Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Հակամարտության կարգավորումը գտնվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համար շատ պատասխանատու փուլում»

Օգոստոս 07,2014 18:59

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան հայտարարությունն ուղղված միջազգային հանրությանը`վերջին իրադարձությունների առիթով Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը համարում է հերթական անհեթեթությունն Ադրբեջանի կողմից: Ուստի, անգամ, մեկնաբանությունների խնդիր չի տեսնում. «Համաշխարհային պատմության մեջ դեռեւս ոչ մի անգամ պատժամիջոցներ չի կիրառվել սեփական պետության անվտանգությունը եւ պաշտպանությունը ապահովող պետության նկատմամբ: Իմ կարծիքով ադրբեջանցիները իրենց այդ քայլով հույս ունեն իրենց ավանտյուրաներում ներքաշել արտաքին ուժերին, փորձելով օգտվել ժամանակակից աշխարհում ստեղծված իրավիճակից: Իրենց հաշվարկներում ամենայն հավանականությամբ ԼՂՀ հիմնախնդիրը խեղաթյուրելու հերթական առիթն են ցանկանում ստեղծել: Միակ բանը, որ այսօր Ադրբեջանը կարող է անել, դա սահմանային բախումների միջոցով լարվածության ավելացումն է: Դա էլ ինչպես տեսնում եք, ի պատիվ մեր ամուր բանակի,ունենում են անփառունակ ավարտ` դիվերսիոն խմբավորումների համար»:

Դիտարկմանը` ճիշտ չէ, որ հայկական կողմն էլ պատասխան հայտարարություններով հանդես գա` միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի ներքին իրավիճակի վրա, Արտակ Զաքարյանն ասաց, որ Ադրբեջանում ներքին իրավիճակն իրականում մտահոգության առիթներ տալիս է, եւ այն պարբերաբար հայտնվում է միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում: «Բայց այսօր առավել քան մտահոգիչ են Ադրբեջանի շարունակվող սպառազինության ծավալները:Դրանք պետք է վերահսկողության ենթարկվեն միջազգային հանրության կողմից, քանի որ ուղղակի սպառնալիք են ողջ տարածաշրջանի անվտանգությանը»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրան, ի դեպ, ոգեւորում է մեր հասարակության միասնական արձագանքը եւ այն ոգին, որն այս օրերին իշխում է Հայաստանում եւ Արցախում: «Սա եմ ես համարում ադեկվատ»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորն` արձագանքելով հարցին` ադեկվատ է համարում միջազգային հանրության արձագանքը վերջին իրադարձություններին: Ինչ վերաբերվում է միջազգային հանրության արձագանքին, ապա, Արտակ Զաքարյանի կարծիքով, Ադրբեջանը միշտ էլ թքած է ունեցել  միջազգային հանրության հորդորների եւ կոչերի վրա. «Ի տարբերություն պաշտոնական Բաքվի, մեզ համար միջազգային հանրության արձագանքը միշտ եղել է կարեւոր եւ մենք հարգանքով ենք մոտենում դրանց: Հասկանալի է, որ այս անգամ եվս պարիտետը պահելու խնդիր է դրված բոլոր հայտարարություններում: Մի բան շատ կարեւոր եմ համարում, բոլոր հայտարարություններում հստակ շեշտադրված է եղել խաղաղության պահպանման ու խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Դրա համար ճիշտ ժամանակն է որպեսզի միջազգային հանրությունը ալիեւյան հանցավոր վարչակազմին սաստող հայտարարություններ անի եւ միջոցներ ձեռնարկի, որպեսզի Ադրբեջանն ընդունի եւ հարգի բանակցություններում ձեռքբերված պայմանավորվածություններն ու առաջարկությունները: Որովհետեւ իմ տպավորությամբ հակամարտության կարգավորման գործընթացը ներկայումս գտնվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համար շատ պատասխանատու փուլում»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031