Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանային լարվածությունը ոտքի է հանել Վանաձորի «Նժդեհ» աշխարհազորային ջոկատին

Օգոստոս 07,2014 19:42

Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող լարված իրավիճակը ոտքի է հանել նաեւ վանաձորցիներին:

Թեեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս Վանաձոր այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ լարվածությունը գնալով կթուլանա, այնուամենայնիվ, Վանաձորի «Նժդեհ» աշխարհազորը գլխավորությամբ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանի, տարածած հայտարարության մեջ պատրաստակամություն է հայտնում իր խորհուրդներով և գործողություններով օգնելու սահմանին կանգնած զինվորին:

«Արդեն որերորդ անգամ թշնամին, իրեն հատուկ նենգությամբ դրժելով խոստումը, որը հաստատված է միջազգային փաստաթղթերում դրված իր ստորագրությամբ, սահմանախախտ խարդավանքով փորձում է խուժել մեր խաղաղ կյանք՝ վտանգելով մեր Հայրենիքի անդորրը։ Փառք Հայոց բանակին, որ մեծ զգոնությամբ իր հսկողության տակ առած լինելով երկրի պաշտպանությունը՝ արժանի հակահարված է տալիս՝ ետ շպրտելով ու մեծ կորուստներ պատճառելով ոսոխին։

Վանաձորի «Նժդեհ» աշխարհազորային ջոկատը, որ կազմավորվել է 80-ականների վերջին և Անկախության բանակի դրոշի ներքո իր արժանի մասնակցությունը բերել Արցախյան հերոսամարտին, չի կարող անտարբերությամբ նայել թշնամական հարձակումներին, մանավանդ երբ այսօր էլ մի քանի մատաղ կյանք է զոհ գնացել Հայոց երկրի և Հայության պաշտպանության սուրբ գործին։ Չէ՞ որ ժամանակին ձևավորված մեր և մեզ նման բազմաթիվ ջոկատների՝ անխուսափելի կորուստներով լեցուն պայքարը գալիք սերունդների ապահովության և անդորրի համար էր։

Արդ՝ Վանաձորի «Նժդեհ» աշխարհազորը պատրաստակամ է՝ իր խրախուսալից և ոգեշունչ մասնակցությունը բերելու այս պայքարին ևս, որն անպայման կոգևորի մեր բանակի առյուծ զինվորներին, մեր խորհուրդներով և գործողություններով օգնելու թե ընդհանուր սուրբ գործին, թե հենց հայ զինվորների կյանքի պաշտպանությանը»,-ասված է հայտարարության մեջ:

Ջոկատն սպասում է ՀՀ եւ ԼՂՀ նախագահների պաշտոնական կարգադրությանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031