Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ սահմանում ավելի հանգիստ է, քան…

Օգոստոս 09,2014 12:00

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում (շփման գիծ չեմ ասում, բացառությամբ Շահումյանի շրջանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների առանձին հատվածների, ուր մեր տարածքների մի որոշ մաս մնացել է թշնամու վերահսկողության տակ, ռազմաճակատային գծի մյուս հատվածները սահման են, ազատագրված հողերն էլ ամրագրված են Արցախի սահմանադրությամբ), աննախադեպ լարվածությանը զուգահեռ, ժողովրդի որոշ հատվածներում, հատկապես առաջին օրերին, խուճապային տրամադրություններ նկատվեցին։

Զարմանալին այն է, որ եթե Արցախի մայրաքաղաքում նման տրամադրություններ նկատվեցին որոշ տարեց կանանց շրջանում միայն, ապա երևանյան ֆեյսբուքյան օգտատերերից խուճապային գրառումներ նկատեցի հատկապես արական սեռի մոտ։ Նույնիսկ երևանյան իմ ծանոթներից մեկը զանգեց ու տագնապած սկսեց այնպիսի հարցեր տալ, որ, մեղմ ասած, մնացել էի տարակուսած։

Հիշում եմ, 1992-ի ամռան ծանր օրերին, երբ ներքաղաքական անբարո խաղերի, թե սցենարի արդյունքում թշնամին զավթել էր Շահումյանն ու Գետաշենը, երբ ընկել էր նաև Մարտակերտ շրջկենտրոնը, և Ստեփանակերտի փողոցները լի էին հազարավոր անտուն, անօթևան փախստականներով ու փախստականների քարավանի մի ստվար մասն էլ արդեն Լաչինով մեկնում էր Հայաստան, իրոք խուճապ կար։ Սարսափելի խուճապ էր։ Արցախի մայրաքաղաքի հրապարակում նույնիսկ տղամարդիկ, տնավեր դարձած տղամարդիկ այնպիսի բաներ էին պատմում, որ լսողների, հատկապես կանանց աչքերում սարսափ էի նկատում, անհուսություն ու անզորություն։ Երբեմն միջամտում էի ու ականատես-պատմողներին նրբանկատորեն բացատրում, որ կանանց ու աղջիկների ներկայությամբ պետք չէ բոլոր սարսափները բարձրաձայն հիշել… Բայց սա վաղուց է եղել, ավելի քան երկու տասնամյակ առաջ։

LXHՎերջին սահմանային իրադարձությունների, վերջին լարվածությունների ժամանակ Ստեփանակերտի փողոցներում կյանքը շարունակվում էր նույն հունով, ինչպես ամիսներ, տարիներ առաջ։ Մարդիկ միանգամայն հանգիստ իրենց գործին էին։ Անշուշտ, մտահոգություն կար, բայց տագնապ ու խուճապի թեկուզ նշույլ ես երբեք չտեսա։ Փոխարենը՝ լուրջ-լուրջ վերլուծում էին վերջին անցքերն ու իրադարձություններն ու դրանք կապում տարածաշրջանային կամ գլոբալ խնդիրների հետ, անգամ ենթադրություններ անում լարվածության շիկացման անդրկուլիսյան կազմակերպիչների մասին։

Այդ օրերին ֆեյսբուքյան իմ ընկերներից այցելել էին Արցախ ու անկեղծորեն զարմացած էին, թե ինչու իրենց չեն թույլատրում մեկնել Ակնի (Աղդամի) մոտ գտնվող Տիգրանակերտը տեսնելու։ Երբ բացատրում էի, որ դա պայմանավորված է հայ-ադրբեջանական սահմանում որոշակի լարվածությամբ, իսկ Տիգրանակերտը սահմանամերձ հատվածում է, նրանք զարմանում էին, որովհետև արցախցիների դեմքից ամենևին չէր երևում, որ սահմանում մարտական, պատերազմական վիճակ է։

Վերջին օրերին լարվածությունը դեռևս մնում է։ Ադրբեջանական կողմից շարունակում են գնդակոծությունները, անգամ դիվերսիոն նոր փորձեր են կատարվում ու կասեցվում։ Բայց, ընդհանուր առմամբ, համեմատաբար ավելի «հանգիստ» վիճակ է, քան նախորդ շաբաթ։

Պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկություններով, վերջին օրերին լարվածություն ու խուճապ կա հենց ադրբեջանական սահմանամերձ բնակավայրերում։ Այդ մասին ակնարկել է նաև ՀՀ ՊՆ նախարարը. «Ադրբեջանական սահմանամերձ գյուղերում խուճապ է, մարդկային արտահոսք է նկատվում, այդ գյուղերում ուժեղացվել է վարչական և ոստիկանական ռեժիմը»։

Արցախի պաշտպանության բանակի կործանիչներն օգոստոսի 6-ին, ժամը 11.40-ից սկսած՝ թռիչքներ են իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Ինքնաթիռների ձայնը բարձր լսվում էր նաև մի քանի կիլոմետրի վրա գտնվող ադրբեջանական գյուղերում, ու դա ևս, հավաստի տեղեկությունների համաձայն, այդ գյուղերում վախի և խուճապի տրամադրություն էր ստեղծել…

Արցախի ՊՆ լրատվական ծառայության տեղեկատվության համաձայն, «օգոստոսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց»:

Իմ ընկերներից ու ծանոթներից շատերը, որ լարվածության առաջին օրերին կամավոր մեկնել էին դիրքեր, այսօր վերադարձան։ Բնականաբար՝ հոգնած էին։ Մի բան միայն կարողացա պոկել նրանց շուրթերից՝ ամեն ինչ նորմալ է…

Առայժմ պաշտոնական տեղեկություն չկա, բայց լուրեր են պտտվում, որ այսօր՝ օգոստոսի 7-ին, ԼՂՀ հյուսիսարեւելյան շրջանի գյուղերից մեկի մոտ հայկական ուժերը խոցել են հակառակորդի անօդաչու թռչող սարք։ Ըստ hetq.am-ի, ինքնաթիռն ընկել է հակամարտ զորքերի դիրքերի միջեւ՝ չեզոք գոտում: Նույն աղբյուրը նշել է, որ այժմ հայկական կողմից աշխատանքներ են տարվում սարքը գտնելու ուղղությամբ:

Քիչ առաջ, երբ զրուցեցի բարձրաստիճան իմ ծանոթի հետ, նա ասաց, որ ամենասարսափելին այն չէ, ինչ կատարվել կամ կատարվում է սահմանում։ Ավելի վատը քաղաքական կուլիսների հետևում է. ՌԴ կառավարությունն այսօր պետք է հավանություն տա Եվրասիական միությանը Հայաստանի միանալու համաձայնագրի նախագծին և ստորագրման համար փոխանցի նախագահին: Ասել է թե՝ Հայաստանը հանգիստ պատրաստվում է մտնել «մաքսային ճահիճ», որն ամենևին չի բխում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
Ստեփանակերտ

Հ.Գ.- Մի օր առաջ գրառում էի թողել ֆեյսբուքյան իմ էջում։ Մոտավորապես իմաստը սա էր. «Հատկապես այս խառն, կիսապատերազմական ժամանակներում մի հնար լիներ՝ ՀՀ վերնախավը հեռավոր մի որևէ տեղ մեկներ, հեռանար երկրից, որպեսզի չխանգարեն, չվտանգեն երկրի պաշտպանությունն ու ազատությունը»։ Ցավոք, կարծես թե չեմ սխալվել՝ սպասվելիք վտանգի հարցում: Բայց դա այլ թեմա է։

«Առավոտ» օրաթերթ

09.08.2014

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031