Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտադիր կուտակայինը խոչընդոտում է գիտակրթական համակարգի երիտասարդացմանը»

Օգոստոս 07,2014 16:31

«Թվով 9 հոգի Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմներ ինստիտուտից հունիսի 31-ին ազատվեցինք աշխատանքից, միայն այն պատճառով, որ չընկնեինք կենսաթոշակայինի թակարդի մեջ»,- այսօր` օգոստոսի 7-ին, «Ուրբաթ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին գիտաշխատող Տիգրան Գրիգորյանը:

Նա կարծում է, որ «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» մասին օրենքը դիտավորյալ է ամսվա վերջին օրերին ընդունվել, որպեսզի մարդիկ կողմնորոշվելու հնարավորություն չունենան: Նա նշեց, որ աշխատանքից դուրս են եկել այն մարդիկ, որոնք իրազեկված են եղել եւ մի քանի օրվա ընթացքում կարողացել են որոշում կայացնել: Տիգրան Գրիգորյանը համարում է, որ օրենքի ընդունումը մի քայլ էր, որը խոչընդոտում է գիտակրթական համակարգի երիտասարդացմանը, եւ նա չի ուզում, որ իրենց կատարած քայլը դիտվի այնպես, որ երիտասարդները չեն մտածում գիտական համակարգի մասին.

«Մեր քայլն ուղղված չէ համակարգի խարխլմանը, պարզապես, անձամբ իմ համար, սա մի քայլ է, որ նշանակում է, որ ես կարիք չունեմ ունենալու կառավարության աջակցությունը գիտությունով զբաղվելու համար: Իմ բոլոր կատարած աշխատանքները շարունակում են պատկանել իմ երկրին, իմ հանրապետությանը, ես շարունակում եմ աշխատել հօգուտ իմ հայրենիքի, բայց ես չունեմ կառավարության աջակցության կարիքը, մասնավորապես` կրթության եւ գիտության նախարարության»:

Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին գիտաշխատող Գրիգոր Պետրոսյանը հավելեց, որ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության հետ պատրաստվում են ստեղծել այլընտրանքային կրթական համակարգ, որի շրջանակներում երիտասարդ գիտնականները, առանց որեւէ եկամուտի, իրենց գիտելիքները կկիսեն երիտասարդ սերնդի հետ.

«Եթե ես պատրաստ եմ առանց որեւէ գումարի իմ գիտելիքը կիսել, ստեղծե’ք գոնե այնպիսի միջավայր, որ ինձ վնաս չտա գիտությամբ զբաղվելը: Ընդհանրապես չենք ուզում փնովել գիտական համակարգը, պարզապես նվիրյալ մարդկանց խումբ կա, որոնք փորձում են իրենց գիտելիքը կիսել երիտասարդ սերնդի հետ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031