Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդիները մերկապարանոց հայտարարություններ չեն ուզում

Օգոստոս 09,2014 12:09

 Նրանք կոչ են անում կանխել Իրաքում իրականացվող սպանդը

Այսօր՝ օգոստոսի 9-ին, «Պոստ Սկրիպտում» ակումբում Իրաքում եզդիների շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձան եւ միջազգային կազմակերպություններին ու ՀՀ իշխանություններին եզդիական համայնքի պահանջը ներկայացրին «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ խորհրդի ղեկավար Բորիս Մուրազին և փոխնախագահ Մամե Ամիրյանը, «Եզդիների ազգային կոմիտե» հ/կ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը, «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ-ի նախագահ Ամո Շարոյանը և հասարակական գործիչ, դասախոս Ռուստամ Բաքոյանը: Նրանք գերտերությունների ղեկավարներին ու միջազգային կազմակերպություններին կոչ են անում չբավարարվել մերկապարանոց հայտարարություններով եւ ստիպել ահաբեկիչներին՝ վերջն դնել ո՛չ մահմեդական փոքրամասնությունների սպանդին:

Ըստ «Միդիա-Շանգալ» եզդիներիազգայինմիավորում հ/կ նախագահ ԱմոՇարոյանի  հայտարարության. «2014 թ օգոստոսի 2-ին «Իրաքի եւ Լեւանտայի իսլամական հանրապետություն» ահաբեկչական կազմակերպությունը գրավել է Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզի մի մասը: Բնակչության մեծ մասը վախից լքել է իրենց բնակավայրը եւ բարձրացել լեռները: Ահաբեկիչները եզդիաբնակ բնակավայրերում գերեւարում եւ սպանում են իսլամ չընդունողներին… Մարդկանց սպանում են միայն այն պատճառով, որ չեն ընդունում իրենց կրոնը: Եզդիների հետ ահաբեկչության են ենթարկվում նաեւ այնտեղ ապրող քրիստոնյաները»:

Բորիս Մուրազիի ձեւակերպմամբ, այս օրերին Հայաստանի եզդիական համայնքը արդեն չորս-հինգ բողոքի ակցիա է իրականացրել, դիմել են ՀՀ նախագահին ու վարչապետին, որպեսզի դիվանագիտական ճանապարհով լուծում տան խնդրին: Նրա ասելով, ՀՀ կառավարությունից պատասխան չէին ստացել ու սպառնացել էին փակել  Հանրապետության հրապարակը, դրանից հետո իրենց ընդունել է փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

«ՀՀ կառավարությունը 50 000 դոլարի սահմաններում խոստացել է պարենային օգնություն տրամադրել եզդիներին, ինչը տեղափոխման հետ կապված դժվարություններ կարող է առաջացնել: Եթե ՀՀ կառավարությունը պատրաստ է այդ օգնությունը տրամադրել, կարող է ՄԱԿ-ի միջոցով փոխանցել Իրաքի գրասենյակին: Երեկ հանդիպել ենք նաեւ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ, շատ մեծ սպասելիքներ չունենք, թե ինչ-ինչ քայլեր կանի ԱԳՆ-ն, որովհետեւ անգամ Հայաստանի հետ կապված հարցերում է զգուշավոր: Փոխարտգործնախարարն ասաց, որ կքննարկեն դատապարտող հայտարարությամբ հանդես գալու հարցը»,-նշեց Մուրազին:

Նրա ասելով, երբ Ֆրանսիայի Հանրապետությունը խոսում է ընդհանուր քրիստոնյաների խնդիրներից, Իրանը՝ շիաներից, իրականում եզդի բնակչության խնդիրների մասին բոլորը լռում են:

Մամե Ամիրյանը թվային տվյալներ ներկայացրեց. 300 000 եզդի փախստական կա, 60 երեխա մահացել է սովից ու ծարավից, ոչ պաշտոնական տվյալներով զոհերի թիվը անցել է 5000-ը, 45 եզդի կանայք երեկ ինքնասպան են եղել դահճի ձեռքը չընկնելու համար, 10000 եզդի անցել է սիրիական Քրդստանի տարածքը, մի քանի եզդի գտնվում է Վրաստանում, մի քանիսն էլ՝ Թուրքիայում, 500  կանանց ահաբեկիչները գերեւարել եւ տարել են Մոսուլ:

Բանախոսները նշեցին, որ մշտական կապ են պահպանում իրենց հոգեւոր առաջնորդի՝ Բիր Հազըմ բեկի որդու եւ տեղական ԶԼՄ-ների հետ:

Ամո Շարոյանի խոսքով, ամեն ինչ սկսել է օգոստոսի երկուսին, պատճառն այն է, որ եզդիները այլադավ են, մահմեդականություն չեն ընդունում: Նրա խոսքով, կրկնվում է 1915 թ սցենարը. ինչ ժամանակին արել են հայերի հետ, հիմա էլ նույնը անում են եզդիների հետ. «Ջիհադի գաղափարախոսության սկզբունքներից ելնելով հայտարարել են, որ ով գոնե մեկ եզդի սպանի, կգնա դրախտ: Մարդկանց սպանում են միայն այն պատճառով, որ չեն ընդունում իրենց կրոնը: Ահաբեկիչները սպառնացել են պայթեցնել եզդիների  Լալեշ սրբավայրը, նրանք արդեն պայթեցրել են քրիստոնյա փոքրամասնությունների մի քանի սրբավայրեր»:

Սաշիկ Սուլթանյանը նշեց, որ վերը նշված ահաբեկչական խմբավորումը Ալ-Քաիդայի հետնորդ է, նրա կազմում չեչեններ են, արաբներ, ադրբեջանցիներ, բոլորն էլ ծայրահեղ իսլամիստներ են, որոնք կոչ են անում գրավել ողջ մայրցամաքը: «Նրանք վտանգ են ներկայացնում ոչ աշխարհի համար: Իմիջիայլոց, Բարաք Օբաման էլ է դատապարտող հայտարարություն արել, բայց մեզ հայտարարություններ պետք չեն, մեզ պետք են գործողություններ: Միայն ՀՀ կառավարությունը որոշակի խոստումներ տվեց, չգիտենք ինչ չափով դրանք կիրականանան: Եզդիական համայնքի ներսում էլ դրամահավաք կկայանա, մեր որոշ հայ ընկերներ էլ պատրաստակամություն են հայտնել օգնություն տրամադրել»,-ասաց Սուլթանյանը:

Բացվել է հաշվեհամար ՎՏԲ-Հայաստան բանկում  «Սինջար» եզդիական միավորում հասարակական կազմակերպության անունով, ցանկացողները կարող են գումար փոխանցել 16041030574400 հաշվեհամարին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031