Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույնները Գաբրիել Սարգսյանն ու Լիլիթ Մկրտչյանն են

Օգոստոս 09,2014 14:15

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադան ճանապարհի կեսն անցավ: Հավաքական թիմերն անցկացրել են 5-ական պարտիա: Առաջատարներն ու ետնապահներն արդեն որոշակիորեն տարանջատվել են, չնայած առջեւում դեռ վեց տուր կա ու մրցաշարային աղյուսակը դեռ կարող է էական փոփոխություններ կրել:

Երեկ Համաշխարհային օլիմպիադայի մասնակիցները հանգստանում էին:
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն ընդհանուր առմամբ վատ հանդես չի գալիս, թեեւ, անկեղծ ասած, հայ մարզասերների ակնկալիքներն անհամեմատ մեծ են օլիմպիական գործող չեմպիոն թիմից:

Մեր թիմի առաջատար Լեւոն Արոնյանը մասնակցել է չորս տուրի եւ վաստակել 2,5 միավոր: Բնականաբար, դա Արոնյանի հնարավորությունների սահմանը չէ: Հուսանք, որ օլիմպիադայի երկրորդ հատվածում մեր առաջատարն առավելագույն չափով կհամալրի միավորների իր պաշարը:

Նորվեգիայում առաջին հինգ տուրերի արդյունքով Հայաստանի հավաքականում ամենաարդյունավետ խաղացողը երկրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Գաբրիել Սարգսյանն է, որը հանդես գալով բոլոր հինգ տուրերում` հաղթել է չորս անգամ եւ ընդամենը մեկ ոչ-ոքի է արել: Գաբրիելի վաստակած 4,5 միավորն առայժմ լավագույն ցուցանիշն է Հայաստանի թիմում:

Գաբրիելից ընդամենը կես միավոր պակաս է վաստակել չորրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը, որը նույնպես ոչ մի պարտություն չի կրել եւ կայուն ու վստահ խաղ է ցուցադրում:

Ինչ վերաբերում է մեր պահեստային Տիգրան Քոթանջյանին, նա մասնակցել է միայն մեկնարկային տուրին ու շատ կարեւոր հաղթանակով մեկ միավոր բերել թիմին:

Կանանց հավաքականում նույնպես ամենից շատ միավոր գրանցվել է երկրորդ խաղատախտակի առջեւ: Լիլիթ Մկրտչյանը, ինչպեսեւ Գաբրիել Սարգսյանը, իր անվան դիմաց հինգ հնարավորից գրանցել է 4,5 միավոր:

Հայաստանի լավագույն կին շախմատիստ Էլինա Դանիելյանն առաջին խաղատախտակի առջեւ պայքարի մեջ ներգրավվել է երրորդ տուրից, երկու անգամ ոչ-ոքի արել եւ մեկ անգամ էլ պարտվել է:

Կայուն խաղ են ցուցադրում երրորդ եւ չորրորդ խաղատախտակներն զբաղեցնող Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան: Նրանք հինգ հնարավորից վաստակել են 3,5-ական միավոր:

Ամենայն գովեստի է արժանի կանանց հավաքականի նորեկը` Հայաստանի չեմպիոնուհի Շուշաննա Սարգսյանը: Օլիմպիադայի մեկնարկային երկու տուրերում Շուշաննան գերազանց կատարեց իր առջեւ դրված խնդիրը եւ հաղթական երկու միավոր գրանցեց իր եւ թիմի ընդհանուր հաշվարկում:

Այսօր վեցերորդ տուրով սկսվում է օլիմպիադայի երկրորդ շրջանը, որից առաջ Հայաստանի թե տղամարդկանց եւ թե կանանց հավաքականները վաստակել են հավասար` 8,0-ական թիմային միավոր եւ մրցաշարային աղյուսակում ընթանում են, համապատասխանաբար, 17-րդ եւ 16-րդ հորիզոնականներում:

Այսօր մեր տղաներն ուժերը չափում են Անգլիայի, իսկ աղջիկները` Կուբայի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

08.08.2014 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031