Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինի կողմից նախազգուշացում ստանալուց հետո Ալիևը չի շարունակի ամերիկյան պարեր պարել». քաղաքագետ

Օգոստոս 09,2014 16:33

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ այսօր և վաղը Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից շատ խիստ նախազգուշացում կլինի, որը թեև կհնչի երկու նախագահների համար, բայց ուղղված կլինի Ի. Ալիևին՝ «չփորձես կրկնել Վրաստանի արկածախնդրությունը (2008թ. օգոստոս)» կոնտեքստով: «Եվ ես չեմ կարծում, որ Ի. Ալիևը չի լսի ու կշարունակի ամերիկյան երգեր ու պարեր պարել: Հնարավոր չէ: Եթե չլսի, Մայդանը կտեղափոխվի Ադրբեջան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզմունք հայտնեց քաղաքագետը:
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ հանդիպման ժամանակ Վ. Պուտինը ոչ հայանպաստ որոշումներ պարտադրի՝ ցանկանալով Ադրբեջանին ներգրավել Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ), քաղաքագետը նկատեց, որ դա իրատեսական չի համարում մի քանի պատճառներով. նախ՝ որ Ադրբեջանը չի հայտարարել, թե մտադրություն ունի միանալու Եվրասիական միությանը, ապա՝ նա հավատարիմ է թուրքական կամ թուրքամետ ծրագրերին և երրորդ՝ Ադրբեջանն անելիք չունի Եվրասիական միությունում. «Ի՞նչ պիտի անի նա այնտեղ:

Ռուսաստանին էլ պետք չէ Ադրբեջանի ներկայությունը ԵՏՄ-ում, որովհետև երկիրը (տվյալ դեպքում՝ Ադրբեջանը), որը երկկողմանի կախվածության մեջ է գտնվում, որևէ որոշիչ դեր չի խաղում տարածաշրջանում»,- մեկնաբանեց Ս. Շաքարյանցը:
Ինչ վերաբերում է սահմանային և ռազմաճակատային սադրանքներին, պարոն Շաքարյանցն ընդգծեց, որ դրանք ավելի վաղ են սկսվել՝ դեռևս մայիսին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունից հետո. «Ամերիկացիները ադրբեջանցիների ձեռքով փորձում են մեզ դրդել, որ ընդունենք Ուորլիքի պայմանները,- ասում է քաղաքագետը:- Երբ ԼՂՀ ղեկավարությունը հունիսին հայտարարեց, որ ո՛չ Մադրիդյան սկզբունքները, ո՛չ իրենց նոր խմբագրած տարբերակը ձեռնտու չէ Արցախին, ԱՄՆ-ը որոշեց Ադրբեջանի միջոցով ցույց տալ, որ մտադիր չէ հանդուրժել հայերի ըմբոստությունը: Եվ թող ոչ ոք ներկայիս իրավիճակը չվերագրի այլ երկրների, որովհետև Թուրքիան զբաղված է նախագահական ընտրություններով, Սիրիայով, Իրաքով և այլ խնդիրներով: Իրանը խրված է սիրիական ու իրաքյան հարցերի մեջ, և պատերազմը նրան բոլորովին ձեռնտու չէ: Ռուսաստանն էլ Ուկրաինայում է թաղված պատերազմի մեջ և հաստատ չէր ցանկանա, որ կովկասյան սարերում պատերազմ սկսվեր»:

Այսպիսով՝ ըստ քաղաքագետի՝ տարածաշրջանում չկա մի պետություն, որին ձեռնտու կլինի պատերազմի վերսկսումը: Նրա խոսքով՝ միակ պետությունը, որին ձեռք է տալիս պատերազմը մեր տարածաշրջանում, ԱՄՆ-ն է:
Ինչո՞ւ:

«Որովհետև տապալվել է նրա քրդական խաղն Իրաքում, տապալվում են նրա գործողություները Սիրիայում և այլուր, պարզվեց` իզուր է ռմբակոծում Դոնեցկը. այնտեղ չկա իր ուզած գազը: Այդ ֆոնի վրա ամերիկացուն մնում է մի բան` մի այլ պատերազմ, որտեղ ինքը ղեկավարող կլինի: Երբ զգում ես, որ կորցնում ես վերահսկողությունը մի գործողության նկատմամբ, որի սկիզբը դու ես դրել, կատաղությանդ սահման չի լինում: Հիմա ԱՄՆ-ի կատաղությունը, իրոք, սահման չունի. նա չի հասկանում՝ ինչպես և որտեղ կարելի է հարվածել, որպեսզի իր ուզած կառավարելի քաոսը վերստեղծվի ու շարունակվի, և ինքը գա ու առաջատարի դեր ստանձնելով՝ պայմաններ թելադրի»,- մեկնաբանում է Ս. Շաքարյանցը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    «Քաղաքագետ» Սերգեյ Շաքարյանցը վարձատրվում է Ռուսաստանի՞ կողմից: Այ քեզ տիպիկ ռուսական պրոպագանդա: Այս մարդը երևի «մոռացել» է, որ Ադրբեջանի նավթը Արևմու՛տք է գնում,որը խանգարել է ռուսի քունը՝ հատկապես հիմա:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031