Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի հովանու ներքո կկայանա՞ Սարգսյան-Ալիեւ տետատետ հանդիպում

Օգոստոս 08,2014 17:04

Այսօր` օգոստոսի 8-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Սոչի՝ Ռուսաստան: Վաղը` օգոստոսի 9-ին, կկայանա Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցի շրջանակում անցկացնել նաեւ եռակողմ հանդիպում` Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահների հետ` քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաեւ վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրված լարման արդյունքում ստեղծված իրավիճակը:

Համոզված լինելով, որ ղարաբաղյան հակամարտության արդար եւ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի` հայկական կողմը մշտապես կողմ է արտահայտվել բարձր մակարդակի հանդիպումների անցկացմանը»,- նշվում էր երեկ ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Սարգսյան-Ալիեւ առանձին հանդիպում նախատեսվա՞ծ է արդյոք Սոչիում՝ դեռեւս պարզ չէ: Օգոստոսի 4-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրեց, որ Սոչիում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առանձին հանդիպումներ են ունենալու Ռուսաստանի նախագահի հետ՝ միաժամանակ հավելելով. «Երբ նրանք բոլորը միեւնույն ժամին միեւնույն վայրում հայտնվեն, երեւի թե անհնար կլինի շրջանցել Լեռնային Ղարաբաղի մասին խոսակցությունը: Բայց թե ինչպես դա կկազմակերպվի՝ կախված է մեզանից…»:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ի պատասխան «Ազատություն» ռ/կ-ի հարցին` նշել է, որ Հայաստանը կառուցողական եւ դրական է տրամադրված Սոչիի հանդիպմանը: Հարցին՝ ի՞նչ են ակնկալում Սոչիի հանդիպմանը, Նալբանդյանն արձագանքել է. «Մենք ընդհանրապես միշտ կառուցողական ենք տրամադրված, դրական ենք տրամադրված, բայց արդյունքները կարող են կախված լինել միայն, թե ինչպիսի տրամադրվածություն կարտահայտի նաեւ Ադրբեջանը, արդյոք կվերադառնա՞ կառուցողական հուն»:

Նախօրեին Սոչիի հանդիպմանն էր անդրադարձել նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Բոլորիս համար հասկանալի է, որ երկխոսությունն է միայն այն պայմանը, որի ընթացքում մենք կարող ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որը նաեւ համապատասխան ընթացք կտա խաղաղ եւ քաղաքական լուծման ընթացքում: Մինչեւ հանդիպումը հակառակորդի ղեկավարությունը կփորձի լարված իրավիճակը պահպանել, եւ հանդիպումից հետո ակնկալել լիարժեք խաղաղություն՝ քիչ հավանական է»,- ասել է Օհանյանը:

Պաշտպանության նախարարը նաեւ ուշագրավ հայտարարություն էր արել այն մասին, որ հայկական Զինված ուժերը ի վիճակի են ինքնուրույն ապահովել անվտանգությունը Ղարաբաղում: Ս. Օհանյանը նշել էր, թե աշխարհի հակամարտությունների շարքում Լեռնային Ղարաբաղը միակ վայրն է, ուր առանց երրորդ կողմի պահպանվում է հարաբերական զինադադարը. «Ճիշտ է, իրավիճակը մենք մշտապես գնահատում ենք որպես «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակ, որովհետեւ հակառակորդի կողմից մշտապես խախտվում են հրադադարի պայմանները, բայց մեր ստորաբաժանումների պատրաստության շնորհիվ մենք պահպանում ենք այդ իրավիճակը»:

Պաշտոնական Ստեփանակերտը նույնպես անդրադարձել է խաղաղապահների թեմային` այն անընդունելի համարելով: ԳԱԼԱ-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է. «Մեր տարածաշրջանը այն եզակի տարածաշրջաններից է, որ կարողանում է կայունությունն ու խաղաղությունը պահպանել առանց որեւէ կողմնակի միջամտության, առանց խաղաղապահների:

Սա շատ կարեւոր է, որ ցույց է տալիս՝ այն երկրները, որոնք ապրում են այս տարածաշրջանում, ի վիճակի են առանց կողմնակի միջամտության գոյատեւել: Այդ հանդիպման ժամանակ (Սոչիում սպասվող հանդիպում- Է.Գ.) Ադրբեջանը ճանաչելո՞ւ է Արցախի անկախությունը, սահմանների հարցը լուծվելո՞ւ է, եթե այո՝ դրանից հետո կքննարկենք խաղաղապահ զորքերի անհրաժեշտության հարցը: Հիմա ներկա դրությամբ դրա կարիքը չկա: Եթե ամբողջ հարցերը լուծվեն, եւ միջազգային հանրությունն էլ՝ տարբեր երկրները, պատրաստ լինեն իրենց խաղաղապահներին ուղարկել, այդ ժամանակ կքննարկենք»:

Երեկ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն մասնակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայանալիք հանդիպմանը:

Սա ուշագրավ նորություն էր, ինչը, թերեւս, նշանակում է, որ Սոչիի հանդիպումները եւ դրանց արդյունքում հնարավոր արդյունքները ՌԴ նախագահ Պուտինը մտադիր է միայնակ կիսել:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երեկ մամուլի հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը եւ Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գինելը հանդիպել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ: «Դեսպաններն իրենց ցավակցությունը հայտնեցին վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, իսկ աշխատակազմի ղեկավարը ներկայացրեց ներկայիս իրադրությունը:

Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները զսպվածության ու լարվածության լիցքաթափման կոչ արեցին կողմերին, հորդորեցին խստորեն հարգել հրադադարի պայմանագիրը եւ հույս հայտնեցին, որ Սոչիում կայանալիք առաջիկա հանդիպումները կնպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Այսպիսով, երեկ մինչեւ ուշ երեկոյան մնում էր անպատասխան հարցը, թե՝ այնուամենայնիվ, Պուտինի հովանու ներքո կկայանա՞ Սարգսյան-Ալիեւ առանձին հանդիպում, թե՞ ոչ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

08.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    տետատետ = դէմ առ դէմ

  2. david says:

    Ոչ թե`ոչ, այլ վօչ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031