինք նախագահական պալատի բակում, և, բարեբախտաբար, ճիշտ ժամանակին այնտեղից հանեցինք:

Բայց մենք ամենից ավելի մեր զորավարներին ենք սիրում, դրա համար էլ սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առաջ զորավար Անդրանիկի արձանը դրեցինք, ընդ որում` երկու ձիով: Էս ընթացքում զորավարի արձանը նաև իր անունը կրող թաղամասում դրեցինք: Էս ընթացքում նաև Բաղրամյան ու Իսակով դրեցինք: Թե թվարկածս չորս արձաններից որն է գեղարվեստական արժեք ներկայացնում, դժվար է ասել: Համենայն դեպս, այդ չորսից դժվար է եզրակացնել, թե` մենք մեր զորավարներին սիրում ենք: Եթե Գարեգին Նժդեհին էլ ենք էդ կերպ սիրելու, ավելի լավ է` Նժդեհի անունը կրող հրապարակում Սուրեն Սպանդարյանը շարունակի կանգնել:

Ես հաստատ չեմ կարող ասել` ինչու էր Օստապ Իբրահիմովիչը փափագում Ռիո դե Ժանեյրո ընկնել: Հավանաբար` ցոփ ու շվայտ կյանքի համար: Համենայն դեպս` ոչ ֆուտբոլի համար, որովհետև այն տարիներին բրազիլական ֆուտբոլը համաշխարհային հռչակ չուներ:

Հիմա բրազիլացիք իրենց ֆուտբոլով են ապրում ու հպարտանում: Համենայն դեպս` վերջին առաջնությունից առաջ էդպես էր: Ենթադրում եմ, որ իրենք Քրիստոնեությունից ավելի քիչ են խոսում, քան մենք:

Բայց Ռիո դե Ժանեյրոյի թագն ու պսակը Քրիստոսի արձանն է: Ոչ միան գաղափարն է փառահեղ, այլև` տեղը, այլև` կատարումը: Այդպես են սիրում ու մեծարում: Որովհետև իսկական սերն անթերի ու կատարյալ է:

Մենք մտադիր էինք շարունակել մեր փողոցների անվանումների շուրջ մեր սկսած խոսակցությունը, բայց մեր խոսակցությունը վերստին արձանների մասին ստացվեց: Որովհետև Միկոյանի առիթով արձանների գծով շատ խորացանք ու տարածվեցինք: Եվ շարունակում ենք: Ընդ որում, ավելի շատ խոսում ենք այն մասին, թե` ում արձանը չի կարելի դնել, մինչդեռ պարտավոր ենք ավելի շատ խոսել այն մասին, թե` ում արձանն ենք պարտավոր դնել:

Ավելի շատ խոսում ենք անարժանների մասին, քան` արժանավորների: Ասվածը հավասարապես վերաբերում է նաև մեր փողոցների անվանումներին: Մեր վերջին անկախության առաջին տարիներին էլ էինք մեր փողոցների անվանումների շուրջ կրքոտ վեճեր ծավալում, և արդյունքում մի շարք փողոցներ վերանվանվեցին, և չնայած անկախությունից հետո Հայաստանում խղճի ու հավատքի անկախություն է, վերանվանված փողոցներից քչերն են կրում մեր քրիստոնեության երևելիների անունները: Հետո էլ զարմանում ենք, որ օտարներից որոշները չգիտեն, որ մենք քրիստոնյա ենք:

Եթե մենք արձաններին ու փողոցների անվանումներին էդքան կարևորություն ենք տալիս, մեր կաթողիկոսներից գոնե լավագույնների արձանները պիտի դրած լինեինք, և մեր փողոցներն էլ պիտի նրանց անունները կրեին:

Չէ՞ որ մեր կրոնն ու մեր եկեղեցին դարեր շարունակ պետության նշանակություն են ունեցել մեզ համար:

Գուցե ասեք` արձաններ դնելը կռապաշտություն է: Գուցե մեծ հաշվով դա այդպես է: Բայց դարերի ընթացքում արձանային կռապաշտությունն արվեստի նշանակություն է ձեռք բերել և արվեստի ժանր է դարձել:

Ինչքան էլ քննադատենք մեր արձանները, Երևանն այն քաղաքն է, որի լավագույն արձանները ճանաչված ու սիրված են: Վատերն, իհարկե, կարելի էր չդնել: Բայց լավերն իսկապես զարդարում են մեր մայրաքաղաքը:

Վատերին ոչ միայն արձան չի կարելի դնել, այլև վատերի անունով փողոցներ էլ չի կարելի անվանակոչել: Դրա համար նախ պիտի որոշենք` ովքեր են մեր վատերը: Ավելի ճիշտ, պիտի որոշենք` ովքեր են մեր լավերը: Եթե լավերի պատվին լավ արձաններ դնենք ու փողոցներ անվանակոչենք, վատերի համար ազատ տեղ չի մնա:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hay Mard says:

    առաջին դասարանի լրագրողի հոդված

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031