«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործով դատական նիստի վերջում ամբաստանյալ Վարդան Վարդանյանը դժգոհեց բանտային պայմաններից, ասաց՝ «Բաքվի բերդում դրանից լավ է»:
«Այս երկրում չկա արդարություն, չկա արդարադատություն: Կա ընդամենը արդարադատության նախարարություն, որն ունի բազում հիմնարկներ, որտեղ պահում է մեր նմաններին ու նեղություն չի քաշում գա, տեսնի՝ ոնց են ապրում այդ մարդիկ այնտեղ»,- ասաց Վարդան Վարդանյանը:
Ինքը դժգոհեց, որ ինն ամիս է՝ ինչ բանտում է ու դեռ ոչ մի հասարակական կազմակերպության ներկայացուցիչ բանտեր չի այցելել. «Մի հատ եկեք, տեսեք՝ ոնց ենք ապրում էնտեղ: Ոնց է ձեզ համար օրական հինգ րոպե ջուր տան, հազիվ երկու շիշ լցնենք էս շոգին: Վեց տղամարդ՝ չորս հոգանոց կամերի մեջ: Ամոթ է ասել՝ զուգարան բաչոկով ենք գնում, ոնց որ թուրք լինենք: Ու ոչ մեկը չի մտածում դրա մասին: Հետո էլ ասում են՝ ինչի եք դուրս գալիս էս երկրի դեմ, բա ի՞նչ անենք: Նույնիսկ ռազմագերիներին տենց չեն պահում, ոնց որ մեզ»:
Հետո պարոն Վարդանյանը փաստաբանների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ գործով բոլոր վկաներն ու տուժողները նույն տեքստով, նույն պարբերություններով նույնաբովանդակ ցուցմունքներ են տալիս: Ու ասաց, որ դատավարությունը դարձել է անիմաստ. «Չգիտեմ՝ ինչի է շարունակվում: Ամենակարեւորը Վալերի Օսիպյանն այստեղ ասաց՝ վեց հոգով քաղաքացիական համազգեստով պրոֆեսիոնալ սադրիչներ են եղել երթին, որոնք հրահրել են անկարգությունները:
Կարդացեք նաև
Ես ավելի շատ իմ ընկերներին եմ մեղադրում, հատկապես Աբոյին ու Վահիկին: Որ Վահիկը, լինելով փորձված հետախույզ, թույլ է տվել ոչ միայն իրեն մոտենալ, այլեւ հետեւից գրկել: Ու սադրիչներին ժամանակին չի հայտնաբերել: Աբո ջան, դու ուշացար, ընկեր, դու դրանց օդում պիտի խփեիր, ոչ թե բռնեիր: Բախտներս բերել է, որ մեր սադրիչն է, բա որ Ադրբեջանի սադրիչ լիներ ու դանակը մեջքդ մտցներ: Իսկ մյուս չորս սադրիչներին այդպես էլ չբացահայտեցինք ու հնարավոր է՝ նրանք այսօր դահլիճում նստած ծափ են տալիս ու ոչ մեկը դրա մասին չի մտածում, մեր նման տղերքին էլ բերելու են, փակեն ստեղ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ