Փաստաբան Լիանա Բալյանը գտնում է, որ Հայաստանում ամուսնալուծությունների թիվը գնալով աճում է, որովհետև ՀՀ օրենսդրությամբ ամուսնալուծվելու ընթացակարգն այնքան հեշտացված է, որ ամուսինները առանց որևէ դժվարության ամուսնալուծվում են:
Փաստաբանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս տարի ամուսնալուծության չորս գործ է ունեցել: Չորս զույգն էլ ամուսնալուծվել են: Մինչդեռ, ըստ նրա, այդ չորս ընտանիքներից երկուսը հնարավոր էր փրկել:
Ինչպե՞ս:
Փաստաբանն առաջարկում է ընտանեկան օրենսգրքում լուրջ փոփոխություններ կատարել, որոնք կնպաստեն ամուսնալուծությունների կրճատմանը: Մասնավորապես, նա գտնում է, որ ամուսնալուծությունների գործում պետք է ներմուծել հոգեբանի ինստիտուտ և առանց հոգեբան-փորձագետի եզրակացության զույգին չամուսնալուծել, բացառությամբ երկու դեպքի՝ երբ ամուսիններից մեկը հոգեկան հիվանդ է կամ երբ երեք տարուց ավելի բացակայում է երկրից. «Երբ հոգեբանը ներկա է դատական նիստին, դատարանը ոչ թե հետաձգում է նիստը՝ 1-3 ամիս ժամկետ տալով կողմերին, այլ կասեցնում է գործը: Հոգեբանից փորձաքննության եզրակացություն է պահանջում: Իսկ հոգեբանը, մինչև փորձաքննության եզրակացություն տրամադրելը, խոսում է կողմերի հետ, համապատասխան աշխատանքներ է տանում ամուսինների հետ, և շատ հնարավոր է, որ այդ աշխատանքների ընթացքում ընտանիքը վերականգնվի»,- ասում է փաստաբանը: Նա վստահեցնում է, որ դա բոլորովին էլ անհնարին բան չէ, ինչպես թվում է առաջին հայացքից, որովհետև իր աշխատանքային փորձը ցույց է տվել, որ ամուսնալուծությունների 70%-ը կենցաղային բնույթ են կրում, իսկ այդպիսի ամուսնալուծություններից, փաստաբանի համոզմամբ, կարելի է հեշտությամբ խուսափել հոգեբանի օգնությամբ:
Լ. Բալյանը համոզված է, որ եթե ընտանեկան օրենսգրքով բարդացվի ամուսնալուծությունների ընթացակարգը, ապա դրանց թիվը զգալիորեն կնվազի. «Հայաստանում այնքան հեշտ է ամուսնալուծվելը: Ամուսիններից միայն մեկի ցանկությունն էլ է բավարար դրա համար: Իսկ դատավորներն ամուսնալուծելիս վճռի հիմքում որևէ փորձաքննության եզրակացություն, ապացույց չեն դնում, ընդամենը բավարարվում են հայցվորի և պատասխանողի բանավոր փաստարկներով»,- ասում է փաստաբանը:
Նա նաև մտահոգվում է, որ թեև օրենքով նախատեսված է, որ դատարանն իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու ուղղությամբ, բայց միայն 1-3 ամիս ժամանակ է տալիս նրանց, որ նրանք իրենք հաշտվեն, իսկ ինքը որևէ աշխատանք չի տանում հաշտեցնելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Լ. Բալյանը տեղեկացրեց նաև, որ ընտանեկան օրենսգրքի փոփոխության նախագիծ է մշակել, որն արդեն ներկայացրել է ՀՀ նախագահին, շուտով պատրաստվում է ներկայացնել նաև Ազգային ժողով և կառավարություն:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ