2014 թվականի մայիսի 14-ի դատավճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոք:
«Առավոտի» տեղեկություններով, վերաքննիչ դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը կնախագահի գործով բերված բողոքի քննությունը:
ԲՀԿ Էջմիածնի տարածքային կազմակերպության անդամ Նորիկ Մարգարյանը մեղմ պատիժ է ցանկանում, իսկ շինարար, «նևրոզ, փսիխոզ» ախտորոշմամբ Գրիգոր Կալուսսյանի համար պաշտպանական կողմը պահանջում է նրան արդարացնել:
Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ Նորիկ Մարգարյանը ՌԴ Չելյաբինսկի շրջանում երկրորդ անգամ քրեական պատասխանատվության ենթարկվելուց և պատիժը կրելուց հետո վերադարձել է Հայաստան, ամուսնացել, ունեցել երեխաներ:
Կարդացեք նաև
Ըստ գործի նյութերի, Նորիկ Մարգարյանը ծանոթացել է Գրիգոր Կալուսսյանի հետ, որը Պտղունք գյուղում բնակվել է իր ընտանիքի հետ։
Ն. Մարգարյանը վերջինիս խոսքուզրույցի ժամանակ պատմել է, որ ունի խնդիրներ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հետ: Մասնավորապես, նա իր անվամբ վերցրած հեռախոսի ապառիկ գումարը մուծելու խնդիր ունի: Գ. Կալուսսյանը Ն. Մարգարյանին հույս է տվել, որպեսզի չանհանգստանա, ու ասել, որ ինքը մի բան կանի։
2011թ. նոյեմբերին գյուղում երկուսով շրջելու ժամանակ, երբ անցնելուց են եղել Պտղունք գյուղի բնակչուհի Կ. Բաբայանի տան մոտով, Գրիգոր Կալուսսյանը Ն. Մարգարյանին առաջարկել է միասին մտնել նրանց տուն` այնտեղից գողություն կատարելու։ Նորիկ Մարգարյանը համաձայնել է և երկուսով անցել են տան հակառակ կողմը, բացել են մետաղյա ցանցով դուռը, մոտեցել տանը և տան հետևի մասում գտնվող ննջասենյակի պատուհանի ապակին հանելու միջոցով, բացել են պատուհանը և մուտք են գործել Կ. Բաբայանի բնակարան և հյուրասենյակից ու ննջասենյակից գողացել են 420.000 ՀՀ դրամ արժողության մեկ հատ« Սոնի-Բրավիա» մակնիշի տնային կինոթատրոն- հեռուստացույց, մեկ հատ 580.000 ՀՀ դրամ արժողության «Սոնի-Վաիո» մոդելի նոութբուք-համակարգիչ։ Այնուհետև, Գ.Կալուսսյանը գողոնը 80.000 ՀՀ դրամով վաճառել է Երևան քաղաքում քրեական գործով չպարզված անձանց և Ն.Մարգարյանին տվել 40.000 ՀՀ դրամ գումար։
2012 թվականի գարնանը, գործով չպարզված օրը, Ն. Մարգարյանը Գրիգոր Կալուսսյանի հետ, վերջինիս առաջարկով, գնացել են Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ Վերժիկ Սեդրակի Մուրադյանի տան մոտ, որտեղ տնից 150 մետր հեռավորության վրա գտնվող առվատարի մոտ Ն. Մարգարյանը կանգնել է և հսկել տարածքը, իսկ Գրիգոր Կալուսսյանը Վ. Մուրադյանի տան սանհանգույցի պատուհանից ապօրինի մուտք է գործել բնակարան և այնտեղից գողացել մեկ հատ 280.000 ՀՀ դրամ արժողության նոութբուք համակարգիչ և 150.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր։
Դրանից հետո, 2012 թվականի մայիսի 20-ի լույս 21-ի գիշերը, Նորիկ Մարգարյանը միայնակ, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, անասնագոմի պատուհանի ապակին հանելու միջոցով, ապօրինի մուտք է գործել Պտղունք գյուղի բնակչուհի Վ. Թիֆիլյանին պատկանող անասնագոմ, որտեղից գողացել է մեկ գլուխ՝ 40.000 ՀՀ դրամ արժողության խոճկոր։
Նկատենք, որ տուժողները կանայք են:
Առաջադրված մեղադրանքում Նորիկ Մարգարյանն իրեն մեղավոր է ճանաչել միայն 2012թ. գարնանը Պտղունք գյուղի բնակչուհի Վ. Թիֆիլյանի անասնագոմից կատարված մեկ գլուխ խոզի գոճու գողության մեջ։
Մինչդեռ, նախաքննության ընթացքում, Նորիկ Մարգարյանը` որպես կասկածյալ հարցաքննվելիս, տվել է խոստովանական ցուցմունք:
Դատարանն ամբաստանյալ Ն. Մարգարյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակեց ազատազրկում 5 տարի 6 ամիս ժամկետով:
Նույնքան պատիժ սահմանվեց նաեւ հոգեկան խնդիրներ ունեցող Գրիգոր Կալուսսյանի համար՝ առանց գույքի բռնագրավման։
Պատժի կրման սկիզբը սկսվում է նրանց փաստացի արգելանքի վերցնելու` ձերբակալելու պահից՝ 2013 թվականի օգոստոսի 22-ից։
Քրեական գործով իրեղեն ապացույցներ չկան:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.08.2014