2012 թ հունիսին շահագործման հանձնված Գորիսի տարածաշրջանի Հին Խնձորեսկի ճոճվող կամուրջով արդեն անցել է շուրջ 17.000 մարդ` թե Հայաստանից, թե արտերկրից:Կամուրջը բոլորին հնարավորություն է տվել հիանալու բնության անձեռակերտ հուշարձաններով, հաճելի օր անցկացնել բնության գրկում, ծանոթանալ մեր նախնիների կենցաղին, այցելել Մխիթար Սպարապետի գերեզմանին և այլն: Ու նաև կամրջի վրա սիրո խոստովանություն անել սիրած էակին, ինչպես դա արել է լեհ, հանրահայտ քինգբոքսիստ Գրիգորի Կիելպինսկին:
Կամրջի կառուցումը նախաձեռնած և հովանավորած գորիսեցի գործարար Ժորա Ալեքսանյանը, որի արմատները Խնձորեսկից են, և այդ կամուրջը նվիրել է իր ծնողների հիշատակին, օրնիբուն կամրջի մոտ է: Եվ դա ինքնանպատակ չէ: Դարձյալ նրա նախաձեռնությամբ, սկսվել են կամրջի շրջակայքում գտնվող քարանձավների մաքրման, բարեկարգման աշխատանքները: Արդեն ավարտվել է 2 քարանձավի մաքրումը, ընթացքի մեջ է ևս երկուսինը:Նախատեսվում է կամրջի շրջակայքում ստեղծել 300 տեղով հյուրանոց` ի հաշիվ քարանձավների:
Բացի դրանից, կստեղծվեն հանգստի ժամանակակից գոտիներ: Այդ նպատակները իրագործելու համար որոշվել է ստեղծել հիմնադրամ:Որպեսզի մարդիկ միշտ ապահով անց ու դարձ անեն կամրջով, Ժորա Ալեքսանյանը Գերմանիայից հրավիրել է անկախ փորձագետների, ովքեր արդեն ստուգել են կամրջի անվտանգությունը: Եզրակացությունը շուտով կուղարկվի:
Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Կարդացեք նաև
Գորիս