«Ես հայկական կողմում խուճապ չտեսա, ուղղակի իրավիճակի փոփոխություն կա: Դրան հաջորդեց մոբիլիզացում: Հիմա գոնե խոսքով դա տեղի ունեցավ, երբեմն էլ գործով դա տեղի ունեցավ: Պարզապես այստեղ պահեր կան, որ մենք էլ պետք է դասեր քաղենք: Օրինակ, հասկանալի չի՝ ո՞նց է պատահում, որ դիվերսիոն խումբը կարողանում է այնքան մոտենալ մեր դիրքապահներին, որ առանց զենքի նրան բռնացնում է եւ նա ստիպված է լինում անզեն մարտնչելու:
Ի վերջո չեմ կարծում, որ խեղճ զինվորը 1 կմ հեռացել էր դիրքից, մի 100-150 մետրի վրա էր: Ու այստեղ մենք գալիս ենք նրան, որ միգուցե վերջին շրջանում հնչող այն մտքերը, որ պետք են նոր տեխնիկական միջոցներ սկսեն օգտագործել: Եթե ոչ ամեն տեղ, բայց գոնե տեղեր կան, որ դրա անհրաժեշտությունը շատ է, եկեք մտածենք: Ես վստահ եմ, որ հաստատ դրա տեխնիկական լուծումը մենք կկարողանանք ճարել»,- Aravot.am-ի հետ զրույցում շփման գծում իրավիճակի մասին այսպիսի գնահատական տվեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, դիվանագետ Արա Պապյանը:
Մեր հարցին՝ Ադրբեջանն, ըստ Ձեզ, պատրա՞ստ է լայնամասշտաբ ռազմական գործողություններ ծավալել, թե՞ ոչ, ինչի՞ են տանում այս կրակոցները՝ Արա Պապյանը պատասխանեց. «Չէ, ես չեմ կարծում, որ պատրաստ է: Նախ, ինքն այնպիսի պատասխան ստացավ, որ դեռ երկար պիտի մտածի: Մյուս կողմից, Ադրբեջանի պատրաստ լինելը դեռ քիչ է: Պատերազմ սկսելու պարագայում Ադրբեջանը կվտանգի նավթամուղ, գազամուղ, նավթի հանքեր եւ այլն: Սա թեեւ Ադրբեջանի տարածքում է, բայց միայն Ադրբեջանի սեփականությունը չի:
Այնտեղ հսկայական ներդրումներ կան կատարված, ընկերություններ կան, որոնք շահույթի ակնկալիք ունեն, ստանում են, բացի այդ, նույն Իլհամ Ալիեւը դրանից հսկայական փող է գրպանում: Այնպես որ, ես չեմ կարծում, որ նրանք լայնամասշտաբ պատերազմի կգնան՝ հրետանու եւ հրթիռների կիրառմամբ կամ ավիացիայի կիրառմամբ: Բայց ես կարծում եմ, որ, ցավոք, կշարունակվի դեռ էսկալացիայի՝ գրոհների այս մակարդակը: Դիպուկահարների եւ դիվերսիոն գործողությունները դեռ կշարունակվեն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Իմ կարծիքով դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ պայքարի առումով ՊՆ-ի գնահատականն առավել քան բարձր է, իսկ եթե հաշվի առնենք, որ սահմանում մարտական հերթապահությունն իրականացվում է հենակատային եղանակով, ապա առավել հստակ կդառնա, թե մեր զինվորներն ինչպիսի արիությամբ ու հնարամտությամբ են կատարել իրենց վրա դրված մարտական խնդիրը: Իրավիճակն այլ է թիկունքում առաջացող խնդիրներն ապահովող կառույցների հետ կապված, մասնավորապես համագործակցությունը ՏԻՄ մարմինների, ԱԱԾ տեղի կառույցների, Ոստիկանության համակարգի և ՊՆ-ի միջև 0-ին մոտ է և այստեղ է, որ պետք է վեր հանվեն թերություններն ու բացթողումները, պատժվեն անգործներն ու համակարգերից հեռացվեն նրանք, ովքեր ի զորու չեն հասկանալու և համարժեք գնահատելու ստեղծված իրավիճակը: Թիկունքային շրջաններում դիվերսանտների հայտնաբերման և նրանց հավանական գործունեության կանխարգելմանն ուղղված ինչպիսի գործողությունների են դիմել ԱԱԾ տարածքի մարմինները, իհարկե բացի թուղթ մրոտելուց: Հենց այստեղ է, որ պետք է երեվար կենտրոնացված և համահունչ կառավարումը, ինչը ցավոք չկար: Հերթական անգամ Հայ զինվորի հաշվին փորձում են Դրախտ ներխուժել: