Ասում է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հ/կ-ի նախագահ Յուրի Միքայելյանը
«Մենք մեր զինվորների կողքին ենք, ոչ միայն այս օրերին, մինչեւ հիմա էլ տարբեր միջոցառումներ ենք իրականացրել, որ զինվորների մարտական ոգին բարձր մնա»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հ/կ-ի նախագահ Յուրի Միքայելյանը՝ ավելացնելով, որ այժմ էլ զինվորի ու հայկական բանակի կողքին են:
«Այս օրերին էլ զինվորի մարտական ոգին շատ է բարձրանում: Մենք, որ զինվորի կողքին կանգնում ենք, զինվորն ասում է՝ ոնց որ տանը լինենք: Հիմա սահմանում համեմատաբար հանգիստ է, Չինարիում ենք՝ սահմանին, զինվորների կողքին»,- ասում է պարոն Միքայելյանը եւ ցավում, որ երեկ Չինարիի բնակիչներից մեկն էր անզգուշաբար անցել սահմանը եւ գերի ընկել ադրբեջանցիներին:
Յուրի Միքայելյանը կարծում է, որ առայժմ պետք չէ, որ դրսի հայերն էլ գան Հայաստան՝ սահման գնալու. «Հիմա կարիք չկա, հետո, եթե կարիք լինի, կգան: Ռուսաստանում ծանոթ տղաներ կան, հարցնում են՝ ի՞նչ անենք, գա՞նք, ասում ենք՝ դեռ պետք չԷ»:
Կարդացեք նաև
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հ/կ-ի նախագահն իրավիճակը համարում է լարված: «Բայց մենք սպասում ենք ու պատրաստ ենք ամեն ինչի,- ասում է նա:- Մենք ունենք հզոր բանակ, մեր բանակը շատ պատրաստված է, լավ զինվորներ ունենք: Մեր ներկայությունը պարզապես ոգեւորող է, մարտական ոգին բարձրացնում ենք: Իրենք իրենց ավելի ապահով են զգում, որ իրենց կողքը կռված տղերք են կանգնած, պրոֆեսիոնալներ, որոնք պատերազմ արդեն անցել են, Աֆղանստանում կռված տղերք են»:
Ոգեւորող պատմությունները, թե օրինակ՝ ինչպես հենց ինքը Յուրի Միքայելյանը, Արցախյան գոյամարտի ժամանակ թշնամուն գերի վերցնելով, անցել է հակառակորդի արկերի, հարյուրավոր կրակոցների տակով, հասել իր զորակիցներին, ավելի են ամրացնում հայ զինվորի կամքը: Եվ այսպիսի պատմություններ այս օրերին սահման գնացած կամավորները անընդհատ են պատմում: «Նրանք մեզ ասում են՝ միշտ իրենց կողքին լինենք, իրենք մեզ հետ իրենց լավ են զգում»,- ասում է պարոն Միքայելյանը:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.08.2014 թ.