Ինչպես հաղորդում է ԲՀԿ պաշտոնական կայքէջը՝ հաշված ամիսներ ու մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ու Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչները կկարողանան նորակառույց եկեղեցիներում իրենց աղոթքն առ Աստված հղել: Երբևէ սեփական եկեղեցին չունեցած բնակիչների տասնամյակների երազանքը կյանքի է կոչվում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ: Նոր Հաճնի Ամենափրկիչ և Նուբարաշենի եկեղեցիներում այսօր տեղադրվել են զանգերը:
Յուրաքանչյուր նախաձեռնության դեպքում, առավել ևս, երբ դա եկեղեցաշինությանն ու Աստծո տանն է վերաբերում, անհրաժեշտ է սրտացավություն ու հետևողականություն: Ստանձնելով եկեղեցիների կառուցումը՝ Գագիկ Ծառուկյանը մշտապես հետևել է ընթացող աշխատանքներին՝ աջակցելով ցանկացած հարցում:
Դեռևս 2010 թ-ին քաղաքի հիմնադրման 52-ամյա տարեդարձը տոնելիս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, բազմաթիվ նոր հաճնցիների խնդրանքին ընդառաջ, հենց տեղում խոստացավ իրականություն դարձնել նրանց տասնամյակների փափագը: Կոտայքի մարզի Նոր Հաճնի ավելի քան 12 հազար բնակիչներ քաղաքի նորակառույց եկեղեցում շուտով իրենց աղոթքն առ Աստված հասցնելու հնարավորություն կունենան :
Տասնամյակներ շարունակ ավելի քան տասը հազար բնակիչ ունեցող Նուբարաշեն վարչական շրջանը եկեղեցի չի ունեցել: Բնակիչներն ապավինել են հարևան համայնքներին: Դեռևս 2012թ-ին համայնքի բնակիչներն անձամբ էին խնդրել Գագիկ Ծառուկյանին՝ աջակցել համայնքում եկեղեցի կառուցելու գործում: Կառուցվող այս եկեղեցին ԲՀԿ նախագահի նվերն է նուբարաշենցիներին՝ համայնքի 80-ամյա տարեդարձի առթիվ: Ինչպես համայնքի բնակիչներն են ասում՝ վերջապես իրականություն դարձավ երկար տարիների իրենց ամենանվիրական փափագը: Եկեղեցին կառուցվում է ի հիշատակ 1915թ-ի Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի: Եկեղեցու բացումը նախատեսվում է 2015թ-ին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: