Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Ադրբեջանին թեւ տալիս (Տեսանյութ)

Օգոստոս 09,2014 12:40

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարում թեման քննարկում են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը

Արամ Աբրահամյան.– 3 օր շատ լարված վիճակ էր սահմանին: Ի՞նչ նպատակներ էր իր առաջ դրել Ադրբեջանը, ինչո՞ւ էր դա ձեռնարկել:

Արմեն Մարտիրոսյան.- Ես կարծում եմ՝ ամեն ինչ, կարելի է ասել, սկսվեց այն պահից, երբ կեղծված ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին «ճակատագրական» որոշում կայացրեց, հայտարարություն արեց Մաքսային միություն Հայաստանի մտնելու մասին: Այդ օրվանից, երեւի թե, այսօրվա իրավիճակի ժամացույցի մեխանիզմի դետալների մեծ մասը սկսեց աշխատել: Միայն այդ մի հանգամանքով չի պայմանավորված, ներքին ադրբեջանական հանգամանքն էլ կար, բայց գլխավորը, ես կարծում եմ, սա է: Ըստ էության, մենք զրկվեցինք միջազգային իրական սուբյեկտ լինելու իրավունքից, եւ Ադրբեջանն ավելի հետաքրքիր դարձավ խաղացողների համար: Ադրբեջանին փորձում է ներգրավել դեպի իր դաշտ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Արեւմուտքը: Նա հիմա փորձում է ադրբեջանական դիրքերը ամրապնդել՝ դիվանագիտական, քաղաքական առումով: Երկրորդը՝ ներքաղաքական խնդիրներ ունի Ադրբեջանը, մենք տեսանք, որ վերջին ժամանակահատվածում տարբեր դեսպաններ, այդ թվում նաեւ Միացյալ Նահանգների դեսպանը հայտարարեց, որ Ադրբեջանում սպասվում է գունավոր հեղափոխություն եւ այլն, եւ անընդհատ տեսնում ենք, որ իրավապաշտպանների, ընդդիմադիր հայացքներով մարդկանց են վերջին ժամանակներս ձերբակալում:

Ա. Ա.– Եթե սեպտեմբերի 3-ը չլիներ՝ Ադրբեջանը մեզ վրա չէ՞ր հարձակվի:

Ռուբեն Մեհրաբյան.- Ես չեմ կարծում, որ դա ուղղակիորեն կապված է մեկը մյուսի հետ, սակայն պետք է ասել, որ եթե չլիներ սեպտեմբերի 3-ը, մեր այսօրվա արտաքին քաղաքական վիճակը կլիներ շատ ավելի բարվոք, քան հիմա է: Հարցը ունի երկու հարթություն՝ հայ-ադրբեջանական, այսինքն՝ բուն կոնֆլիկտի, մյուսը՝ միջազգային հարթություն: Բուն կոնֆլիկտի համատեքստը նույնն է. Ադրբեջանը միշտ փորձելու է ցույց տալ, որ ներկայիս ստատուս քվոն չի ապահովում խաղաղություն, եւ այն պետք է փոփոխվի, եւ պարբերաբար գնալով նման սրացումների՝ նա հիշեցնել է տալիս դրա մասին: Միջազգային հարթության մասով էլ պետք է ասել, որ Ադրբեջանում նման լկտի պահվածքին «թեւ» տալիս է Ռուսաստանը՝ մատակարարելով հարձակողական զենք, նաեւ թեւ ու թիկունք կանգնելով Ալիեւի ռեժիմին, երբ նրան Արեւմուտքից քննադատում են: Ռուսաստանը արեւմտյան բոլոր հարթակներում Ադրբեջանի թիվ մեկ փաստաբանն է այդ հարցերով: Ռուսաստանը Ալիեւի ռեժիմին դիտարկում է որպես հոգեհարազատ ռեժիմ, որովհետեւ շատ նման են իրենց բոլոր պարամետրերով: Դրան գումարվում է նաեւ Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումը: Հասնում է նրան, որ այդ երկրի կողմից ցավակցությունները բաժին են հասնում այս վերջին միջադեպերի միայն ադրբեջանցի զոհերին, եւ դա արվում է արտգործնախարարի մակարդակով: Դա պարզապես ոչ մի շրջանակում չի տեղավորվում՝ թե՛ բանականության, թե՛ բարոյականության:

Ա. Ա.- Ադրբեջանը, հետեւաբար, նպատակ չի դնում, համենայնդեպս՝ հիմա, ինչ- որ հողեր նվաճելու, նա հասկանում է որ չի կարող առաջ շարժվել, պարզապես այս քաղաքական նպատակներով լարում է իրավիճակը:

Ա. Մ.– Բնականաբար, սա նաեւ որոշակիորեն ուժի ստուգատես էր, փորձարկում էր, թե արդյոք կարո՞ղ է Ադրբեջանը ինչ-որ պահի լայնածավալ պատերազմով որեւէ բան ստանալ: Բարեբախտաբար, մեր զինվորների անձնազոհության շնորհիվ եւս մեկ անգամ ապացուցվեց, որ դա չի լինելու, եւ Ադրբեջանը որեւէ շանս չունի լայնածավալ պատերազմի դեպքում հաջողությունների հասնելու:

Ա. Ա.– Այդ գիտակցությունը, ըստ Ձեզ, կա՞ Ադրբեջանում:

Ա. Մ.- Ես կարծում եմ՝ կա: Կարծում եմ՝ իրենց համար ավելի հասկանալի դարձավ, որ որքան էլ ավելի շատ մեծացնի լարվածությունը, գործողությունների թիվը, ուժգնությունը, միեւնույն է՝ ավելի մեծ պատասխան է լինելու: Առավել եւս՝ մեր պաշտպանության նախարարությունը շատ ճիշտ ժամանակին հայտարարություն տարածեց դրա վերաբերյալ, որ ամենախիստ կերպով հակահարված է լինելու: Նույնիսկ համաչափության մասին չէր խոսքը, այլ խստության, որը շատ ճիշտ եմ գնահատում:

Պատրաստեց Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

08.08.2014

OSI NEW ARM copy

«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը և հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031