Ռուսաստանի կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է առաջարկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ստորագրելու Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու համաձայնագիրը:
Aravot.am-ը ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանից հետաքրքրվեց՝ սա նշանակում է իրականությո՞ւն է դառնում ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու նախագիծը:
Պարոն Իգիթյանը նախ հիշեցրեց Աստանայի հանդիպումը, երբ Հայաստանը ներկայացնում էր, որ պատրաստ է Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը և մնացել են ընդամենը մի քանի տնտեսական խնդիրներ: Նույնը հնչեցրել էին նաև մյուս անդամ երկրների ներկայացուցիչները՝ բացի Նազարբաևից. նա առաջ էր քաշում ԼՂՀ-ի հետ ՀՀ-ի մաքսակետի հարցը, ինչը ՀՀ իշխանությունների կողմից չարժանացավ համարժեք արձագանքի: Հովհաննես Իգիթյանի ձևակերպմամբ՝ «Սերժ Սարգսյանը միայն ջղային աչքերով նայեց Նազարբաևին»:
Պարոն Իգիթյանը նաև հիշեցրեց այն, որ ՀՀ կառավարությունը խնդրանք-առաջարկով հանդես եկավ, որ Մաքսային միությունը առնվազն 900 ապրանքատեսակների մասով թույլ տա ՀՀ-ին ունենալ բացառություն՝ ցածր մաքսատուրքերի հարցով:
Կարդացեք նաև
Դառնալով ներկայիս իրավիճակին, պարոն Իգիթյանը կարծում է, որ քիչ բան է փոխվել ու նշում. «Արդյոք այդ հարցերը լուծվա՞ծ են: Այս պատասխանը չգիտեմ՝ ումից ստանալ: Գուցե ՀՀ իշխանությունների՞ց փորձեք իմանալ, քանի որ նրանք այս մասին չեն խոսում. ես լսում եմ Ղրղըզստանի վարչապետին, Ղազախստանի ԱԳ նախարարին, ՌԴ-ի ինչ-որ չորրորդական չինովնիկներ են հայտարարում, թե ՀՀ-ն պատրաստ է և շուտով դառնալու է Եվրասիական տնտեսական միության անդամ: Բայց չէ՞ որ այդ հարցերը ՀՀ-ի կապրիզը չեն, առանց առնվազն այս երկու հարցերի լուծման, Հայաստանն ընդհանրապես չի կարող լինել այս ալիանսի անդամ»:
Պարոն Իգիթյանի կարծիքով՝ կրկին պահն է եկել, երբ Հայաստանը պետք է Ռուսաստանին, ինչպես սեպտեմբերի 3-ին և կրկին Ռուսաստանը օգտագործելու է Հայաստանին. «Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանին պետք էր, որ Հայաստանը հայտարարություն աներ՝ Մաքսային միությանը միանալու համար: Դա ուղղված էր Ուկրաինայի դեմ, Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթնաժողովը տապալելուն: Հետագայում, երբ Ուկրաինայի հարցը դուրս եկավ օրակարգից, Հայաստանի անդամակցության հարցը մղվեց երկրորդ պլան: ՌԴ-ին, Ղազախստանին և Բելառուսին Հայաստանը պետք չէ ոչ այս ալիանսում, ոչ էլ ընդհանրապես: Հիմա իրավիճակն այլ է: Ռուսաստանն այսօր միայնակ է, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը ցույց տվեց, որ ոչ մի երկիր Ռուսաստանի կողքին չկանգնեց: Այս իրավիճակում Ռուսաստանը փորձում է զարգացնել նորից նույն խաղը. ուզում է սրանով ուղղակի ընդգծել, թե նայեք Հայաստանն իմ կողքին է, կան երկրներ, որոնք այս պարագայում պաշտպանում են իմ արտաքին քաղաքականությունը»:
Պարոն Իգիթյանը զարմանում է, ինչ է՝ Նազարբաևը փոշմանե՞ց, էլ չի՞ գտնում, որ ՀՀ-ն մաքսակետ պիտի ունենա ԼՂՀ-ի հետ, թե՞ Ալիևը թղթի ու գրիչի տեղը չգիտի, որ նամակ գրի Նազարբաևին և Պուտինին, թե դեմ եմ, որ Հայաստանը մտնի առանց ԼՂՀ-ի հետ չունենալով որևէ տնտեսական սահման»:
Պարոն Իգիթյանը չի բացառում, որ ստորագրություն կլինի, բայց նաև նշում, որ դեռ այս ամենի իրականացման գործընթացը պիտի ընթանա ու ընդհանրապես հունվարի 1-ից պետք է գոյություն ունենա Եվրասիական տնտեսական միությունը, օրենսդրական ու վարչական քայլեր պիտի արվեն. «Իսկ Ռուսաստանին ՀՀ-ն պետք է այսօր, հիմա, և չեմ բացառում, որ Պուտինը Հայաստանին այս առաջարկը կամ պահանջը ներկայացնի Սոչիում: Պարզ երևում է, թե ինչ պետք է Ռուսաստանը պահանջի Ադրբեջանից, բայց պարզ չէ, թե ինչ պիտի պահանջի Հայաստանից: Այս իրավիճակում Ռուսաստանը կարող է Հայաստանին ասել, թե ես կփորձեմ սանձազերծել Ադրբեջանին, դու ստորագրի այս փաստաթուղթը: Նորից գալիս ենք այս շանտաժային քաղաքականությանը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ