Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Զենքը հարսանեկան հրավառության համար չէր կուտակվել, պետք է օգտագործի այդ զենքը». «Հրապարակ»

Օգոստոս 09,2014 11:16

Այսօր Սոչիում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը միայն դրական ակնկալիքներ է ծնել վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ, ում գնահատականները, խոստումները, սպասելիքներն ու անելիքները համարժեք չեն երկրում տիրող իրական վիճակին: Իսկ քաղաքական-դիվանագիտական բովով անցած մասնագետներն այդ հանդիպումից առանձնապես ակնկալիք չունեն: Թեեւ կարծում են, որ, անկախ լուծման արդյունքից, հանդիպելը չհանդիպելուց նախընտրելի է: Կանադայում ՀՀ նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ խնդրի լուծման վերաբերյալ ակնկալիքներ չունի:

– Պարոն Պապյան, այսօր Ռուսաստանում Սարգսյան-Ալիեւ-Պուտին սպասված հանդիպումն է, որից սպասելիքները մեծ չեն: Այս դեպքում նման հանդիպումն ինչո՞վ էր նպատակահարմար, այն էլ հենց Ռուսաստանում: Շփման գծում առկա լարվածության, ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորմանն այն ինչ-որ ձեւով կնպաստի՞:

– Ես կարծում եմ, որ ցանկացած հանդիպում միշտ նախընտրելի է չհանդիպելուց, եթե անգամ մեծ արդյունքներ չեն ակնկալվում: Լայն առումով ես չեմ ակնկալում հարցի լուծման վերաբերյալ արդյունքներ, բայց կարծում եմ, որ իրավիճակի որոշակի մեղմացում կլինի: Ի վերջո, Պուտինը կարիք ունի Արեւմուտքին ցույց տալու, որ ինքը Հարավային Կովկասում հարցեր լուծող է: Եվ քանի որ սա անհրաժեշտ է Պուտինին, դրանից հետո փոքր մեղմացում կլինի, հետո՝ ակտիվացում, նորից՝ էլի մեղմացում:

– Հայաստան-Ադրբեջան մեկուկես տասնյակի հասնող հանդիպումներն ի՞նչ հարց են լուծել այս 20 տարիների ընթացքում: Գլխավոր խնդիրը մնում է չլուծված, սահմանին իրավիճակը սրվում է, զոհեր են արձանագրվում, իսկ հանդիպումները շարունակվում են: Դրանք ղարաբաղյան խնդրի լուծմանն ինչ-որ ձեւով նպաստե՞լ են:

– Անցած տարի 14-րդ հանդիպումն էր, երեւի արդեն մեկ տասնյակից ավելի, երկու տասնյակին մոտ են հանդիպումները, եւ դրանց շնորհիվ է, որ 94 թվականից իրավիճակի սրում չի եղել: Այդ հանդիպումները նպաստել են լայնածավալ պատերազմի կանխմանը: Կողմերը չեն եկել վերջնական լուծման, քանի որ խիստ իրարամերժ տեսակետներ ունեն, առաջին հերթին մեղադրելի է Ադրբեջանի դիրքորոշումը, քանի որ Ադրբեջանն այսօր Ղարաբաղին առաջարկում է մի կարգավիճակ, որն ավելի ցածր է, քան Ղարաբաղն ուներ մինչեւ 88 թվականը: Եվ չկա աշխարհի պատմության մեջ մի դեպք, որ կռված-հաղթած կողմը հենց այնպես համաձայնի ավելի ցածր կարգավիճակի, նա մի բան պիտի ստանա, փոխզիջումը նշանակում է, որ մի բան զիջում ես, մի բան մնում է:

– Պարոն Պապյան, կան կարծիքներ, որ Ադրբեջանի ակտիվացումը Ռուսաստանի հրահրման հետեւանք է: Եվ, ընդհանրապես, ըստ Ձեզ, արտաքին քաղաքական ո՞ր գործոնները նպաստեցին Ադրբեջանի ակտիվացմանը:

– Մի շարք պատճառներ նպաստեցին, ընդհանրապես, նման գործոնները բազմաթիվ են, մեկը չէ: Ռուսաստանից Ադրբեջանը հսկայական քանակությամբ զենք էր գնել։ Սա մեկ գործոն է: Եվ այդ զենքը հարսանեկան հրավառության համար չէր կուտակվել, պետք է օգտագործի այդ զենքը։ Մյուս արտաքին քաղաքական գործոնը Ռուսաստան-Ուկրաինա-Արեւմուտք հարաբերությունների սրումն է: Ի վերջո, Ռուսաստանն այդքան ռեսուրս չունի, որ կարողանա երկու ճակատի ուղղությամբ գործողություններ ծավալել: Նպաստեցին նաեւ այն կանխատեսումները, որ Ռուսաստանի տնտեսական վիճակը վատանալու է, իսկ արտաքին քաղաքական գործողությունները, հատկապես ռազմական գործողությունները, Ռուսաստանում ղեկավարի ռեյտինգը բարձրացնելու էին: Մենք տեսնում ենք, որ հիմա Պուտինի ռեյտինգը բարձր է: Մի խոսքով, տարբեր գործոններ կան, որոնք հանգեցրին դրան:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031