Սահմանամերձ շրջաններ համատեղ այցի առաջարկը եղել է Լեւոն Զուրաբյանի կողմից
«Որեւէ բան չի խախտվել: Ես զարմացած եմ, որ որոշ մարդիկ, որոշ քաղաքական ուժեր անձնական շահարկումների արդյունքում փորձում են ընդհանուր գործին խոչընդոտել: Ինձ համար էական չէ՝ դրա մասնակիցներն ովքե՞ր կլինեն՝ նախագա՞հը, վարչապե՞տը, ընդդիմադիրնե՞ր, դիմադիրնե՞ր, սովորական քաղաքացինե՞ր՝ կանայք, տղամարդիկ: Մենք պայմանավորվել ենք, որ պիտի կատարենք միասնական այց, եւ առաջին առաջարկողը եղել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը: Մենք դա ողջունել ենք, միասնական հայտարարություն ենք արել, որոշել ենք միասնական այց: Եթե նրանք անձերով պետք է որոշեն, թե ով է գալիս, ուրեմն շահադիտական նկրտումներ ունեն: Նախնական պայմաններ են գրել՝ այս-այս սահմանները, չնկարվել եւ այլն, որոնք ընդունվել են: Տեսնելով, որ արդյունք չկա, մտածել են՝ ինչպե՞ս խոչընդոտել այս ամենին»,- «Առավոտի» հետ զրույցում ՀԱԿ խորհրդարանական խմբակցության հասցեին մեղադրանքներ հնչեցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե՝ ինչո՞ւ է քաղաքական մեծամասնությունը խախտել նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը եւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների այցը սահմանամերձ զորամասեր համատեղվել է վարչապետի այցի հետ:
Հիշեցնենք, որ այսօր նախատեսված էր խորհրդարանական խմբակցությունների համատեղ այցը սահմանամերձ զորամասեր: Երեկ խմբակցությունների ղեկավարներին ծանուցվել է, որ տեղի կունենա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը շփման գիծ, եւ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հրավիրվում են մաս կազմել նրա պատվիրակությանը:
ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել այն մասին, որ հրաժարվում է մասնակցել Հովիկ Աբրահամյանի «քարոզարշավին», քանզի ի սկզբանե այլ պայմանավորվածություն է եղել խորհրդարանական քաղաքական ուժերի միջեւ:
Կարդացեք նաև
Վահրամ Բաղդասարյանն իր հերթին ՀԱԿ-ին մեղադրեց «մանր, նեղ կուսակցական» շահեր հետապնդելու մեջ՝ նկատելով, որ այս այցն առանձնապես մի մեծ բան չէ. «Մենք ընդամենը պիտի գնանք ու խրախուսենք սահմանները հսկող մեր զինվորներին ու հրամանատարներին: Մի մեծ գործ չենք անում: Մեր պարտքը, պարտականությունն ենք կատարում: Ես համոզված եմ, որ այդ մարդիկ միտված են ներքաղաքական իրավիճակը խառնելուն: Պատկերացնո՞ւմ եք, նմանատիպ երեւույթները ադրբեջանական մամուլում անմիջապես արձագանք կգտնեն: Ի՞նչ է սա նշանակում»:
Դիտարկմանը՝ եթե նախապես որոշում է եղել խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների այցի մասին, ի՞նչ կապ ուներ վարչապետի այցը, մեր զրուցակիցը հակադարձեց. «Ասեցինք՝ միասնական ձեւով բոլորով գնանք: Վարչապետի գալը կարող է խանգարե՞լ: Վարչապետը ամեն օր էլ այցելություններ է կատարում: Եթե իմանայինք, որ շահարկումներ պիտի լինեին, նման տիպի արձագանքներ, ընդհանրապես այս այցն այլ համատեքստում կարող էինք կազմակերպել»:
Վահրամ Բաղդասարյանը ՀԱԿ-ականներին մեղադրեց «սեփական PR-ով» զբաղվելու մեջ. «Ուզում են առանձին գնալ, որ գան ասեն՝ մենք ենք գնում, մենք կապ չունենք կառավարության, մյուսի հետ: Այս պարագայում, երբ հարցը հայրենիքին ու սահմաններին է վերաբերում, խտրականություն չպիտի դրվի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.08.2014
Թալանի մեջ,, խտրականություն եք,, դնում` այն համարելով հայրենասիրություն ևայլոց մեղադրում այն չկիսելու մեջ…???
Ի վերջո ադրբեջանական մամուլի հրապարակումներից խուսափողը Աժ դահլիճում վարահաչությամբ և հարբեցողությամբ չի զբաղվի…