Մեղավորները պատասխան կտա՞ն
Օգոստոսի 7-ին Տավուշի ջրամբարից ներքեւ գտնվող տարածքում, Վերին Կարմիրաղբյուր գյուղին պատկանող խաղողի եւ պտղատու այգիներում հրդեհ է բռնկվել: Այդտեղ է գտնվում մոտ 70 հա այգի: Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանն ասաց, որ Վերին Կարմիրաղբյուրի եւ Տավուշ գյուղի բնակիչները պայքարել են հրդեհը մարելու համար, որոշ տեղերում կրակը հասնելով ճանապարհին՝ ինքնին է մարվել: Գյուղապետի վկայությամբ ՝ հրդեհից ոչնչացել է Վերին Կարմիրաղբյուրի բնակիչներին պատկանող եւ այդ համայնքի պահուստային սեփականություն հանդիսացող 12 հա խաղողի եւ պտղատու այգի:
«Այգիներ կան, որ գյուղացիները 3-4 տարի առաջ էին հիմնել, դրանք այս տարի առաջին անգամ բերք պիտի տային, ոչնչացել են»: Նա ասաց, որ Եղվարդից շինարարական մի կազմակերպություն տեխնիկապես սարքին ջրագծի խողովակները հատել-մասնատել է այգում՝ առանց պահպանելու անվտանգության կանոնները: Եռակցման սարքից թռած կայծերը դիպչելով չոր, չհնձված խոտին՝ հրդեհ են առաջացրել: Ըստ գյուղապետի՝ այդ կազմակերպությունը շինարարության թույլտվություն չունի եւ նոր է միայն դիմել այն ստանալու համար: Կ. Չոբանյանը չգիտի, թե սարքին ջրագծի հատված խողովակները ո՞ւր էին տանելու: Նա ասաց. «Ասում են՝ այս տարածքում ջրագծի շարունակություն են կառուցելու, ուրիշներն ասում են՝ Արմավիր են տանելու»: Նրա խոսքերով՝ շինարարական կազմակերպության, ոռոգման ձեռնարկության աշխատողները օգոստոսի 8-ին եղել են հրդեհված այգում, երկուշաբթի գյուղապետը լինելու է ոստիկանության Բերդի բաժնում: Նա վճռական է հրդեհից պատճառված վնասը գանձելու համար:
Հարց է ծագում՝ առանց շինարարական թույլտվության, ո՞ւմ բանավոր թույլտվությամբ է շինարարական կազմակերպությունը կատարել տեխնիկապես սարքին ջրագծի ապամոնտաժման աշխատանքներ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ