Երբ Ռուսաստանն այսօր գտնվում է միջազգային սանկցիաների տակ, հնարավո՞ր է Հայաստանը որոշի Եվրամիության հետ ստորագրել ասոցացման համաձայնագիրը հարցին՝ այսօր էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասաց. «Եվրամիության հետ մեր վերջին այցելության ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, ընդ որում՝ բոլոր գլխավոր տնօրինությունների հետ, որ մենք շարունակելու ենք խորացնել ու ընդլայնել մեր համագործակցությունը եվրոպական մեր գործընկերների հետ: Խնդիրը կայանում է ձեւաչափի ընտրության մեջ»:
Ըստ Կարեն Ճշմարիտյանի, սեպտեմբերին Եվրամիության իրենց գործընկերների հետ կազմելու են համատեղ աշխատանքային խումբ, որը մշակելու եւ քննարկելու է առկա իրավիճակը. «Դրանից հետո կառաջարկեն որոշակի ձեւաչափեր, այդ ձեւաչափերն ընտրելուց հետո հոկտեմբերին նախատեսվում է Բրյուսելում անցկացնել համագործակցության կոմիտեի նիստ, եւ այդ համաձայնագրի շրջանակներում, մեր աշխատանքները շարունակելու ձեւաչափն ընտրելուց հետո, կշարունակենք մեր համագործակցությունը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ