«Առավոտի» հետ զրույցում վստահեցնում են տուրգործակալություններից
«Լեռնային Ղարաբաղի սահմանում լարվածությունը ոչ մի կերպ չի անդրադառնում տուրիստական հոսքի, շարժի եւ դինամիկայի վրա»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է «Լոկա թրեւլ» ՍՊԸ տնօրեն Ռուզաննա Մելքոնյանը:
Զբոսաշրջության ոլորտի մասնագետներից հետաքրքրվեցինք, թե վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող դեպքերն ի՞նչ անդրադարձ են ունեցել զբոսաշրջության վրա. Հայաստան այցելողների կամ ներգնա զբոսաշրջության թվի անկում նկատվո՞ւմ է, թե՞ ոչ: Տուրիզմով զբաղվող ընկերությունների պատասխանատուները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ ճիշտ է, զբոսաշրջիկները որոշ անհանգստություն հայտնում են այդ առնչությամբ, սակայն Հայաստան գալու իրենց մտադրությունից չեն հրաժարվում:
Նրանց խոսքերով՝ զբոսաշրջության թվի կտրուկ անկում չի եղել:
«Լոկա թրեւլ» ՍՊԸ տնօրենի ներկայացմամբ. «Ոչ արտագնա, ոչ էլ ներգնա տուրիզմի դեպքում ոչ մի արտասովոր տենդենց չի գրանցվել, եւ ամեն ինչ ընթանում է իր կանոնակարգված հունով: Ներգնա տուրիստական խմբերի ընդունման պատվերները մենք ստացել ենք դեռեւս անցյալ տարի, ներկա դրությամբ դեռեւս ոչ մի չեղարկում կամ հետաձգում չի արձանագրվել»:
Կարդացեք նաև
Տիկին Ռուզաննայի խոսքերով՝ նման դեպքերում միջազգային փորձն էլ ցույց է տալիս ՝զբոսաշրջիկների թվի էական կրճատում չի արձանագրվում. «Մեզ մոտ էլ դեռ գալիս են, ստանում ենք նոր պատվերներ, էլ ավելի շատ ու շատ»,- ասում է նա եւ բերում Իսպանիայի օրինակը. «Իսպանիայում, որ փոքր -ինչ հեղափոխական վիճակ էր, նորից ամեն ինչ շատ շուտ հարթվեց, եւ դրանից տուրիզմն ամենեւին էլ չտուժեց: Մենք երբեմն խոսում ենք դրսի մեր գործընկերների հետ, եւ նրանք էլ ասում են, որ նման դեպքերում երբեմն կարող է զբոսաշրջիկների թիվը շատ չնչին կրճատվել, բայց դա էական ազդեցություն չի ունենում»:
«Նոյան տուն» տուրիստական գործակալությունից էլ ասացին, որ արտերկրից երբեմն հետաքրքրվում են, թե Հայաստանում ինչ է կատարվում, բայց դա առանձնապես չի ազդում զբոսաշրջիկների թվի նվազման վրա, շարունակում են գալ, քանի որ Հայաստանը լեռնային տուրիզմով հետաքրքրված զբոսաշրջիկներին շատ բան ունի ցույց տալու:
«Բոգեմա Թրեւլ» տուրիստական ընկերության տնօրեն Նելլի Տոնոյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասում է. «Ճիշտն ասած, այն տուրիստները, որ որոշված է, որ պիտի գան, միեւնույն է՝ գալիս են, բայց վերջին օրերին պատվերները քիչ են ավելի, դա մենք կապում ենք ժամանակի հետ»: Նա նաեւ նշում է, որ դրսից Հայաստան եկողներն այդքան էլ անհանգստացած չեն, ինչը չի կարելի ասել երկրի ներսում ապրողների մասին. «Ներքին տուրիզմից օգտվողները, որոնք Ղարաբաղ են գնում, հարցնում են՝ գնա՞նք, թե՞ ոչ, դեպք է գրանցվել, որ Թուրքիա գնացող հաճախորդը չեղյալ է արել իր այցը: Դրսից չեն հարցնում, ավելի շատ հայերի մեջ է անհանգստություն տարածված: Ես ենթադրում եմ, որ դրսում այդ ինֆորմացիան չի էլ շրջանառվում»:
Այն, որ դրսում քչերը գիտեն հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցածի մասին, հաստատում է նաեւ «Հյուր սերվիս» տուրիստական գործակալության մենեջեր Մարիաննա Քոսակյանը: Նա էլ է փաստում, որ ընդհանուր առմամբ որոշ անհանգստություն կա, բայց դրանից զբոսաշրջիկների թիվը չի նվազել. «Դեռեւս որեւէ մեկն իր այցելությունը չեղյալ չի հայտարարել»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.08.2014 թ.