Հայոց աշխարհում բարդ ու անկանխատեսելի իրադարձություններով լի եղավ 2014 թվականի ամառը: Խնդիրներն անչափ շատ են ու երբեմն անլուծելի են թվում: Ներքաղաքական իրավիճակն անբարենպաստ է, արտագաղթը` շոշափելի, գումարած դրան` սոցիալ-տնտեսական դժվարին կացություն, էլեկտրաէներգիայի թանկացում և դրանից բխող բազմաթիվ թանկացումներ: Եվ ամենագլխավորը` Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին կախված արտաքին մարտահրավերներ:
Ռուսաստան-Արևմուտք հակամարտության համապատկերին մեզ համար ճակատագրական Արցախի խնդրի առկախված վիճակը, Ադրբեջանի սպառնալից կեցվածքը, միլիարդավոր դոլարների արդիական սպառազինության ձեռք բերումը, սահմանային միջադեպերն ու դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձերը և դրանց հետևանքով հայ զինվորների կորուստները սահմանագծում: Ադրբեջանն օրեցօր լկտիանում ու ավելի համարձակ էր դառնում: Նավթադոլարների հաշվին ձեռք բերելով նորագույն զինտեխնիկա, իսկ «խավիարային դիվանագիտության» արդյունքում ստանալով որոշակի թվացյալ առավելություններ, Բաքուն բացեիբաց հայտարարում էր Ղարաբաղյան հակամարտությունը զենքի ուժով լուծելու և մեզ հետ դաժան հաշվեհարդարր տեսնելու մասին:
Մռայլ և ամպոտ էր Հայոց աշխարհում: Շարքային քաղաքացիների և նույնիսկ քաղաքական որոշ ուժերի մոտ պարզ զգացվում էր ճնշվածություն, շփոթություն և նույնիսկ` հուսահատություն:
Հուլիսին թուրքերն ավելի լկտիացան և անցան բացահայտ ագրեսիվ գործողությունների: ՀՀ և ԼՂՀ սահմանների ողջ երկայնքով խոշոր տրամաչափի գնդացրային զենքերից վարվող փոխհրաձգությունը չէր լռում, իսկ երբեմն գործի էին դրվում նաև նռնականետներ: Հետախուզական դիվերսիոն խմբերի ներխուժման փորձերը հաջորդում էին միմյանց: Ճիշտ է, այդ բոլոր կանխվեցին Հայկական բանակի կողմից, բայց եղան նաև զոհեր:
Կարդացեք նաև
Ամսվա վերջին տասնօրյակում հակառակորդը հաշվի չառնելով սեփական անհամեմատ մեծ կորուստներն ու միջազգային բոլոր պայմանավորվածությունները, նոր թափ հաղորդեց իր ելուզակային հարձակումներին: Իրավիճակն իրոք, բարդ էր և համբերելն ու հապաղելն արդեն հավասարազոր էին դառնում սեփական անկարողության ընդունման:
Միջազգային հանրության շրջանում էլ (թե՛ բարեկամների, թե՛ չարակամների) նման կարծիք էր ձևավորվում: Մտածում էին, թե խե˜ղճ Հայաստան, ի±նչ է լինելու վիճակները, թուրքերը դրանց կուտեն, իսկ ռազմավարական դաշնակիցն էլ, ով զբաղված է իր սլավոն եղբայրների բարդ խնդիրներով, սիրախաղ է սկսել Ադրբեջանի հետ:
Եվ հանկարծ Բաքվի պայծառ ու արևոտ երկնքում ամենաիսկական ամպրոպ ճայթեց. ոտնձգություններին հետևեց Հայոց բազկի կտրուկ և անկասելի հարվածը: Հակառակորդը ցնցվեց ու երերաց, հայտնվեց նոկդաունի մեջ, քանի որ հօդս ցնդեցին տարիներ շարունակ փառաբանվող, խորհրդային լավագույն ու վատագույն ավանդույթները յուրացրած ադրբեջանական ագիտպրոպի կողմից անպարտելի հռչակված իրենց բանակի փուչիկը: Երկու երեք օրվա ընթացքում 50-60 զոհեր, 100-ից ավելի վիրավորներ, և ինչպես ասում են, կատարյալ ֆիասկո: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ձայնը մի քանի օր չէր լսվում, որովհետև խլացել էր իրենց դիակներն ու վիրավորներին տեղափոխող ուղղաթիռների հռնդյունից:
Ադրբեջանի խեղճ սանիտարական ավիացիան այդ օրերին այնքան չվերթեր իրականացրեց, որ հայտնվեց անգամ համացանցում: Երկրի ընդդիմությունը հարայ-հրոցը դրած բարձրաձայնում էր այդ մասին, Թուրքիայի ղեկավարությունն ու դիվանագիտական շրջանակներն ամեն օր ցավակցություն էին հայտնում կրտսեր եղբայրների մեծաթիվ կորուստների համար, իսկ Ադրբեջանում… երգում-պարում էին, կարծես ոչինչ չէր եղել: Այսինքն` պետք էր այդպես ցույց տալ:
Բայց աշխարհում հասկանում էին, թե ինչ է կատարվում և իրար հաջորդեցին Մինսկի խմբում եռանախագահող երկրների դիվանագետների հնչեցրած մտահոգությունները. անգամ նենգ Ալբիոնի դեսպանը հանդիպեց Արցախի հերոսին` Հայաստանի պաշտպանության նախարարին. չէ՞ որ Ադրբեջանում բրիտանական ունեցվածքին` «Բրիթիշ Պետրոլիումի» ներդրումներին ու շահույթներին վտանգ է սպառնում:
Մախաթը պարկում չես թաքցնի, իրականությունն անհնար էր կոծկել և հետևեց առաջին տխմար սուտը, իբր թե «գերագույն գլխավորը»` գեներալիսիմուս Ալիևը և պաշտպանության նախարար Հասանովն այդ օրերին երկրում չեն եղել, չգիտեն թե ինչ է կատարվել, այլապես լավ կղեկավարեին ու նման բաներ չէին լինի: Անտեղյակությունն իհարկե անմեղսունակություն չէ և մարդուն, այն էլ «գերագույնին» չի ազատում պատասխանատվությունից: Դրա համար էլ փադիշահը հագավ իր «կամուֆլյաժ» համազգեստը (խառնակ օրերին քողարկումն ու զգուշությունը լավ բան են) ու գնաց մխիթարելու և ոգեշնչելու իր զորքերին:
Կամակոր դարձած ու հաբռգած այս նորաթուխ «բոյեվիկը», որը մերժում էր երկու պետությունների նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու և ծայրաստիճան լարված իրավիճակը լիցքաթափելու մասին միջազգային միջնորդների բոլոր առաջարկները, իսկույն հանգստացավ ու համաձայնվեց Ռուսաստանի միջնորդությանը և օգոստոսի 8-ին կամ 9-ին կմեկնի Սոչի:
Այս ամենն իրեն-իրեն չստացվեց ու նաև անհերքելի վկայությունն է այն իրողության, որ ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, պաշտպանության նախարարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետից մինչև դասակի հրամանատար ու զինվոր, իրենց զուսպ կեցվածքով ու մարտական փառավոր ուղիով դեռ չեն ասել իրենց վերջին խոսքը: Համոզված եմ, որ հարկ եղած դեպքում այդ խոսքը կասվի, իսկ Բաքվում կիսատ մնացած գործերը կավարտվեն:
Սա մեր «օբերկոտի» արդյունքն էր և պատասխանը թուրքերին, համաշխարհային ու փոքր մասշտաբի բոլոր խաղացողներին: Հայկական բանակը Սասունցի Դավթի պես ոտքի կանգնեց, տեր եղավ իր երկրին ու ժողովրդին: Իհարկե, սա դեռ այն կոտն էր, որը մանուկ Դավիթը տվեց բադին-կոզբադինների ճակատին, բայց դեռ չենք թամբել Քուռկիկ-Ջալալին, դեռ չենք գոչում «Ով քնած է, ելե՛ք-կեցե՛ք», իսկ Թուր-Կեծակին դեռ չի հանվել պատյանից:
Ահա և մեր պատասխանը Չեմբեռլենին:
ԱՐՏՈՒՇ ԲԱԼՅԱՆ