Համազգային թատրոնի նոր շենք կառուցելու հարցը առայժմ առկախ է, չնայած տարածք է հատկացվել, որը վեճերի առիթ է եղել ճարտարապետների շրջանում, նրանք միմյանց անգամ ճիզվիտ ու հիվանդ են անվանել: ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանն է կազմել Համազգային թատրոնի նոր շենքի մակետային նախագիծը:
Aravot.am-ը Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանից հետաքրքրվեց՝ արդյոք հարցը չի՞ «քնել» լուսահոգի Սոս Սարգսյանի մահվանից հետո:
«Չի քնել, ընդհակառակը, թատրոնի շենքի տարածքը հատկացված է, մենք էլ բացել ենք «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամ եւ կոչ ենք արել մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր ցանկություն ունեն, ներդրումներ անել այս հիմնադրամում: Շենքի կառուցումը մի քանի փուլի է բաժանված: Առաջին քայլերը արվելու են հիմնադրամի միջոցների հաշվին եւ դրա համար պետք է դրամահավաք իրականացնենք: Որոշակի գումար հավաքվելուց հետո մենք կսկսենք նյութական գործողությունները»,-ասաց թատրոնի տնօրենը:
Հարցրինք՝ Հայաստանում հայտնի գործարարներ, հարուստ մարդիկ մասնակցե՞լ են այդ դրամահավաքին: «Դեռ… Կան նվիրատուներ, բայց հանրապետությունում հայտնի որեւէ գործարար չի մասնակցել այդ նպատակով դրամահավաքին»,-ասաց Վարդան Մկրտչյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ