Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռադիոլսողին չես կարող խաբել գույնով, դեկորացիայով»

Օգոստոս 08,2014 13:30

Հարցազրույց Հանրային ռադիոյի «Արեւիկ» մանկական անսամբլի գեղարվեստական ղեկավար ու երաժշտական ծրագրավար Վահե Հայրապետյանի հետ:

Վահե Հայրապետյանը Հանրային ռադիոյի «Արեւիկ» մանկական անսամբլի գեղարվեստական ղեկավարն է ու երաժշտական ծրագրավարը: Ներկայումս նա աշխատում է երկու երաժշտական հաղորդման վրա՝ «Մի խմբի պատմություն» եւ «Մի երգի ուսուցում»: Պարոն Հայրապետյանը սիրով պատասխանեց մեր հարցերին:

-Ո՞րն է այդ հաղորդումների նպատակը, եւ արդյոք այսօր ռադիոն ունի՞ իր երբեմնի դերը:

-Իհարկե, ռադիոն այսօր էլ ունի իր ունկնդիրը: «Մի խմբի պատմություն» հաղորդումը հետաքրքիր է իր բազմազանությամբ, ժանրային սահմանափակում չկա: Հաղորդումը վերաբերում է բոլոր խմբերին, բայց այդ թվում՝ հայկական: Խմբեր կան, որոնք այնքան ասելիք ունեն, որ մի հաղորդումով հնարավոր չէ սահմանափակվել:

– 2003 թ.-ից ռադիոյում եք, հե՞շտ է ռադիոյում աշխատելը:

-Պատասխանատվությունը մեծ է, քանի որ ռադիոն ունի հետաքրքիր առանձնահատկություն՝ հիմնված է ձայնի վրա: Ի տարբերություն հեռուստատեսության, ռադիոլսողին չես կարող խաբել գույնով, դեկորացիայով: Մարդն իրականում այնքան ազնիվ պետք է լինի իր գործի մեջ, որ կարողանա փոխանցել ռադիոլսողին դրական հույզեր եւ ոչ մի դեպքում՝ քո վատ տրամադրությունը:

-Գիտեմ, որ համագործակցում եք նաեւ թատրոնի հետ:

-Համատեղում եմ, քանի որ դժվար է թատրոնից հեռանալը: Այժմ աշխատում եմ ազատ կոմպոզիտորի սկզբունքով: Գրում եմ երաժշտություն նաեւ անհատ հեղինակների համար, իսկ երբ ստացա Թատերական գործիչների միության երրորդ «Արտավազդ» մրցանակը, մարդկանց ավելի շատ սկսեց հետաքրքրել իմ երաժշտությունը: 2,5 տարի է՝ նաեւ աշխատում եմ «Արեւիկ» անսամբլի հետ: Հիմնական խումբը բաղկացած է 43 հոգուց, բայց կազմը հաճախ փոփոխվում է: Ընդունվում են 6-11 տարեկան երեխաներ: Ամեն տարի հանձնում են քննություններ, որ հասկանանք առաջընթացը:

-Ըստ ձեզ, ի՞նչ վիճակում է այսօրվա երաժշտական աշխարհը:

-Սարսափելի վիճակում է, անկայուն ու ցածր մակարդակի վրա: Անհատականություն չունեցող գործեր են ծնվում, որոնք ակնթարթի նման ծնվում են ու անհետանում: Սերունդ է մեծանում, ու պետք է արժեքներ ստեղծել, ոչ թե…Վատն այնքան շատ է, որ ստեղծված լավն էլ մնում է ստվերում:

Զրուցեց ՎԱՐԴՈՒՀԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

07.08.2014 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031