Վերջին օրերին սահմանում տեղի ունեցած և դեռ շարունակվող իրադարձությունները կարծես առավել մեծ նշանակություն են տալիս առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի սպասվելիք հանդիպմանը Սոչիում. ակնկալիքներն ըստ երևույթին ավելի մեծ են ի տարբերություն նախկին հանդիպումների: Բոլորն ինչ-որ բեկման են սպասում և որ ամենակարևորն է մեր` հայերիս, շրջանում առկա է մտավախություն, որ Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում մեզ կարող են ճնշել և դա ոչ ավել ոչ պակաս կլինի հենց մեր այսպես կոչված դարավոր եղբայրական, իսկ այսօրվա տերմինաբանությամբ ասած մեր ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի կողմից:
Շատերիս մտավախության համար հիմք է հանդիսանում անկախությունից ի վեր մեր քիչ թե շատ կրավորական կեցվածքը Ռուսաստանի հետ հարաբերություններում, սակայն այս մտավախության հիմքն էլ ավելի ամրացավ նախորդ տարվա սեպտեմբերի 3-ից հետո մեր պետության կայացված որոշումից հետո: Կարծում եմ՝ չարժե խոսել, ոչ դրան նախորդած ոչ էլ հաջորդած մեր հանդեպ Ռուսաստանի կողմից տարված և տարվող քաղաքականության մասին, որից մեր ժողովուրդը, կամ էլ առնվազն դրա մի զգալի հատվածը, մեկ բառով ասած վիրավորված և հիասթափված է:
Ինչևէ կենտրոնանանք ներկայիս խնդրի, մասնավորապես Արցախյան հակամարտության համատեքստում Սարգսյան-Ալիև սպասվելիք հանդիպմանը և Ռուսաստանի կողմից տեսականորեն մեզ ճնշելու հավանականությանը, որն ըստ իս ոչ միայն անհավանական է այլև անհնար: Այժմ թույլ տվեք բացատրել, թե ինչու:
Եկեք սկսենք թերևս մի փոքր պատմական էքսկուրսով: Տեսեք, Հայաստանի անկախությունից ի վեր, իսկ ավելի ճիշտ Արցախյան հակամարտության սկզբից ի վեր Հայաստանը հայտնվել է բավականին խոցելի իրավիճակում. գրեթե անկախությունից անմիջապես հետո ունենք երկու կողմից փակ սահմաններ, որոնք օբյեկտիվորեն խոչընդոտում են մեր երկրի բնականոն զարգացումը, ստիպված ենք մեր բնակչության և օբյեկտիվ կարողություններից վեր մշտական բանակ պահել, և այլն և այլն: Սրան ի հավելումն, անկախությունից ի վեր, գտնվելով այն տարածաշրջանում, որը պատմականորեն գտնվել է ռուսական տերության ազդեցության ներքո, ինչպես նաև լինելով քիչ թե շատ ավելի սերտ և պատմականորեն եղբայրական հարաբերությունների մեջ ռուսների հետ` (չնայած կարծում եմ, որ քաղաքականության մեջ նման «պաթոսային» կատեգորիաներ չկան) ստացվեց այնպես, որ դրան հաջորդած շուրջ 20 տարիների ընթացքում մեր պետությունը, թե´ ռազմական, թե´ տնտեսական, թե. մնացյալ այլ ոլորտներում զարգացրեց և կախման աստիճանի խորացրեց իր երկկողմ հարաբերությունները հենց Ռուսաստանի հետ /չկենտրոնանանք դրա սուբյեկտիվ և օբյեկտիվ դրդապատճառների մեջ, քանի որ դա միանգամայն այլ հարց է, սակայն փաստը մնում է փաստ/:
Կարդացեք նաև
Ինչևէ, այսօրվա դրությամբ հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ Ռուսաստանը մեր, և´ արտաքին, և´ երբեմն ներքին քաղաքականության հանդեպ ունի լրջագույն լծակներ, որոնց կիրառման դեպքում դե ֆակտո հարցականի տակ է դրվում մեր ինքնիշխանության հարցը, սակայն այստեղ կա մեկ հանգամանք, որն աչքաթող անել բնավ չի կարելի:
Բանն այն է, որ Ռուսաստանի` մեր հանդեպ ճնշումները բացառապես կարող են գործել, երբ վտանգվում է Արցախի հարցը: Փորձեմ ավելի հստակ լինել: Մենք «ճնշվում ենք» միայն այն ժամանակ, երբ մեզ սպառնում են, հասկացնում են, ակնարկում են, կոչ եք այդ բառն ինչպես կուզեք, որ «ի դեմս Արցախի կարող ենք ունենալ թեկուզև որոշակի կորուստներ, եթե…»
Չեմ ցանկանում Ձեզ հոգնեցնել և չափազանց երկարացնել ասելիքս այդ պատճառով պարզապես կասեմ հետևյալը` եթե Ռուսաստանը մեզ ստիպեց ետ կանգնել եվրոասոցացումից և շրջվել դեպի եվրասիական ինտեգրացիոնծրագրեր, ինչպես նաև անվերապահորեն աջակցել իր ցանկացած քայլ միջազգային ասպարեզում, ապա դա ոչ ավելի ոչ պակաս քան հանուն Արցախի էր: Այնպես որ եթե Պուտինին, Նազարբաևին կամ էլ Լուկաշենկոյին թվում է, որ Հայաստանն իր դեմքն ու ինքնիշխանությունը կորցրած պետություն է, որին կարելի է անսահման ստորացնել և կամք թելադրել ընդհուպ մինչ ի վնաս մեր «ամենաառանցքային» շահի` Արցախի անկախության և արժանապատվության, ապա չարաչար սխալվում են: Պարզապես մեր ապագա գործընկերները պետք է հասկանան, որ Հայաստանի համար Արցախն անսակարկելի է և եթե նրանք փորձեն հանկարծ շահարկել տվյալ հարցը, ապա Հայաստանն այլևս կորցնելու ոչինչ չի ունենա: Կարճ ասած կմնա միայնակ ամբողջ աշխարհի առջև, բայց այլևս երբեք մեկ թիզ հող անգամ չի զիջի ոչ «գործընկերոջը» ոչ էլ առավելևս թշնամուն:
Վազգեն ՂԱԶԱՐՅԱՆ