Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային կորստի ցավը. հրադադար. «Շատ համարձակ էր, բայց դրա հետ մեկտեղ՝ շատ խոնարհ»

Օգոստոս 09,2014 14:00

«Մի շաբաթ Արամի հետ չէինք հանդիպել, պատահական հանդիպեցինք, իմացավ, որ հեռախոս չունեմ, հաջորդ օրը իր հեռախոսը քարտով բերեց, ինձ տվեց: Կարող ա իրան էլ պետք լիներ, բայց եթե ընկերոջը պետք էր, ուրեմն կտար ընկերոջը»,- Արամ Գյուլնազարյանի մասին պատմում է նրա ընկերը՝ Սևակը:

Արամն ու Սևակը ծանոթացել են բուհի ընդունելության քննությունների նախապատրաստական պարապմունքների ժամանակ ու մտերիմ ընկերներ են դարձել: «Ճիշտ ա, տարբեր ֆակուլտետներ էինք ընդունվել, բայց շատ մտերիմ էինք: Ամեն օր հանդիպում էինք, մինչև միասին սուրճ չխմեինք, դասի չէինք նստում: Կային մարդիկ, որ Արամի հետ այդքան էլ մտերիմ չէին, բայց, եթե զգում էր, որ ինչ-որ մեկն իր օգնության կարիքն ունի՝ ամեն ինչ անում էր: Կռվարար չէր, սիրում էր ամեն բան հասուն մարդու պես լուծել»,- պատմում է Սևակը:

Արամ Գյուլնազարյան

Արամ Գյուլնազարյան

Արամ Գյուլնազարյանը ծնվել է 1993թ. հունվարի 7-ին՝ Արագածոտնի մարզի Օշական գյուղում: Տան ամենակրտսերն էր՝ քրոջից 13 տարով էր փոքր, իսկ եղբորից՝ 10:
«Արամը ծնվեց այն նեղ տարիներին. լույս չկար, գազ չկար, ջուր չկար: Հիվանդանոց ենք գնացել, մեզ հետ բենզին ենք տարել ու մոմեր: Այդ տարի էլ շատ ձյուն էր եկել: Տան ամենափոքրն էր Արամն, ու բոլորս նրան շատ էինք սիրում, ոչինչ չէինք խնայում նրա համար»,-պատմում է Արամի մայրը՝ Գոհարը:

Արամը դպրոց սկսել է հաճախել 6 տարեկանից:

«Դպրոցում լավ էր սովորում, գեղեցիկ ձեռագիր ուներ: Սիրում էր նկարչություն անել՝ դասարանի բոլոր երեխաների տետրերը վերցնում էր ու անպայման խաչեր էր նկարում, ծաղիկներ և այլն: Իր տետրերը, գնահատականները, օրագրերը, ամեն բան պահում եմ,-պատմում է Գոհարն ու ցույց տալիս որդու առաջին դասարանի օրագիրը, որտեղ միայն բարձր գնահատականներ են,- մի երկու կա, այդ օրը տետրը տանն էր մոռացել, այդ պատճառով էլ ուսուցչուհին երկու էր նշանակել: Եկավ տուն ու շատ լաց եղավ…»:

Գոհարն աշխատում է Օշականի առաջնորդանիստ եկեղեցում, որտեղ Հայ առաքելական եկեղեցու կիրակնօրյա դպրոց կա: Արամը մասնակցում էր կիրակնօրյա դասընթացներին:
«Արամը մեր առաջին աշակերտներից էր: Առաջին տարին շատ խիստ էր, մրցույթով էին ընդունվում, 25 երեխայից 5 երեխայի ընտրեցին միայն, ովքեր սովորեցին 4 տարի: Ընտրված երեխաների թվում էր նաև Արամը»,- պատմում է Արամի նկարչության ուսուցիչը՝ Արսենն ու հավելում, որ Արամն աչքի էր ընկնում իր յուրահատուկ նկարչական ոճով:

«Իր մոտ ավելի շատ ճարտարապետական ձգտումներ կային, գծանկարները մաթեմատիկական հաշվարկներով էր անում: Ոչ մի առաջադրանք չէր լինում, որ Արամի մոտ թերի մնար: Ե՛վ մատիտով էր նկարում, և՛ յուղաներկով: Շատ համարձակ էր, բայց դրա հետ մեկտեղ՝ շատ խոնարհ»,- պատմում է ուսուցիչը:

Արամի քույրը՝ Վերժինեն

Արամի քույրը՝ Վերժինեն

Արամի քույրը՝ Վերժինեն, հիշում է. «Շատ հավատքով էր Արամը, շատ էր գնում եկեղեցի, խմբակները եկեղեցուն կից էին, անընդհատ բոլոր արարողություններին այնտեղ էինք: Միասին ուխտագնացությունների էինք մասնակցում»,-պատմում է նա ու հավելում, որ թեև իրենց տարիքային տարբերությունը մեծ է, սակայն Արամի հետ ավելի մտերիմ է եղել, քան մյուս եղբոր հետ:

Արամի գոբելենագործության ուսուցչուհին էլ՝ Արմենուհին, ասում է, որ Արամը շատ հումորով էր ու շփվող:

«10 տարեկանից արդեն եկավ եկեղեցի, որտեղ գոբելենի և նկարչության խմբակներ ունենք, երկու խմբակն էլ հաճախում էր: Նկարչությունն ամուսինս էր դասավանդում, գոբելենը՝ ես: Շատ սիրով, նվիրված, մի հոյակապ երեխա էր Արամը, մարդկային հատկանիշներով, հումորով: Ասում էի՝ երեխե՛ք ջան, դասը վերջանում է, մի թելն էլ գործենք ու գնանք, ինքն էլ բոյով տղա էր, մեծ ձեռքեր ուներ ու շաա~տ երկար թել էր թելում: Արամին ասում էի՝ այ տղա ջա՛ն, էս ե՞րբ ես վերջացնելու էսքանը, ասում էր՝ հեսա շուտ կվերջացնեմ, ու շատ սիրով գործում էր»,- պատմում է ուսուցչուհին:

Հարազատներն ասում են, որ Արամը շատ լավ ձայն ուներ ու հաճախում էր նաև ազգագրական երգի-պարի խմբակ:

Մայրը նշում է, որ որդին շատ էր սիրում տոներ, հատկապես՝ Նոր տարին, երբ դասընկերներով հավաքվում էին ու շրջում տնից տուն:

2009-ին՝ դպրոցն ավարտելուց հետո, Արամն ընդունվում է Երևանի ճարտարագիտական համալսարանի տրանսպորտային համակարգերի բաժինը: 2011թ. Արամն անցնում է զինվորական ծառայության:

«Բանակից միշտ զանգում էր, ասում էր՝ մա՛մ, պլաններ շատ ունեմ, որ գամ ուսման զեղչ կստանամ, կփոխեմ հեռակա ու զուգահեռ կաշխատեմ, կավարտեմ, լավ կլինի»,-հիշում է Գոհարը:

Արամի հայրը դժվարանում է խոսել որդու մասին, հուզմունքը խանգարում է: Իսկ եղբայրը՝ Արթուրը, պատմում է, թե ինչպես է որպես ավագ եղբայր փորձել Արամին հետ պահել սխալ քայլերից. «Ես ամեն բան արել եմ, որ ինքը երբեք չկրկնի իմ արած սխալները, միշտ իրան ճիշտն եմ բացատրել, սովորեցրել: Ում լսեր-չլսեր, ինձ լսում էր, սիրում էր ինձ, մենք նաև լավ ընկերներ էինք»:

«Ես մի հիշողության սարք ունեի, որի մեջ իմ ամբողջ ինֆորմացիան էի պահում: Արամը, որ արձակուրդ էր եկել, խնդրեց, որ տամ իրեն, ասացի՝ չէ, հետո, որ շատ խնդրեց, ասացի՝ լավ, ինֆորմացիան դատարկի ու տար: Ամբողջ ինֆորմացիան դատարկել էր համակարգչի մեջ ու պապկայի անունը գրել էր՝ «Վերժ ջա՛ն, սա քո ինֆորմացիան ա, ինձ էլ մնացել ա 18 ամիս»: Բայց էդ 18 ամիսը շատ երկար տևեց, ու մենք միշտ կսպասենք իրան…»,-հուզված ասում է քույրը:

Արամ Գյուլնազարյանը զոհվել է 2012-ի հունիսի 18-ին՝ ադրբեջանական կողմի դիպուկահարի գնդակից: Նա 19 տարեկան էր:

«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:
Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհված զինվորների և քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք զանգահարել 098804800:

Գլխավոր լուսանկարում՝ Արամի մայրը եւ հայրը

Ակնարկը պատրաստվել է բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։

Տվյալների հավաքագրմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Առավոտ» օրաթերթ
08.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031