Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դռան պատճառով իրար հայհոյում են, սպառնում ու նեղացնում

Օգոստոս 09,2014 13:00

Միջհարեւանային վեճը լուծելու փոխարեն՝ գալիս են տուգանում ու գնում

«Գիշերը ժամը 23:00-ին «կվալտը» վերցրեցին եւ սկսեցին պատը քանդել: Մի գիշերվա ընթացքում 9-րդ մուտքին պատկանող բնակարանի դուռը բացվեց 8-րդ մուտքի մոտ: Դռան տեղը պատ շարեցին եւ նոր պատ քանդեցին բնակարանի մուտքի համար: Դիմեցի քաղաքապետարան՝ եկան, տեսան, որ օրենքով թույլատրելի չէ եւ կանխեցին՝ նրանց տուգանելով 200 հազար դրամով»,- «Առավոտին» պատմեց Գրիգոր Լուսավորիչ 12 շենքի 79 բնակարանի բնակիչ Լյուդմիլա Դպիրյանը: Տիկին Լյուդմիլան վստահեցնում է, որ հարեւանի դռան տեղափոխությունը նրա ազատ ելումուտին շքամուտքով՝ խանգարում է:

Ամեն անգամ, երբ տիկին Լյուդմիլան քրոջ հետ անցուդարձ է անում շենքի շքամուտքով, կռվի են բռնվում դուռը տեղափոխած Ղամբարյանների ընտանիքի հետ: Այս ընտանիքն արդեն քանի տարի է՝ ապրում է 9-րդ շենքի նկուղում: Տարիներ առաջ Ղամբարյանները, որպես բազմազավակ ընտանիք, որպես բնակարանային պայմանների բարելավում՝ օգտագործման իրավունքով ստացել են նկուղը, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանք վաճառել են իրենց բնակարանն ու տեղափոխվել նկուղում ապրելու: Եթե նախկինում աստիճանները ներսից էին, ապա բնակարանը վաճառելուց հետո այս ընտանիքը տան ելումուտը կազմակերպել է բակի կողմից՝ դուռ բացելով հենց նկուղից:

«Իմ պատշգամբի տակ է այդ դուռը, եւ նրանց աղմուկը ինձ խանգարում է: Ավելի բան չեմ ուզում՝ ընդամենը իմ տուն հանգիստ ելումուտ ունենամ եւ տանը կարողանամ հանգստանալ»,- Ղամբարյանների գործողությունների դեմ այս բովանդակությամբ տասնյակ բողոքներ է գրել քաղաքապետարան, Կենտրոն վարչական շրջան: Լյուդմիլա Դպիրյանը պնդում է, որ Ղամբարյանները դուռն ինքնակամ են տեղափոխել:

«Առավոտի» հետ զրույցում Արեւհատ Ղամբարյանն ասում է, որ ունի դուռը տեղափոխելու թույլտվություն: Տիկին Լյուդմիլան ցույց է տալիս Երեւանի քաղաքապետարանի՝ հուլիսի 31-ի կազմած արձանագրությունը, համաձայն որի՝ Ղամբարյաններն ինքնակամ գործողությունների համար տուգանվել են 200 հազար դրամով: Նրա հարեւանն էլ ներկայացնում է փաստաթուղթ, որ հուլիսի 29-ին ստացել է սեփականության նոր հատակագիծը, համաձայն որի՝ դուռը պետք է լինի 8-րդ շենքի շքամուտքի կողքից:

Նշենք, որ դուռը մեկ անգամ էլ է այս հատվածից բացված եղել, սակայն հարեւանների բողոքներից հետո քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության նախկին պետ Հրաչյա Մուրադյանի միջամտությամբ այն տեղափոխվել է շենքի այլ տեղ:

«Ոչ մի վատ բան չեմ արել՝ ուղղակի դուռը փակել՝ էստեղից եմ բացել, որ մի քիչ բնակարանի տեսք ստանա տունս: Նախ՝ շքամուտքից հեռու է իմ տան մուտքը, եւ հետո միշտ մաքուր վիճակում ենք տարածքը պահում, իսկ դուռը դրել եմ իմ տարածքի պատը քանդելով, ոչ մեկին նեղություն չպատճառելով»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Արեւհատ Ղամբարյանը:

Տիկին Ղամբարյանի համար անհասկանալի է, թե ինչու պետք է 200 հազար դրամ վճարի, եթե արդեն ունի դուռն այդ հատվածից բացելու օրինական թույլտվություն: Լյուդմիլա Դպիրյանն էլ զարմացած է՝ տուգանում են, բայց թույլտվությո՞ւն տալիս:

Նկուղը բնակարան դարձրած Արեւհատ Ղամբարյանը 2000 թվականից նկուղի օրինական սեփականատերն է:

Հարեւանների միջեւ տարիներով չլուծվող այս վեճը ամեն հարմար առիթի հանգեցնում է վիրավորանքների, ծեծուջարդի. մեկ՝ մի հարեւանն է մյուսին անպատվում ու վրան ավել նետում, մեկ՝ մյուս հարեւանը դանակ է քաշում ու աղբ լցնում մյուսի դռան մոտ: Միջհարեւանային խնդիրը պետք է լուծեն ոստիկանությունը, վարչական շրջանի պատասխանատուները, սակայն նրանք իրենց տուգանքի տերն են, ոչ ավելին:

Լյուդմիլա Դպիրյանի խոսքերով՝ վերջին անգամ երբ բողոք են ներկայացրել այս նույն խնդրով, քաղաքապետարանից հորդորել են հարեւաններով հավաքվել եւ ժողով անել՝ որոշելու դռան «ճակատագիրը», սակայն տիկին Լյուդմիլան գտնում է, որ 5-րդ մուտքի բնակիչը չի կարող եւ իրավասու էլ չէ որոշելու իրեն անմիջապես չառնչվող խնդրի լուծումը. «Այս հարցը պետք է թաղապետարանն ու քաղաքապետարանը լուծեն»:

«Առավոտ» օրաթերթ

08.08.2014 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031