Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Երբ Մանվել Սարիբեկյանին էլ խոշտանգեցին ու սպանեցին՝ ոչ մի քայլ չձեռնարկվեց»

Օգոստոս 08,2014 18:15

Սա առաջին անգամը չէ, որ հայ գերուն Ադրբեջանում խոշտանգումների են ենթարկում, սպանում են: Երբ Ադրբեջանում գերի ընկած հայ հովիվ Մանվել Սարիբեկյանին սպանեցին, ես դիմեցի ՀՀ նախագահին, իշխանությանը, որ միջոցներ ձեռնարկեն եւ դատի տան Ադրբեջանի կառավարությանը: Բայց ոչ մի քայլ չձեռնարկվեց: Ինչ Հայաստանը դարձել է ԵԽ անդամ երկիր, չնայած բազմաթիվ փաստեր կային մեր գերիների խոշտանգման, բայց ոչ մի անգամ այդ մասով հայց չի ներկայացվել Եվրոպական դատարան»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե ինչ քայլերի պետք է դիմի հայկական կողմը՝ Ադրբեջանում գերեվարած, այնուհետեւ սպանված Կարեն Պետրոսյանի խոշտանգումների հետ կապված:

Ըստ տիկին Փոստանջյանի, «Անկախ նրանից՝ գերիի հարազատները կդիմեն թե չեն դիմի, այստեղ նաեւ մեր պետութան դիրքորոշումը պետք է հայտնվի: Ոչ միայն ԱԳՆ-ն, այլ մեր դիվանագիտական բոլոր լծակները պետք է օգտագործենք, պետք է օգտագործենք ոչ միայն ԵԽԽՎ-ն՝ իր ինստիտուտներով, նախարարների կոմիտեն, Մարդու իրավունքների հանձնակատարի միջնորդությունը, այլ մնացած բոլոր ատյաններն ու աղբյուրները: Երբ միջազգային հանրությունը հավասարության նշան է դնում, մենք այստեղ կխոսենք փաստերով, կերեւա ով է ագրեսորը, ով է հարձակվում եւ ով է պաշտպանվում: Մենք Կարեն Պետրոսյանի եւ մյուս խոշտանգված գերիների փաստերը պիտի դնենք շրջանառության մեջ»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ  մինչ օրս ՀՀ իշխանությունները չեն զբաղվել այդ հարցերով, վախենում են, որ Ադրբեջանի նավթադոլարները կփակեն բոլոր անաչառ հետաքննիչների աչքե՞րը՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Պատճառը մեր դիվանագիտության բացակայությունն է եւ պետական մեր իշխանության թերությունը, անգործությունը եւ ոչ կոմպետենտությունը: Նույնիսկ ցանկացած ֆինանսական միջոց ի զորու չէ փաստերի դեմ: Մենք այս փաստերը պետք է օգտագործենք»:

Իսկ թե ինչ նպատակ է հետապնդում նկարներ եւ տեսանյութեր տարածել, թե ինչպես է հայը խոշտանգումների արդյունքում ծնկի գալիս ադրբեջանցի գեներալի առջեւ, արդյո՞ք հայերին հոգեբանորեն ճնշելու համար են անում՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Խոշտանգման մշակույթը ազգություն չի ճանաչում եւ խոշտանգողը միշտ օգտագործում է գերեվարվածի, թույլի կարգավիճակը: Ոչ մի խոշտանգում արդարացված չէ: Երբ մարդը գտնվում է անզեն, արդեն իսկ իր վերահսկողության ներքո մարդուն ստորացնելը ոչ մարդկային է ու ոչ օրինական: Մարդուն հիմնարար ազատություններից խոշտանգումն է, որ որեւիցե կերպ սահմանափակման չի ենթարկվում, չի արդարացվում՝ ուզում է գեներալ լինի խոշտանգողը, ով ուզում է լինի»:

Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ Մանվել Սարիբեկյանի հետ կապված էլ ադրբեջանցիները տարածել էին, թե մեկուսարանում է մահացել, բայց մարմնի վրա խոշտանգման հետքեր կային. «Պետք է տեղի ունենա քննություն: Տեսանյութից էլ ակնհայտ է, որ այդ մարդը ենթարկվել է խոշտանգման եւ անմարդկային վերաբերմունքի»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ Կարեն Պետրոսյանի այս իբր թե «հանկարծամահ» լինելը կապ ունի Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպման հետ, քանի որ հենց հանդիպման նախօրեին է եղել, ուզում են ճնշե՞ն այդպես Սերժ Սարգսյանին՝ հանդիպումից առաջ՝ տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանին ճնշելու խնդիր ունեն: Սերժ Սարգսյանին կարող են ճնշել այն անձինք, ովքեր կարգեցին իրեն այստեղ ՀՀ նախագահ: Միայն այդ անձինք իրեն կարող են ճնշել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այսօր Հայաստանում ԱԳՆ ուղղակի չկա՛:

  2. david says:

    Տիկին Զարուհի, ի վերջո քանի մարդ գնաց Տավուշից և քանիսն էլ դեռ պիտի գնա, որ սահմանապահ ունենաք:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031