Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. Ցանկալի կլիներ, որ ՀԱՊԿ-ը հայտարարություն աներ Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների մասին. «Ժամանակ»

Օգոստոս 09,2014 10:35

«Ժամանակ»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը:

– Պարոն Նիկոյան, Սերժ Սարգսյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ, չի բացառվում, որ հանդիպի նաև Իլհամ Ալիևի հետ: Ո՞րն է այս հանդիպումների նպատակը, և ի՞նչ ակնկալիքներ կան դրանից:

 – Նախ ասեմ, որ անկախ արդյունքներից ցանկացած պարագայում հանդիպումը շատ ավելի դրական է, քան երբ չկա այդ հանդիպումը: Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա առանձնապես լավատես չեմ: Անցած բոլոր տարիներին Ադրբեջանն ամբողջովին այլ մեկնաբանություն է տվել միջազգային՝ ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի սկզբունքներին: Այդ իսկ պատճառով որևէ դրական ակնկալիք, թե ԼՂ խնդրի լուծման հարցում կարող է բեկումնային լինել, ես չեմ սպասում: Չէ՞ որ թե՛ համանախագահները, թե՛ միջազգային հանրությունը ազգերի ինքնորոշման իրավունքն այլ կերպ են պատկերացնում, քան Ադրբեջանը: Քանի դեռ ճիշտ չի հասկանում, դժվար է որևէ լուծում ակնկալել:

– Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների նկատմամբ հայտարարություններ արեցին տարբեր միջազգային կառույցներ, մինչդեռ ՀԱՊԿ-ը որևէ դիրքորոշում չարտահայտեց: Բայց չէ՞ որ ՀՀ-ն այդ կառույցի անդամ է, իսկ այդ կառույցն ինչ-որ առումով ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է:

 – Որտեղից եք վերցնում այդ՝ անվտանգության երաշխավոր տերմինը: Եկեք այդ երաշխավոր բառը չօգտագործենք, որովհետև մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորը մեր բանակն է, մեր պետությունն է, մեր ազգն ու մեր ժողովուրդն է: Մենք կարող ենք ամբողջությամբ վստահ լինել և այդ տերմինը լիարժեք կարող ենք օգտագործել մեր պարագայում: Իսկ ՀԱՊԿ-ի դեպքում խոսքը գնում է տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող իրական վտանգներին:

– Բայց այսօր կա այդ վտանգը: Ադրբեջանը դիվերսիոն գործողություններ է իրականացնում ՀԱՊԿ անդամ Հայաստանի նկատմամբ, նույնն է թե` ՀԱՊԿ-ի սահմաններին:

– Փոխհրաձգությունը և փոքր դիվերսիոն քայլերը դեռևս դրա ապացույցը չեն, այն հիմքը չէ, որի դեպքում ՀԱՊԿ-ը միջամտություն աներ: Անկեղծ ասած` ես էլ կցանկանայի ՀԱՊԿ-ից հայտարարություն լսել, բայց չեմ կարծում, թե հիմա այն իրավիճակն է, որ կոնկրետ քայլեր են անհրաժեշտ: Սահմանային նման միջադեպեր եղել են, հիմա էլ լինում են: Ճիշտ է, վերջին դեպքերը շատ բուռն էին, ու, ցավոք սրտի, ավելի շատ կորուստներ ունեցանք, ինչը տևական ժամանակ չէր եղել: Միգուցեև հայտարարության տեսքով կարելի էր ինչ-որ միտք ասել, բայց ամեն դեպքում իրավիճակն այնպիսին չէ, որ մենք ՀԱՊԿ-ից քայլեր ակնկալենք:

– Բայց գոնե կարող էր չէ՞ դատապարտող, հանդարտության կոչ հղող հայտարարություն անել: Չէ՞ որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանը՝ ոչ:

 – Իհարկե, ցանկալի էր, որ նման հայտարարություն լիներ:

 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

 Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031