Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի Նախագահ, ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի ընտրված անդամ, ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի հրավիրված պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), գեներալ-մայոր Հայկ Սարգսի Քոթանջյանը խնդրեց ԻԱ ՌԵԳՆՈՒՄ-ի խմբագրությանը հրապարակել իր հետևյալ հայտարարությունը:
Ադրբեջանի Նախագահ պ-ն Իլհամ Ալիևի պաշտոնական կայքում 2014 թ. օգոստոսի 6-ին «Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը այցելել է N-րդ զորամասը Աղդամում» վերնագրով տեղադրվել է նրա ելույթի տեքստը: Տվյալ ճառում հարևան պետության ղեկավարն իրեն թույլ է տվել Հայաստանի Հանրապետության հասցեին արտահայտություններ, որոնք գռեհկորեն խախտում են միջպետական հարաբերությունների ընդունված նորմերը:
Ադրբեջանի ղեկավարի ելույթի պաշտոնական տեքստից մի հատված ունի հետևյալ տեսքը. «…Եթե հայկական ֆաշիստական պետությունը չհրաժարվի իր կեղտոտ ձեռնարկումներից, ապա հայկական պետության գոյությունն, իսկ կարող է հայտնվել հարցականի տակ…»:
Որպես Հայաստանի քաղաքական գիտությունների ասոցիացիայի Նախագահ իմ պարտքն եմ համարում նշել, որ նման հայտարարություններն ընդունելի չեն պաշտոնական միջպետական առնչություններ ունեցող հարևան պետությունների ղեկավարների համար:
Կարդացեք նաև
Իր անզուսպ և միանգամայն չարդարացված սահմանումներով Ադրբեջանի Նախագահ պ-ն Իլհամ Ալիևը գռեհկորեն խախտել է միջպետական հարաբերությունների նորմերը, որոնք հաստատված են «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով»: «Ֆաշիստական պետություն» ձևակերպումը, որը Հայաստանի Հանրապետության հասցեին հնչեցրել է Ադրբեջանի Նախագահը, կարող է միայն խոչընդոտել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահ Ռուսաստանի Դաշնության Նախագահի հրավերով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայանալիք հանդիպման հաջողությանը:
Պատիվ ունեմ հույս հայտնելու, որ հարևան պետության ղեկավարի նման՝ միջպետական հարաբերությունների միջազգային նորմերին անհարիր, արտահայտությունները այլևս չեն կրկնվի:
Հայկ Քոթանջյան
Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի Նախագահ
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար