Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հոգիս ծախեմ, ուրեմն մի գրող՝ Լեւոն Ջավախյանը մեռել ա»

Օգոստոս 09,2014 14:29

Սիրված արձակագիր Լեւոն Ջավախյանի (լուսանկարում) «Վերնիսաժ» գիրքը վերահրատարակվել է՝ ամբողջացած 5 պատմվածքով՝ «Я раб, я трус, я Левон Джавахян», «Կյանքը միզուղիով», «Պատերազմ», «Մրցանակ», «Խաչագողերի նրբանցքը»: «Առավոտի» հետ զրույցում հեղինակը շեշտում է, որ գրականությունն իր համար «պարապ վախտի խաղալիք» է, զուտ կյանքը զարդարելու միջոց: Ինչպես Լեւոն Ջավախյանն է ասում, ինքը կյանքի գրող է. «Ամենամեծ հայտնագործությունը, որ ես երբեւէ արել եմ, կյանքն է, կյանքի մանրամասն վայելումը»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ իր՝ պետականորեն եւ Հայաստանի գրողների միության կողմից ընդունված չլինելուն, չնայած նրան, որ ամենաընթերցվող հեղինակներից է: «Ես պետականորեն ընդունելություն չեմ ստացել, Գրողների միության կողմից գնահատված չեմ, ոչ մի ալմանախում ինձ ոչ ներառում են, ոչ մրցանակ տալիս: Նույնիսկ երբեւէ Ծաղկաձորից չեմ օգտվել, դրա համար Գրողների միությունից դուրս եկա, ասեցի՝ էս էլ ա առեւտուր, ես տալիս եմ, դուք՝ ոչ, վրդովեցի, ասեցի՝ ազատագրվեմ այդ ամենից: Չնայած, այնուամենայնիվ, շատ երջանիկ գրող եմ, որովհետեւ եթե գրողը չունի ընթերցող, մահացած մարդ ա, մեռած միս ա: Օր չկա, որ ինձ անծանոթ մարդ չբարեւի որպես գրող…

Մի վիպակ ունեմ՝ «Ուզում եմ ասեմ, աշխարհն իմանա», էնտեղ ասել եմ, որ իմ փայ աշխարհը ինձ ճանաչում ա եւ գնահատում ա, գրողի ծոցը էս իշխանություններն էլ, Գրողների միությունն էլ: Ոչ մի Գրողների միություն երբեք գրող չի ստեղծել, գրողը ստեղծվում ա իր մոր արգանդում, կյանքում, իր ընկերների, ընկերուհիների շրջապատում: Թեպետ մի մեծ բան էլ չի գրող լինել, ուղղակի ամեն մարդ իր աշխատանքում պիտի լավը լինի, ինձ համար կարեւորը կյանքում թագավոր լինելն ա»,-ասում է մեր զրուցակիցը:

Ի տարբերություն իր որոշ գրչակիցների, Լեւոն Ջավախյանը Ֆեյսբուքում չկա, ընդամենը ֆեյսբուքյան էջ է, որը դուստրն է բացել ու իր ստեղծագործություններն ու հարցազրույցներն է հրապարակում: Գրողն ասում է, որ նախ ինքը հին մարդ է, եւ այդ տեսանկյունից Ֆեյսբուքում «գործելն» իրեն խորթ է, հետո ֆեյսբուքյան ճոռոմ իրականությունն էլ իրենը չէ. «Էդ Ֆեյսբուքում յուրաքանչյուր մարդ մի նախադասություն կարող ա ասի ու ասի գրող եմ: Ճիշտ է, ինչ-որ առումով տարածքներ են ընդարձակվում, բայց ես ամեն դեպքում տպագիր գրքի կողմնակից եմ:

Ֆեյսբուքում շատ մարդիկ ցանկություն ունեն ինքնահաստատվելու, չբավարարված մարդիկ են եւ ինտելեկտուալ, եւ սեռական առումով, մի խոսքով՝ Աստված իրենց հետ: Դա տեխնիկայի վերջին խոսքն ա, լուրը վայրկենական տարածվում ա, դա ժամանակի մարդու տեխնիկական հաղթանակն ա հենց մարդու նկատմամբ, բայց լավը տպագիր խոսքն ա»:

«Առավոտի» դիտարկմանը, թե այսօր մեզ ինչ է պակասում, Լեւոն Ջավախյանը պատասխանում է. «Ինձ համար հացը կա, չէ՞, հացի կողքին անբաժան պանիրն ա, մի բան էլ կա, որ պիտի էսօրվա հայի սեղանին լինի, դա Հովհաննես Թումանյանն ա: Էնպես, ինչպես մարդուն անհրաժեշտ է հացը, նրան զուգահեռ պանիրը, հոգեւոր առումով էլ՝ Թումանյանը: Իսկ ի՞նչ էր ասում Թումանյանը…Ասում էր՝ անկեղծության պակաս կա…Էսօր մարդիկ խոսում են ամենանվիրական բաների մասին, բայց խոսում են, որ ցույց տան իրենց…Օրինակ, ի՞նչ բան ա հայրենասիրությունը…հայրենիքը պետք է սիրես զավակիդ նման, իսկ ո՞վ ա իր զավակի սերը փողոց հանում՝ ես իմ Նարեկին գիտե՞ք ինչքան եմ սիրում, իմ Հովիկին ինչքա՜ն եմ սիրում, իմ Վաչիկին: Պարզ ա, իրա երեխեն ա, սիրում ա:

Հայրենքին էլ պիտի էդպես սիրես անխոս, անխոնջ աշխատանքով, ոչ թե դոշ ծեծելով: Թե չէ՝ էդ տեսակ հայրենասիրության վերջն ա, որ հետո կռիվ ա դառնում: Ես էդ տեսակ հայրենասիրության կողմնակից չեմ, ես մարդկային անկեղծ հարաբերության կողմնակիցն եմ, անկեղծ, բայց ոչ էն տեսակ անկեղծության, որ քեզ կործանում ա…Եթե ես անկեղծ եմ գրում, մի քիչ էլ վարակիչ ա, մարդիկ մտածում են, անկեղծ գրեն՝ գրականություն կլինի, իրականում մարդ պիտի պատրաստ լինի գրականությանը…Ես մի հորաքրոջ թոռ ունեի, չեմ տեսել էդպիսի զուլալ մարդ, որ նա էր: Էնքան անկեղծ էր, որ էդ անկեղծությունն իրեն տարավ, գժվեց, հոգեկանը խանգարվեց… Ես հիմա որոշել եմ սահմանների մեջ լինել, որովհետեւ նույնիսկ ազատությունը շրջանակի մեջ է: Ամեն մարդ, որ մտնում է արվեստ, իր հնարավորություններից պիտի ելնի եւ ամեն անկեղծություն չի, որ գրականություն ա»:

Լեւոն Ջավախյանը դեմ է «ծյունինգ» արված լեզվին, էդպիսի լեզվով գրականությունը, ըստ նրա, բանի պետք չէ. «Ժամանակին լուսավորության մինիստրության տեսուչ էի, գնում էինք ստուգումների, բանի, վերջում քեֆ-ուրախություն էր դառնում: Մի անգամ ասեցին՝ էս ինչը պիտի պարի, մեկ էլ դուրս եկավ ինձնից բեշբեթար ցմփոր, կլոր, 60 տարեկանին մոտ մարդ, զարմացա՝ դա է՞ պարելու:

Բայց ո՜նց պարեց, ես զգացի՝ ինչ ա նշանակում պարը: Պարը դա ճկուն շարժում չի, հնարամտություն չի, պճեղների վրա բան չի, թեւին տալ չի, ֆռռալ չի, պարը երաժշտության ընկալումն է, երաժշտության զգացողությունը: Էդպես էլ մեր գրականությունն ա: Երբեմն մեր գրողները իրենց գրվածքներում զոռ են տալիս լեզվին, դա մի քիչ Հրանտ Մաթեւոսյանից է գալիս, որը հրաշք լեզվով էր գրում…Իսկ լեզուն ինչ ա՞, լեզուն տրանսպորտի միջոց ա՝ խոսքը, ասելիքը տեղից տեղ հասցնելու համար: Իսկական գրողը իր ասելիքը տեղ հասցնելու, կյանքի գեղարվեստական զգացողություն պետք է ունենա, հնարավորինս պարզ ու վճիտ պիտի արտահայտի միտքը, մինչդեռ շատ գրողներ իրենց լեզուն անհարկի ոճավորում են, բառերն էլ «ծյունինգ» են անում, նայում ես, կարդացածիցդ բան չես հասկանում, նայում ես էդ լեզվական լիմուզինին ու լռում…

Մի օր գնացի գյուղ, օղորմածիկ մերս ասել էր՝ գրքեր տուր կարդամ: Ինձ էլ ով գրում ա, մի բան բերում տալիս ա կարդամ, կարծիքս ասեմ, թեւավորվի: Ես էլ չէի կարողանում ազատվել էդ գրքերից, տվի մորս, որ ձմեռը կարդա: Մի օր գնացի տեսա՝ մի չորս գիրք կողքի ա դրել, մնացածը հերթով պատռում՝ գցում ա վառարանը: Ասի՝ այ մեր, էդ ի՞նչ ես անում, ասավ՝ ի՜, քար ընկնի սրանց գլխին, մինչեւ առաջին նախադասությունը կարդում եմ, վերջին չհասած՝ մոռանում եմ, թե ինչ ա գրել:

Իսկական գրողի խոսքը անմոռաց խոսքն ա, հիշվող խոսքն ա, պատկերավոր խոսքն ա: Որ մարդ խոսում ա բանավոր, անխարդախ ու ճիշտ ա խոսում, ավելի գեղարվեստորեն ա խոսում, իսկ թղթի առաջ որ նստում ա, սկսում ա կարկամել ու կեղծիքը գնում ա: Ես ձգտում եմ իմ առօրյա գրականության մեջ լինել իմ բանավոր խոսքի պարզության ու վճիտության մեջ»:

Կյանքի գրողը՝ Լեւոն Ջավախյանը, որ ապրուստի միջոց է վաստակում Վերնիսաժում արծաթ վաճառելով, նշում է, որ առավելություն ունի մյուս գրողների համեմատ. «Իմ ամենամեծ առավելությունն էն ա, որ ստեղ նստած եմ, համ իսկական մարդը կամ, համ գողը, համ բոզը, կա՛ կյանքը, արեւի տակ բոլորն էլ տեղ ունեն: Էնենց դեմքերի, խոսքերի եմ հանդիպում, որ ինձ բան չի մնում գիտակցելու, մեղվի նման վերցնում եմ նեկտարը, ինձ մոտ անընդհատ նեկտարը կա: Դա առավելություն ա մի կողմից, մյուս կողմից էլ վատ ա, որ հայ գրողը չարչի կյանքով ա ապրում, փողոցում, քուչի վրա:

Բայց ես միշտ էլ ասել եմ՝ ես արծաթը ծախում եմ, որ մարմինս պահեմ, որ հոգիս չծախեմ: Եթե հանկարծ իմանաք, որ մի տեղ Լեւոն Ջավախյանը հոգին ծախել ա, ուրեմն իմացեք, որ մի գրող ա մեռել»: Արձակագիրը ցավում է, որ ինչպես Ղարաբաղյան ազատամարտի տարիներին, այսօր էլ դեռ ջրի երեսին են՝ փրփուրը, կեղտը, սինթետիկ եղած-չեղածը, դեռ պետք է նստվածք տա, որ երեւա, թե ով է հոգեւոր արժեքներով ապրում, ով է տականքը, իսկ տականքը դեռ լողում է ջրի երեսին:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

08.08.2014 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրայր says:

    Լավ էլի Ջավախյան ջան, ուզում ես սերիալի լեզվով գրեն էսօր, առանց այդ էլ, գրական լեզվով քիչ են գրում արդեն:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031